Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն մինչեւ 2024 թվականի մայիսի 31-ը վերջնաժամկետ է տվել Ազգային ժողովին

Հունվար 15,2024 12:30

Սահմանադրական դատարան դիմած պատգամավորների դիտարկմամբ, ԱԺ Կանոնակարգի իրավակարգավորումների պայմաններում «լիակատար է դառնում ընդդիմադիր խմբակցության կախվածությունը կառավարող խմբակցությունից»: ՍԴ-ն որոշել է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 5-րդ մասն այնքանով, որքանով նախատեսում է ԱԺ խմբակցությունների կողմից մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո փոխհամաձայնությամբ մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրենց իրավունքը միմյանց զիջելու հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 12-րդ մասը դատարանը նույնպես ճանաչել է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող: Այս գործով հատուկ կարծիք է հայտնել դատավոր Ա. Վաղարշյանը:

Վերջապես Սահմանադրական դատարանը հրապարակեց տարեվերջի իր մի որոշումը, որը կապված էր քանիցս հետաձգված գործի հետ: Խոսքը «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 138-րդ հոդվածի, ինչպես նաեւ այդ դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի մասին է: Դիմումը դատարանում էր 2023 թվականի մարտի 21-ից: Կանոնակարգի՝ «Խմբակցության լիազորությունները» վերտառությամբ 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված է. Խմբակցությունն իրավունք ունի Կանոնակարգով սահմանված կարգով՝ մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի իրեն վերապահված պաշտոնում առաջադրելու թեկնածու։ Կանոնակարգի վիճարկվող դրույթը չի փոփոխվել եւ (կամ) լրացվել:

Ըստ դիմողի, որի ներկայացուցիչն էր ընդդիմադիր պատգամավոր Ա. Մինասյանը, Կանոնակարգի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով խմբակցությանը վերապահվել են երկու տարբեր իրավունքներ. մասնավորապես՝ 6-րդ կետով սահմանված է, որ խմբակցությունն իրավունք ունի ԱԺ հանձնաժողովում իրեն վերապահված տեղում նշանակելու խմբակցության անդամի, ինչպես նաեւ նրան փոխելու, իսկ 5-րդ կետով՝ իրեն հասանելիք մշտական հանձնաժողովի նախագահի (տեղակալի) պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք, այլ ոչ տվյալ պաշտոնում նշանակելու լիազորություն: Դիմողի դիտարկմամբ՝ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված կարգավորումից բխում է, որ քաղաքական մեծամասնությունը եւ քաղաքական փոքրամասնությունը պահպանում են նույն հարաբերակցությունն ԱԺ մշտական հանձնաժողովների կազմում, ինչպիսի հարաբերակցություն առկա է ԱԺ խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի դեպքում: Իսկ դա նաեւ նշանակում է, որ մշտական հանձնաժողովի կազմում խմբակցության ներկայացուցիչների թիվը չի կարող փոփոխվել՝ կախված այն հանգամանքից, թե խմբակցության ներկայացուցիչը հանդիսանում է տվյալ հանձնաժողովի նախագահ, տեղակալ, թե՞ պարզապես անդամ: Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղը վերապահվում է կոնկրետ խմբակցությանը, ապա այդ պաշտոնը հաշվառվում է հանձնաժողովում տվյալ խմբակցությանը հասանելիք տեղերի թվում: Դիմող կողմը ուշադրություն էր հրավիրել տերմինների վրա, մասնավորապես, Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը օգտագործում է «պաշտոնները բաշխվում են» տերմինները, մինչդեռ վիճարկվող դրույթը եւ դրա հետ փոխկապակցված դրույթները կիրառում են «թեկնածու առաջադրելու իրավունք» տերմինները, որոնք ոչ միայն չեն համապատասխանում միմյանց, այլեւ «թեկնածու առաջադրելու իրավունք» տերմինը ինքնին սահմանափակում է: ՍԴ-ն տարեվերջյան որոշմամբ անդրադարձավ ԱԺ մշտական հանձնաժողովի անդամի, նախագահի եւ նրա տեղակալի իրավական կարգավիճակների միջեւ տարբերությունների վերհանմանը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից Կանոնակարգում ամրագրված՝ մշտական հանձնաժողովի անդամի տեղը, մշտական հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի պաշտոններն զբաղեցնելու կարգերի տարբերակումը համահունչ է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված ըստ պատգամավորների թվի համամասնության բաշխման պահանջին:

Դատարանը ՍԴՈ-1708 որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2024 թվականի մայիսի 31-ը՝ հնարավորություն ընձեռելով Ազգային ժողովին՝ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշմանը: ՍԴ-ն որոշել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի՝ իրեն վերապահված պաշտոններում թեկնածուներ առաջադրելն իրավասու խմբակցության ոչ թե իրավունքն է, այլ պարտադիր լիազորությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031