«Եկեք ֆիքսենք, որ պետական պարգեւների շնորհումը ԽՍՀՄ-ի ստեղծած բանն է, որեւէ մրցակցություն չի եղել: Երբ արտիստները չեն կարողացել գումար վաստակել՝ պետությունը որոշել է, որ էս մեկը լավն է, էս մեկը Կոմկուսին ձեռնտու է: Ուրիշ ոչ մի երկրում չկա՝ Լուչանո Պավարոտին, Մայքլ Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն, իրենք կան եւ եղել են մարդկության արժեք»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ «ՀՀ պետական պարգեւների եւ կոչումների մասին օրենքում» փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ:
Ինչպես տեղեկացրել ենք, 17 պատվավոր կոչումներ են սահմանված ՀՀ-ում, հիմա որոշել են, որ դրանք մեզ պետք չեն, խաթարում են առողջ մրցակցությունը:
Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ Հայաստանում այդ կոչումներին այսպես են վերաբերվել. «Ի՞նչ են արել՝ ծառայություն են մատուցել, գնացել են մեկի երեխու հարսանիքին լավ երգել են, նստած շեֆը ասել ա՝ սրան մի հատ կազմակերպեք, ժողովրդականի կամ վաստակավորի կոչում տվեք»:
Դահլիճից սկսեցին աղմկել, թե Արտավազդ Փելեշյանը ո՞ւմ հարսանիքին է երգել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «1000 հոգու ցանկից հանում եք Փելեշյանին, մականունավոր անձինք կան: Ես էդ ցանկը գիտեմ, կգամ՝ անուններ կտամ, մականունավորներ կան, որոնք երաժշտության ոլորտում վաստակավորի կոչում են ստացել: Փակեք էդ թեման: Բռնում էին, ով իրա անուն ազգանունը գրել չգիտի, գիտությունների թեկնածու էին գնում ստանում: Հիմա ենք ուղղում այդ սխալները: Հարգանքը եւ ժողովրդականությունը կոչումով չի որոշվում: Այդ էլիտաները չկան, էլիտան ժողովուրդն է: Էդ էլիտաներին հավաքեցիք, բերեցիք հրապարակ, հրաժարականները պահանջեցիք, պարզվեց՝ 0 վարկանիշ ունեն ժողովրդի մոտ: Եքա ինստիտուտները պարզվեց՝ զրո վարկանիշ ունեն: Դա չի պետությունը, որ գալիս են, կլկլացնում են հարսանիքներին ու էն չի պետությունը, որ ասում եք՝ դու էսօրվանից էսինչ մարդն ես, ուրեմն դու հեղինակություն ես: Ոչ մի զարգացած երկրում նման բան չկա: Դա սովետական ժառանգություն է, որը մնացել է: Մեծանուն մարդկանց, որոնց անունները տալիս եք, հլը մի հատ տեսեք ում են վաստակավորի կոչումներ տվել: Էլիտան դա չի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ