Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կարգախոսը պետք է լինի այն, որ Արցախը միջազգային իրավունքով չի պատկանում Ադրբեջանին։ Այս դրույթի լույսի տակ Ադրբեջանը դառնում է զավթիչ ու ցեղասպան»

Հունվար 15,2024 13:30

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

– Պարոն Մանասյան, նախորդ տարեվերջին սպասվում էր, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պետք է հրապարակային չեղարկեր Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին իր հրամանագիրը, բայց Շահրամանյանը նման նախաձեռնությամբ հանդես չեկավ։ Ավելի վաղ, սակայն, Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները: Ի վերջո, մարդկանց մոտ հարցեր կան՝ Արցախը շարունակո՞ւմ է նախկին կարգավիճակով գոյություն ունենալ։

– Արցախի Հանրապետությունը ստեղծողը ժողովուրդն է, լուծարողը ժողովուրդն է։ Ժողովուրդն ունի ընտրյալ բարձրագույն մարմին՝ Ազգային ժողով, ունի Գերագույն դատարան, Արցախի Հանրապետությունն ունի Սահմանադրություն, եւ դրա լուծարումը նույնիսկ հնարավոր չէ առանց հանրաքվեի, որովհետեւ հանրաքվեով է ստեղծվել, եւ ժողովուրդն իշխանություններին տվել է այդ պետությունը պահպանելու, պաշտպանելու առաքելություն եւ պարտականություն, ոչ թե այն լուծարելու։ Կրկնում եմ՝ լուծարելու իրավունքը միայն ժողովրդին է պատկանում, պետության մեջ իշխանությունը ժողովրդին է պատկանում։ Հիմա շատ են խոսում այն մասին, որ նախագահ Շահրամանյանը Եվլախում փաստաթուղթ է ստորագրել։ Եվ ինքը, եւ ադրբեջանցիները, եւ մենք բոլորս գիտենք, որ դա կեղծ փաստաթուղթ է, իրավական ուժ չունեցող, որովհետեւ նախ պետք է հաշվի առնել այն պայմանները, որում ինքը դա ստորագրել է։ Ըստ էության դա բռնության ակտ է եղել։ Երկրորդը, պարոն Շահրամանյանն ինքն էլ հայտարարել է, որ իրավունք չի ունեցել այն ստորագրել, Սահմանադրությունը դա արգելում է, դա իրավիճակային փաստաթուղթ է եղել, որը հենց ստորագրության պահին իրավական ուժ չի ունեցել։ Բայց ինքը նաեւ հայտարարել է, որ իր ստորագրությունը չեղարկում է, որովհետեւ ինքն այդ իրավունքը չի ունեցել, որովհետեւ ժողովրդի կողմից ստեղծված պետությունը կարող է լիկվիդացնել միայն ժողովուրդը հանրաքվեով, եթե այդպիսի ժողովուրդ գտնվի աշխարհում։ Այնպես որ, այն բոլոր խոսակցությունները, թե լռություն է այդ թեմայի շուրջ, ես ինչ-որ տեղ անհարկի եմ համարում։ Միակ բանը, որը մենք պետք է ասենք, այն է, ինչ ադրբեջանցուն էլ հայտնի է, որ դա իրավական փաստաթուղթ չի եղել, ինչո՞ւ ենք մենք դա քննարկում։ Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությունը կարգավորում է այդ ամենը, թե որ դեպքում ով ինչ փաստաթուղթ ընդունելու լիազորություն ունի։ Եվ ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը հակասության մեջ է Սահմանադրության հետ։ Ստորագրվել է իրավիճակային մի բան, որպեսզի համեմատաբար խաղաղ ձեւով, առանց բռնությունների տեղի ունենար մարդկանց արտահոսքը։ Չնայած դրան, դարձյալ սադրանք եղավ, պայթեցվեց Ստեփանակերտի վառելիքի պահեստը։ Դրա մեջ անկասկած ադրբեջանական հետք կա։

Արցախը մեր արեւելյան սահմանների սահմանապահն էր եւ իր գոյությունը Հայաստանի Հանրապետության անվտանգությանն էր ծառայում։ Հենց իր առկայությամբ Արցախի Հանրապետությունը մեր անվտանգության կարեւորագույն երաշխիքներից մեկն է։

Խնդիրը միջազգայնացվելու է անկասկած, բայց այդ միջազգայնացման գործընթացում շատ կարեւոր դերակատարություն ունեն մեր հասարակական կազմակերպությունները, մեր բարեկամները միջազգային դաշտում, Արցախի Հանրապետությունը ճանաչած քաղաքաներն ու ԱՄՆ նահանգները։ Անկասկած, խնդիրը միջազգայնացվելու է, բայց մենք չպետք է նստենք ու սպասենք, թե երբ են այդ մասին խոսելու։ Կա շատ կարեւոր մի բան, որը խոշոր խաղացողները գիտակցում են, եւ դա այն է, որ մի ամբողջ ժողովրդի, որը հազարամյակներով այդտեղ ապրել է, եղել է տարածաշրջանի քաղաքական, մշակութային, տնտեսական պատմության կերտողներից մեկը, սպառնալիքի, ահաբեկչական գործողությունների ու սպանությունների միջոցով հարկադիր ելքի են հասցրել։ Եվ դա կարող է շատ վատ նախադեպ լինել միջազգային կյանքում, որովհետեւ դա լեգիտիմացնում է օրինական ճանապարհով կայացած պետության ոչնչացումը։ Եվ դա հակասում է միջազգային իրավունքի հիմնաքարերին, հիմքերին։ Աննախադեպ մի բան է եղել, պատմության մեջ այդպիսի դեպք չի եղել, որ պետություն հռչակած մի ժողովուրդ դուրս գա իր երկրից ահաբեկչական սպառնալիքների տակ։ Այնտեղ ուժերն այնքան անհավասար են եղել, որ մարդիկ փրկության համար դուրս են եկել։ Չի կարելի արցախցիներին մեղադրել դրա համար, հիմա Հայաստանում շատ տարածված է հարցադրումը, թե ինչո՞ւ են մարդիկ դուրս եկել Արցախից։ Այդ հարցադրումն անողները չեն էլ պատկերացնում, թե դա ինչ է։

Ես կարծում եմ, որ պայքարն առջեւում է։ Վերջերս «Արցախ հայրենասիրական կանչ» կազմակերպությունը հանդես է եկել մի հայտարարությամբ, որի վերջին նախադասությունը բովանդակային առումով շատ ճիշտ է՝ արցախցիներն ասում են, որ Արցախ վերադառնալու մեր ճանապարհն անցնում է հզոր Հայաստանով։ Այսինքն՝ իրենք ինչպես եղել են Հայաստանի հզորացման գործոններից մեկը, այնպես էլ այսօր են պատրաստ այդ դերն ստանձնել։ Բայց դրա համար նրանց պետք է լավ ընդունել, ոչ թե հարկադրել, որ դուրս գան Հայաստանից, խանգարել նրանց ներքին միասնությանը, նրանց մշակութային, պատմական, լեզվական ինքնության սյուների պահպանմանը։

– Այո, կարեւոր հարց եք բարձրացնում, որ չպետք է հարկադրել, որ արցախցիները արտագաղթեն Հայաստանից։ Բայց այսօրվա Հայաստանի իշխանությունը կարծես այնպիսի քաղաքականություն է վարում, որ արցախցիները հոգնեն ու հեռանան Հայաստանից։

– Մենք հստակ չգիտենք, թե իշխանություններն ինչ են որոշել, միայն եզրակացություններ ենք անում քայլերի հերթականությունից։ Իշխանությունն իր անելիքն ունի, բայց մենք էլ, հասարակությունը, հասարակական կազմակերպությունները, համայնքներն իրենց մակարդակում իրենց անելիքն ունեն այդ հարցում։ Արցախցիների համայնքային կյանքը կազմակերպելու, հոգսերը թեթեւացնելու աշխատանք կարող ենք իրականացնել։ Ոչ մի իշխանություն չի կարող բոլոր կարիքավորների տեղն իմանալ, այդ հարցը հասու է ստորադաս մարմիններին։

– Բայց արցախցիների իրավունքների հարցը միջազգային ատյաններում բարձրաձայնողը պետք է լինի Հայաստան պետությունը՝ որպես սուբյեկտ։ Եթե իշխանությունը քայլեր չանի այդ ուղղությամբ, հասարակական մակարդակով ի՞նչ կարելի է անել։

– Այս ուղղությամբ Հայաստանն ինչ-որ քայլեր կատարում է, դա դեռ բավարար չէ, բայց պետք է հուսալ, որ հասարակական ճնշման տակ իշխանությունը կարող է այդ աշխատանքն անել։ Շատ բան կախված է նրանից, թե Ադրբեջանն ինչպես կպահի իրեն, եթե ագրեսիվ պահի, դրան համարժեք պատասխան պետք է տալ։ Եվ այստեղ առաջ է գալիս գլոբալ հայության, հայկական աշխարհի մոբիլիզացիայի խնդիր։ Վերջիվերջո մենք կորցրել ենք Արեւմտյան Հայաստանը, հիմա կորցնում ենք Արցախը, դա նույն ծրագրի ծրագրավորված քայլեր են։ Եվ մենք պետք է գլոբալ աշխարհաքաղաքական հարցադրումների եւ իրողությունների դաշտում դա գիտակցենք։ Մեր գործողությունները ոչ թե պետք է լինեն լացը, անհասցե բողոքները, այլ կազմակերպված, համակարգված գործողությունները միջազգային բոլոր ատյաններում։ Օրինակ՝ Օկամպոն ուղղակի մեզ հասկացրել է՝ հավաքեք նյութերը եւ դիմեք մեզ, դատարանները լցրեք։ Մենք պետք է վկայությունների, փաստերի լեզվով խոսենք, այդ բոլորը հավաքագրենք, դա մեծ գործ է, որը պետք է արվի։ Եվ, իհարկե, պետք է կապեր հաստատել համաշխարհային մարդասիրական կազմակերպությունների, տրիբունալների, մեր բարեկամների հետ, որպեսզի Արցախի հարցը չկորցնի իր համաշխարհային ձայնը։ Ամբողջ աշխարհը պետք է դրա մասին խոսի, սա՝ որպես վտանգավոր նախադեպ, պետք է գիտակցվի մարդկության կողմից։

– Ադրբեջանը փորձում է, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրով» լեգիտիմացնել իր պատերազմական հանցագործությունները, մեկընդմիշտ փակել Արցախի հարցը։ Հայաստանի իշխանությունները դա անվանում են Հայաստանի անկախության ու ինքնիշխանության պաշտպանություն։ Եթե Բաքվի հետ որեւէ փաստաթուղթ ստորագրվի, Արցախի հարցը փակվելո՞ւ է։

– Ոչ ոք, ոչ Ալիեւը, ոչ Փաշինյանը, ոչ Պուտինը, ոչ Գուտերեշը իրավունք չունեն արգելել արցախցիներին՝ ինքնորոշվելու իրենց հայրենիքում։ Մեզանից շատերն ասում են՝ Փաշինյանն ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի 86 հազար քառակուսի կիլոմետրը։ Այնուամենայնիվ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մնում է, ընդ որում, ինքնորոշված փաստի ուժով է պահպանվում։ Այստեղ շատ կարեւոր նրբություն կա, մենք չպետք է ասենք, որ պայքարում ենք, որ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչվի։ Այն ճանաչված է, ընդ որում, Բաքուն էլ է ճանաչել։ Արցախն ունի ինքնորոշման ճանաչված իրավունք, ոչ թե հիմա պետք է ձեռք բերի։ Ճանաչված ինքնորոշման ակտով կայացած, բայց չճանաչված պետականություն ունեցող ժողովրդի ցեղապանություն է տեղի ունեցել։ Կարծում եք՝ այսպիսի մի բան եղավ, հարցը փակվե՞ց։ Ոչ, չի փակվում։ Մենք պետք է ասենք, որ այդպիսի մեկնաբանությունը հակաիրավական է, որովհետեւ Արցախի ժողովուրդն իրավունք ունի իր երկրում անվտանգության միջազգային երաշխիքներով ապրելու՝ արդեն ձեռք բերված կարգավիճակով։ Մեր կարգախոսների մեջ առաջինը պետք է լինի հետեւյալը, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով, իրավական փաթեթով չի պատկանում ադրբեջանական հանրապետությանը։ Եվ դա կարելի է ապացուցել։ Այս դրույթի լույսի տակ շատ բան է պարզվում, այսինքն՝ Ադրբեջանն անմիջապես դառնում է ահաբեկիչ, զավթիչ, ցեղասպան։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031