Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեր տունը պատրաստ չենք հանձնել եւ տեղ չունենք նահանջելու». Արթուր Սահակյան

Հունվար 15,2024 12:55

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի աշխատակիցները բողոքի ցույց արեցին ԿԳՄՍ նախարարության մոտ, քանի որ անձնակազմը մտավախություն ունի, որ թատրոնի նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանը պատրաստվում է ԿԳՄՍ նախարարությունում ստորագրել «Գոյի» եւ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի միավորման փաստաթուղթը:

«Գոյի» անձնակազմը դեմ է իրենց թատրոնը լուծարելուն եւ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի միանալուն: Ընդ որում` առայժմ գործը դատական փուլում է գտնվում:

«Մենք եկել ենք այստեղ տեղեկացնելու, որ քանի դեռ կան նման գործընթացներ, ձեր մեկնաբանությունները հակաօրինական են: Այսինքն` պետք է սպասել դատարանի որոշմանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Կարո Ասատրյանը:

«Գոյի» թատրոնի գլխավոր ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի (լուսանկարում) ձեւակերպմամբ, իրենք պահանջում են իրենց տունը չքանդել, չխլել իրենցից աշխատելու իրավունքն ու ազատությունը, հատկապես որ ոչ մի բան չեն ստեղծել եւ զբաղված են միայն քանդելով:

Արթուր Սահակյանի խոսքով. «Գոյ» թատրոնը արվեստի հերթական օջախն է, որը պատրաստվում են քանդել: Մեր պահանջն է՝ որպեսզի կարողանանք ազատ ստեղծագործել մեր հայրենիքում, պահանջում ենք մեզնից հայրենասիրության զգացումը չխլել, արգելվում է մեր կողմից՝ մեզ խելք սովորեցնելը: Այսօր կանչել են իրենց նոր նշանակած տնօրենի պաշտոնակատարին եւ մեր հաշվապահին եւ կադրերի բաժնի տեսուչին, որպեսզի ստորագրվի, որ իբր համաձայն ենք Սունդուկյանի հետ միավորվելուն, մինչդեռ դա իրենց պլանն է, իրենց վերնագիրը»:

Արթուր Սահակյանն ընդգծում է. «Մենք արդեն մեր ստորագրությունը դրել ենք դատարանի հայցի տակ եւ ուրիշ ստորագրություն չունենք դնելու: Եթե այդքան բանը անհասկանալի է, մեր փաստաբանը կբարձրանա վերեւ, նորից կշարադրի մեր դիրքորոշումը: Գնում է դատական գործ, այն գտնվում է վերաքննիչ դատարանում… Վարչական դատարանը կասեցնում է կառավարության որոշման իրագործումը մինչեւ դատարանի որոշում կայացնելը: Իրենք հատուկ տեղափոխեցին քաղաքացիական, որպեսզի կարողանան վաղը այնտեղ մտնել վերանորոգում անել, ինչ-որ կերպ կորզել այդ ստորագրությունը մեզանից:

Հնարավոր է, որ չեն ներկայանալու ոչ հաշվապահը, ոչ կադրերի բաժնի տեսուչը, եւ հնարավոր է՝ միանգամից ազատվեն աշխատանքից, ինչպես առանց նախազգուշացման ազատվեց մեր նախկին տնօրենի պաշտոնակատարը…Մեր դիրքորոշումը սա է՝ մենք ուրիշ ստորագրություն չենք դնելու, մենք թատրոնի մարդիկ ենք, ծառայում ենք այդ թատրոնում, դա մեր տունն է: Մենք մեր տունը պատրաստ չենք հանձնել եւ տեղ չունենք նահանջելու: Արդեն դեսպանատներ ուղերձ է գնացել՝ աջակցության եւ օգնության խնդրանքով: Մեր համոզմամբ, այս իշխանությունը առանց նրանց հետ խորհրդակցության, ոչ մի քայլ չի անում»:

Արթուր Սահակյանն ասաց, որ երթով շարժվելու են նաեւ դեպի Վերաքննիչ դատարան, որպեսզի պահանջեն, որ իր խոսքով՝ անօրինական գործը կասեցվի։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031