ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի մեկնարկն էր այսօր:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը: Այն վերաբերում է խոշոր առեւտրային ցանցերին: Նախարարի խոսքով՝ խոշոր առեւտրի կենտրոնները մատակարարների հարցում ունեն խտրական վերաբերմունք, ձգձգում են մատակարարներին իրականացվող վճարումները, սահմանափակվում են նոր տնտեսվարողների մուտքը առեւտրային ցանցեր: Փոքր, միջին ընկերությունները տուժում են, կամ ստիպված են լինում համաձայնել առեւտրային ցանցերի պահանջներին: Հիմա նախագծով ամրագրվում է մատակարարի ընտրության հստակ պայմաններ ու չափեր ամրագրել, սահմանվում են վճարումների առավելագույն ժամկետներ՝ սննդամթերքի համար՝ 30 օր, ոչ պարենային ապրանքների համար՝ 60 օր: Խտրական մոտեցումներն արգելվում են, եթե դա չունի ողջամիտ հիմք:
Արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանը ներկայացրեց «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցում ու վերապատրաստում: Հերթական ստուգարքին երկու անգամ չստուգված ստանալու դեպքում կազատվեն աշխատանքից:
Մյուս նախագիծը, որ ներկայացվեց քննարկման, «ՀՀ պետական պարգեւների եւ կոչումների մասին օրենքում» փոփոխությունների փաթեթն էր: Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանն ասաց, որ ներկայիս օրենսդրությամբ 17 պատվավոր կոչումներ են սահմանվել. «Այս պատվավոր կոչումների շնորհումը ներկայումս բացասական ազդեցություն է ունենում առողջ մրցակցության, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա»: Ըստ նրա, պետք է վարկանիշային համակարգ ստեղծել ու ոլորտային մրցանակաբաշխություններ իրականացնել, որովհետեւ ըստ ուսումնասիրությունների, պատվավոր կոչումների ինստիտուտ առաջադեմ երկրներում չկա: Առաջարկվում է չեղարկել պարգեւները:
Կարդացեք նաև
ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը հարցրեց՝ եթե գոյություն ունեցող պարգեւները չեղարկվում են, դրանք փոխարինվո՞ւմ են այլ բանով՝ Արմենուհի Հարությունյանը պատասխանեց, որ պարտադիր չի, որ պետության՝ կառավարության կողմից մրցանակաբաշխություններ իրականացվեն, դրանք ոլորտային եւ մասնագիտական հանրույթի կազմակերպմամբ պետք է լինեն:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարցրեց՝ նախատեսվում է խրախուսելու արժանիքային այլ հենք, այլ գործիքակազմ, ի՞նչ գործիքակազմի մասին է խոսքը: Նա նաեւ ասաց՝ լավ կլիներ ներկայացնեիք վիճակագրություն, թե այս պահին ՀՀ-ում վաստակավորի, ժողովրդականի կոչմանն արժանացած քանի՞ անձ ունենք ու պետությունը նրանց նկատմամբ ի՞նչ պարտականություններ ունի: Փոխնախարարը պատասխանեց. «Պարտադիր չէ ժողովրդականի կամ վաստակավորի կոչում շնորհել այն անձին, ում մասին ժողովրդի մի ստվար հատված տեղեկություններ չունի: Գուցե ցավալի է, բայց փաստն այդպես է: Ինչ վերաբերում է վիճակագրությանը, այս տարիների ընթացքում շնորհվել է 1181 պատվավոր կոչում: Այն անձինք, ում տրամադրվել են այդ պատվավոր կոչումներն ու պարգեւները, իհարկե, պահպանելու են իրենց իրավունքներն ու արտոնությունները եւ համապատասխան գումարային չափը, որն իրենց շնորհվում է ամենամսյա կտրվածքով՝ այդ պատվավոր կոչումները ստանալու համար»:
ՔՊ-ական Լիլիթ Ստեփանյանն ասաց, որ սա կարծրատիպեր է կոտրում, բայց իր կարծիքով, կան մարդիկ, ովքեր իսկապես արժանի են այդ կոչումներին, օրինակ՝ Ռուբեն Մաթեւոսյաննն իսկապես ժողովրդական արտիստ է. «Այդ մարդիկ իրենց գործն են անում եւ պետությունը ամրագրում է ժողովրդի գնահատականը: Մի քիչ քննարկելու հարց կա»: Փոխնախարարը պատասխանեց, որ այդ պարգեւներ, տիտղոսներ շնորհելու կարգը մենք ժառանգություն ենք ստացել ԽՍՀՄ տարիներից եւ այդ ժառանգությունից հրաժարվելու պատեհ պահն ու ժամանակն է:
ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ասաց. «Ձեր նշած մյուս երկրներում «Օսկարի» մրցանակաբաշխություն կա, օրինակ, ու մարդիկ կարող են մասնակցել, հաղթել վարկանիշ եւ գումարներ: Մենք, որպես պետություն, կարո՞ղ ենք խթանել այդ մրցույթների կազմակերպումը, թե՞ ոչինչ չանելով՝ մտածում ենք՝ կգա մի օր, կլինի: Քաղաքական հստակ ձեւակերպված անելիքներ կա՞ն, թե՞ ընդամենը մերժում ենք նախորդ «արատավոր» որոշումները, չենք բերում նոր հայեցակարգեր»: Փոխնախարարը պատասխանեց, որ պարգեւատրված յուրաքանչյուրի ամսական 40 հազար դրամ է հատկացվում, «Օսկարն» էլ պետության կողմից չի իրականացվում, կինոմատոգրաֆիստների հանրույթն է ձեւավորել այդ տրադիցիան՝ ավանդույթը: Սա չի նշանակում, որ պետությունը այս կամ այն մասով չի աջակցելու, բայց միջամտել որեւէ մեկին մրցանակ շնորհելու հարցին, սա պետք է բացառել: Իսկ «Օսկարի» փոխարեն նա նշեց, որ ունենք «Ոսկե ծիրանը»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց՝ ի՞նչ է սրա արդյունքում ստանում պետությունը, այդ 40 հազարները ստանում են միայն ժողովրդական կոչում ստացածները, ի՞նչ խնդիր է լուծում պետությունը, ուզում է այդ 40 հազարները խնայել ու տալ ուրիշի՞ն, եթե դա է, կարող էին ասել՝ էլ 40 հազարները չենք տալու: Արմենուհի Հարությունյանը պատասխանեց, որ պետությունը միանշանակ խնայելու համար չի ուզում ոլորտը բարեկարգել:
Գեղամ Նազարյանը նեղսրտեց. «Որ ասում եք ժողովրդական արտիստներին չեն ճանաչում, ուրիշներին են ճանաչում, լավ չէ դա: Օրինակ, վերջերս հարցում էին արել՝ Առնո Բաբաջանյանին ճանաչեց երիտասարդների 14%-ը, իսկ ինչ-որ երգիչ կար՝ Արտաշ Ասատրյան, ճանաչեց 89%-ը, հիմա դա չափանիշ է, որ Արտաշ Ասատրյանի ավանդը ավելի մեծ է, քան Բաբաջայանի՞նը: Իհարկե, ոչ, բա պետության դերն ինչո՞ւմ է կայանում, որ խրախուսի իրոք արժեք ստեղծող մարդկանց»:
Փոխնախարարը պատասխանեց, որ երբեմն ժողովրդական կամ վաստակավոր լինելը բոլորովին կապ չունի այն անձի հետ, ում մենք ժողովրդականի կոչում ենք տվել: Նա թվարկեց անուններ. «Ծատուրյան Նիկոլայ, Չթչյան Գեղունի, Բալյան Վլադիլեն, Բաբայան Դավիթ, Միրզոյան Փարավոն, Սողոյան Ֆրիդրիխ… ամենայն հարգանքով այս արժանավորագույն մարդկանց նկատմամբ որեւէ մեկը մի՞թե ճանաչում են այս մարդկանց՝ որպես ժողովրդական»: Դահլիճից աղմկեցին, որ այո, ճանաչում ենք, փոխնախարարը հակադարձեց, որ եթե հարցում անեն, ժողովուրդը նրանց չի ճանաչում, ուստի պարտադիր չի ժողովրդականի կոչում տալով՝ հորջորջել, որ նրանց ժողովրդականությունն ապահոված է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ