Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

««Խաչատրյանի 120-ամյակին նվիրված որեւէ միջազգային միջոցառում չի կարող իր ազդեցությամբ ու հնչեղությամբ համեմատվել Ազգային ֆիլհարմոնիկի սխրանքին»»

Հունվար 15,2024 13:00

Հարցազրույց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմμի գլխավոր
պրոդյուսեր Արման Պադարյանի հետ:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, 2023թ.-ը եզրափակեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կատարած մեծ շրջագայությամբ: Նվագախումբը 9 համերգներով հանդես է եկել հեղինակավոր համերգասրահներում, որոնցից վեց համերգների տոմսերն ամբողջովին սպառված էին:

Համերգային ծրագրերում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի, Չայկովսկու, Յոհան Շտրաուսի, Բրամսի, Էնդրյու Ուեբբ-Միտչելի, Ռոսինիի, Պուչինիի, Բիզեի ստեղծագործությունները: Ազգային ֆիլհարմոնիկի հետ հանդես են եկել իռլանդացի անվանի դաշնակահար Բարրի Դուգլասը, չինացի ջութակահար Ռեյ Չժանը, չինացի սոպրանո Կոնստանս Սյուեն եւ Չուհայ քաղաքի Մանկական դասական երգչախումբը (Zhuhai Classical Children’s Choir):

– Ինչպե՞ս անցավ շրջագայությունը, ո՞ր քաղաքներում ելույթ ունեցավ մեր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:

– Չինաստանի շրջագայությունն, իհարկե, նվագախմբի համար ֆիզիկապես շատ ծանր էր, հատկապես դրան նախորդող միջազգային մասշտաբային շրջագայություններից հետո: Չինաստանում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները կայացել են 2023թ. դեկտեմբերի 20-31-ը, հետեւյալ համերգասրահներում՝ Shanghai Grand Theatre (Շանհայ), Zhuzhou Shennong Grand Theatre (Չժուժոու),  Changsha Concert Hall (Չանշա), Qianjnang Caoyu Grand Theatre (Ցիենցզյան), Guangxi Culture and Art Centre (Գուանժու), Changshu Grand Theatre (Չանշու), Baoji Grand Theatre (Բաոծի), Shanxi Grand Theatre (Շանսի), Shenyang Shengjing Grand Theatre (Շենյան):


– Հատկապես ի՞նչն եք կարեւորում այս եւ մյուս միջազգային շրջագայություններում:

– Մեր ազգի համար վերջին շրջանի դժվարություններից ու կորուստներից հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկին հաջողվեց, գոնե մշակութային աշխարհում, հպարտությամբ բարձրացնել մեր դրոշը, շտկել մեր մեջքն ու վերականգնել մեր հեղինակությունը: 2023թ. նոյեմբեր ամսից սկսած նվագախումբը, Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, ամենաբարձր մակարդակով հանդես եկավ տասնյոթ համերգով Նյու Յորքում (Քարնեգի հոլլ), Բոստոնում (Սիմֆոնիկ համերգասրահ), Աթենքում, Սալոնիկում (‹Մեգարոն›› համերգասրահներ), Մոնրեալում (La Maison Symphonique), Տորոնտոյում (Ռոյ Թոմսոն հոլլ) եւ Իտալիայի Պորդենոնե քաղաքում (Տեատրո Վերդի), ինչպես նաեւ Չինաստանում: Սա մեծ եւ ծանր երաժշտական մարաթոն էր, որը նվագախումբը հաջողությամբ հաղթահարեց՝ Հայաստանը պատվով ներկայացնելով աշխարհին:


– Ողջ 2023 թվականն առանձնացավ Արամ խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումներով…

– Բոլոր շրջագայությունների ընթացքում նվագախումբը հարգանքի տուրք մատուցեց մեծանուն կոմպոզիտորին եւ դեռեւս Խաչատրյանի 120-ամյակին նվիրված որեւէ միջազգային միջոցառում չի կարող իր ազդեցությամբ ու միջազգային հնչեղությամբ համեմատվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, թույլ տվեք ասել՝ սխրանքին:

– Կարելի է ակնկալել, բայց կցանկանայինք ձեզնից լսել հանդիսատեսի արձագանքի մասին:

– Համերգները մեծ ոգեւորությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից եւ զգալի հանրային արձագանք են ստացել: Համերգներին նախորդել են նշանակալի գովազդային արշավներ, բոլոր քաղաքներում ամենուր կարելի էր տեսնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի պաստառները: Այս շրջագայությունը մեծ իրադարձություն էր մեզ համար, որը Չինաստանում զգալի կերպով բարձրացրեց Հայաստանի ճանաչելիությունը:


– Կա՞ն Չինաստանի հետ հետագա համագործակցության ծրագրեր:

– Չինաստանը հզոր երկիր է եւ Հայաստանի համար կարեւոր է նրա հետ մշակութային կապերն ամրապնդել, ինչին եւ նպաստում է Ազգային ֆիլհարմոնիկի գործունեությունը: Վերջին տասը տարիների ընթացքում նրանք կառուցել ու շարունակում են կառուցել ֆանտաստիկ ժամանակակից համերգասրահներ եւ ինտենսիվ կերպով կրթում են հասարակությանը որպես դասական երաժշտարվեստի ունկնդիրների եւ կատարողների:

Սա ֆիլհարմոնիկի առաջին այցը չէ Չինաստան. մեր նախորդ մասշտաբային շրջագայությունը կայացել է 2019թ. դեկտեմբեր եւ 2020թ. հունվար ամիսներին, նվագախումբը տասը համերգով հանդես է եկել Չինաստանի կարեւոր քաղաքներում: Շրջագայությունը կազմակերպել էր նույն՝ Armstrong Poly երաժշտական գործակալությունը, որն այս տարվա շրջագայության կազմակերպիչն էր: Ճիշտ մշակված ռազմավարական ծրագրերի արդյունքում մենք դեռ շատ ելույթներ կունենանք այս հզոր երկրի հրաշալի համերգասրահներում:

Պատրաստեցին 

ԱՍՏՂԻԿ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ, 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031