«Լիլիթ Գալստյանը մեզ ասում է՝ դուք ուզում եք մեր էլիտայից ազատվեք: Էլիտա ասելով՝ նկատի ունի վաստակավոր արտիստներին, օրինակ, շատ հարգարժան երգիչ Արմենչիկին»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ «ՀՀ պետական պարգեւների եւ կոչումների մասին օրենքում» փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ:
Նա ասաց, որ անձամբ լսում է «Մետալիկայից» մինչեւ ռաբիս, բայց եթե ինչ-որ մեկը իրեն կարողանա բացատրել, թե այդ չափանիշներով ինչո՞ւ է Արմենչիկը վաստակավոր արտիստ, իսկ Տիգրան Ժամկոչյանը՝ չէ, ինքը չի կարող հասկանալ. «Նույն ժանրի երգիչներ են, հայտնիության, լսելիության հետ կապված հարցեր դեռ կարող է ծագի, ինտերնետի այս դարում շատ լավ չափելի է դա: Պետությունը չպետք է որոշի՝ որ արտիստն է ժողովրդական: ՀՀ նախագահի հրամանագրով այսինչ մարդը ճանաչել է ժողովրդական, ժողովուրդը կարո՞ղ է որոշի: Ո՞վ է որոշել, որ ինչ-որ երգիչ պետք է լինի էլիտա, իսկ ասենք ատաղձագործը՝ չէ»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ ԽՍՀՄ-ում այլ նպատակով էր դա շնորհվում, այլ հարց,որ 2015-ին, երբ Արմենչիկը ստացավ ժողովրդականի կոչում, այդ ամենն արժեզրկվեց. «Դա ոչ թե Փելեշյանի մեղքն է, կամ մեկ այլ տաղանդավոր մարդու, դա պետության մեղքն է: Եթե պետությունը չի կարողանում լավ չափորոշիչ սահմանել, ուրեմն այս կոչումները չպետք է լինեն: Պետությունը պետք է զբաղվի, որ առաջին դասարանցին հասկանա՝ Արտաշ Ասատրյանը ստեղծում է ոչ թե արվեստ, այլ արհեստ, իսկ Առնո Բաբաջանյանը՝ արվեստ ու պետք է նմանվել նրան, սա է ամբողջ հարցը: Այսօր էլ չենք հասկանում՝ ինչու են այդ կոչումները: Այլ հարց է, որ հետո աղճատվեց, սրա տեղը մենք ի՞նչ ենք բերելու, առաջին դասարանցուն մենք ո՞ւմ ենք ցույց տալու: Չէի ուզում ասել, բայց դուք ինքներդ ձեր նախաձեռնությամբ ստեղծել եք «Ժամանակի հերոսը» մրցանակը, դո՞ւք եք որոշելու՝ ով է հերոսը, բա դա էլ չստեղծեիք, խի՞ եք ստեղծել»:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց անուններ չտալ. «Նույն Արմենչիկը լավ հանդիսատես ունի, ինքը իր բնագավառում լավ մասնագետ է, իր սիրողներին ունի: Այն մարդկանց անուններ եկեք տանք, որոնք չկան, կամ մեր երկրում չեն, որ չվերածենք մարդու քննարկման խնդրի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ