ԱԺ-ում, ինչպես տեղեկացրել ենք, քննարկում է ծավալվել «ՀՀ պետական պարգեւների եւ կոչումների մասին օրենքում» փոփոխությունների փաթեթի հետ կապված: Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանն ասաց, որ ներկայիս օրենսդրությամբ 17 պատվավոր կոչումներ են սահմանվել եւ վիճակագրություն հրապարակեց, որ վերջին 4-5 տարում 1181 կոչումներ են շնորհվել, հիմա գտնում են, որ դրանք պետք չեն, բացասաբար են ազդում բարոյահոգեբանական մթնոլորտի, առողջ մրցակցության վրա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ելույթում ասաց, որ դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը, այս պահին կենդանի 18 ժողովրդական արտիստներ ունենք՝ Փելեշյան, Մարտին Վարդազարյան, Հասմիկ Պապյան եւ այլն: Երբ պատգամավորները հարցնում էին՝ «Օսկարի» նման մեր պետությունը չի՞ կարող մրցանակաբաշխություն ստեղծել, փոխնախարարն ասել էր, թե մեր երկրում էլ «Ոսկե ծիրանը» կա:
Լիլիթ Գալստյանը նկատողություն արեց. «Նախարարը չպետք է շփոթվեր՝ ներկայացնելու, որ «Ոսկե ծիրանը» կա, դա ոչ թե մրցանակաբաշխություն է, այլ՝ միջազգային փառատոն»:
Հիմնավորման մեջ նշել են, թե պետական պարգեւներն ու կոչումները խաթարում են կադրային քաղաքականությանը, խաթարում են նույնիսկ հանրային համերաշխությանը: Լիլիթ Գալստյանն ասաց. «Լավ, գցենք, թե 1000 հոգի են այս խեղճ 18 ժողովրդականներն ու վաստակավոր կոչում ունեցողները, նրանք պիտի խաթարե՞ն Հայաստանի ներքին համերաշխությունը: Ուղղակի անհարմար է այս մակարդակի նախագիծ բերել խորհրդարան… Այս ազգային էլիտաները ձեզ պետք չեն, չի կարելի ամեն ինչ տանել նյութականի դաշտ՝ պարգեւավճար, պարգեւավճար: Մենք գործ ունենք հերթական անգամ եղած ավանդույթն ու ժառանգությունը մերժելու եւ ամեն ինչ քանդիչ 0 կետից սկսելու վարքագծի հետ: Վաղը, մյուս օրը պատմությունը կարձանագրի, թե այս վաստակավորներն ու ժողովրդականները ինչ հետագիծ են թողնելու մեր պատմության մեջ եւ ինչ հետագիծ է թողնելու քաղաքական մեծամասնությունը»:
Կարդացեք նաև
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Օ՜ֆ, աման, ընենց ելույթ լսեցի, մի քիչ հուզվեցի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ