Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն Ռուսաստանից հեռանալու, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման փորձեր է անում. ինչպե՞ս արձագանքեց Ռուսաստանը

Հունվար 15,2024 14:00

Դիվերսիֆիկացիան, իհարկե, կարող է աշխատել Հայաստանի օգտին, սակայն որքանով այսօր այդ իրական շանսերն ունի Հայաստանը, դժվար է ասել՝ մանավանդ հաշվի առնելով ՌԴ-ից հնչող բավականին կոշտ արձագանքները։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին եւ նախաամանորյա ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) առաջնորդների հանդիպման մասնակցությունը շատ քննադատվեց։ Այս այցի ֆոնին Հայաստանի՝ Ռուսաստանից հեռանալու, ինչպես նաեւ արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու քաղաքականության հարցում փորձագիտական համայնքից տարատեսակ կարծիքներ հնչեցին՝ ընդհուպ մինչեւ քննադատելով Նիկոլ Փաշինյանին՝ կրկին դեպի Ռուսաստան վերադառնալու հարցում։

Հիշեցնենք՝ հունիսին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց հոկտեմբերին Բիշքեկում ԵԱՏՄ եւ ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերին, նոյեմբերի վերջին բոյկոտել էր նաեւ Մինսկում անցկացված ՀԱՊԿ խորհրդի նիստը: Մինչդեռ նա մասնակցեց Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։

Վերադարձ դեպի Ռուսաստա՞ն, թե ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն շփոթել պետք չէ

Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ այցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համար ընդունելի չէ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ գնալը չի նշանակում՝ ամբողջությամբ վերադարձանք ՌԴ-ին. «Բայց դա շատ թուլացրեց Արեւմուտքի դերն այստեղ։ Նիկոլ Փաշինյանը թեեւ ոտքի վրա հանդիպեց Ալիեւի հետ, ադրբեջանական փորձագետները մեկնաբանում են, որ նորմալ հանդիպում էր։ Սանկտ Պետերբուրգ գնալը ցույց է տալիս, որ մենք ադրբեջանա-ռուսական քայլերով նորից սկսեցինք շարժվել»։

«Առավոտի» հետ զրույցում  քաղաքագետ Արմեն Վարդանյանը հիշեցրեց՝ Հայաստանը չի  բոյկոտել ԵԱՏՄ-ն. «ՀՀ-ն բոյկոտել է ՀԱՊԿ-ը, ու վստահ եմ, որ ապագայում  այդ բոյկոտը շարունակելու է։ Պետք չի ԵԱՏՄ-ն ՀԱՊԿ-ի հետ խառնել։ ԵԱՏՄ-ն բոյկոտելն այս պահին իմաստ չունի։ Ասեմ ավելին՝ Արեւմուտքի կողմից որեւէ մտահոգություն չկա ԵԱՏՄ-ի հետ կապված։ Մեր միակ խնդիրը ՀԱՊԿ-ի հետ է գոնե հիմա, ԵԱՏՄ-ի հետ էլ, իհարկե, կա խնդիր, բայց ամենալուրջ, ակնհայտ խնդիրը ՀԱՊԿ-ի հետ է։ Այն չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ, եւ ՀԱՊԿ-ին դեմարշ հայտարարելն այս փուլում եւ ընդհանրապես ՀՀ-ի շահերից է բխում»։

ՀՀ-ն բոյկոտում է հայ-ադրբեջանական բանակցությունների ռուսական հարթակը, իսկ ինչպե՞ս է արձագանքում ՌԴ-ն

ՀՀ իշխանության կողմից տարբեր առիթներով հնչել են տեսակետներ, թե բրյուսելյան եւ վաշինգտոնյան հարթակներն ավելի լեգիտիմ են։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հայտարարությունների առիթով, թե Բաքվի հետ բանակցությունները Վաշինգտոնի եւ Բրյուսելի հարթակներում «միջազգային հեղինակություն ունեն, եւ դա նրանց լեգիտիմություն է տալիս», ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ կայացած իր ճեպազրույցում ասաց. «Գիտեք՝ Արեւմուտքին հաճոյանալու ձգտման համար չարժե ընկնել ծայրահեղությունների գիրկը եւ աբսուրդի մեջ ընկնել։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ ցավոք, մի շարք մարդիկ, որոնք հայտարարում են նման բաներ, չափի զգացողությունը կորցրել են։ Դա մեր՝ չհասկացվածության հարցը չէ։ Նման դիրքորոշման մենք միայն սա չէ, որ տեսել ենք, սա Հայաստանի համար կարեւոր հարց է։ Խաղաղության հաստատումը տարածաշրջանում եռակողմ պայմանավորվածությունների համակարգ է՝ ՌԴ-ի, Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ բարձրագույն մակարդակով։ Վաշինգտոնն ու Բրյուսելը կա՛մ պատճենել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածություններից, կամ դրանք վերաշարադրել են՝ ի նպաստ սեփական կոնյունկտուրային շահերի։ Ի՞նչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել այսպիսի պսեւդո միջնորդների դեպքում»։

Ըստ էության կարելի է նկատել, որ Մարիա Զախարովայի այս հայտարարությունները թերեւս վկայում են այն մասին, որ ՀՀ-ն հրաժարվում է ՌԴ հովանու ներքո ռուսական հարթակում բանակցություններից։

Արմեն Վարդանյանին հիշեցրինք, որ վերջին հանդիպումը թերեւս ռուսական հովանու ներքո Սանկտ Պետերբուրգում է եղել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել են, նա արձագանքեց. «Հանդիպումը կուլիսներում է տեղի ունեցել Սակտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակում. ոտքի վրա զրուցել են, դա չի կարելի համարել բանակցություն»։

Դիվերսիֆիկացման փորձ՝ ռազմական ոլորտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս իր հայտարարություններից մեկում ասաց, որ ՀՀ-ն միշտ է ցանկացել Արեւմուտքից զենք ձեռք բերել, բայց ամեն անգամ այնտեղից մատնանշել են, որ մենք ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի համար թշնամական կառույցի՝ ՀԱՊԿ-ի անդամ ենք։ Ուստի դրա համար է ՀՀ-ն սկսել դեմարշ հայտարարել ՀԱՊԿ-ին, որ կարողանա Արեւմուտքից զենք ձեռք բերել։ Արդեն Ֆրանսիայի հետ կա ռազմատեխնիկական համակ պայմանագիր։ Փորձագետների տեղեկություններով՝ որոշ արեւմտյան երկրների հետ էլ են քայլեր արվում զենքի ձեռքբերման հարցում։

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն Փարիզում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ նախարարները պայմանագիր են ստորագրել «Thales»-ի արտադրության երեք GM 200 ռադարի վաճառքի մասին, որոնք Ֆրանսիան տրամադրել է նաեւ Ուկրաինային, ինչպես նաեւ՝ փոխըմբռնման հուշագիր ֆրանսիական «Միստրալ» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի ապագա մատակարարման վերաբերյալ։

Ֆրանսիան նաեւ կօգնի Հայաստանին վերապատրաստել ցամաքային պաշտպանության ուժերը եւ կաջակցի երկրի ջանքերին՝ բարեփոխելու եւ արդիականացնելու իր բանակը։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Ֆրանսիայի հետ կնքված ռազմատեխնիկական պայմանագիրը բավականին լուրջ փաստաթուղթ է. «Ոմանք փորձում են թերագնահատել այն, բայց դա իրականում լուրջ փաստաթուղթ է, որը բացի զենքի վաճառքից, կարեւոր է նաեւ ռազմական ուսուցման առումով։ Սպաների ռազմական վերապատրաստման հարցն է Ֆրանսիան իր վրա վերցրել։ Դա պատահական չէ։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի  ՀՕՊ ամբիոնում արդեն սկսել են ֆրանսերեն արագացված ինտենսիվ կերպով սովորել»։

Դիվերսիֆիկացման փորձեր՝ նաեւ տնտեսական ոլորտում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր. «Քանի որ Լարսի գաղափարը որոշակի ռիսկ պարունակող գաղափար է, ամեն տարի տնտեսվարողները որոշակի վնասներ կրում են։ Անհրաժեշտ է, որպեսզի մենք որպես երկիր, մեր ընկերությունները որպես մասնավոր բիզնեսներ իրենց կոմֆորտ զոնայից դուրս գան եւ աշխատեն դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, ռիսկերը բալանսավորելու, ապրանքների ավելի լայն հասանելիություն ապահովելու, ավելի բարդ շուկաներում մրցակցության արդյունքում ավելի մրցունակ ընկերություններ կառուցելու հարցում»։

Սա թերեւս տնտեսական առումով դիվերսիֆիկացիայի մտադրության մասին հայտարարություն կարելի է համարել, այլ բան է, թե դա որքանով կարող է կենսունակ լինել։ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Ռուսաստանը Լարսը դարձրել է քաղաքական զենք. «Ամեն անգամ, երբ ՀՀ-ի վրա փորձում են ճնշումներ գործադրել, Լարսը մի քանի օրով փակում են»։

Ըստ նրա՝ քայլ առ քայլ ՀՀ-ն գնում է դիվերսիֆիկացիայի բոլոր առումներով՝ ռազմական, տնտեսական, ապագայում նաեւ փորձելու են էներգետիկ, քաղաքական առումներով. «Պետք է դիվերսիֆիկացիա իրականացվի եւ ՌԴ-ի ազդեցությունը թուլացվի ՀՀ-ի վրա, որ ՀՀ-ն թուլացնի իր կախվածությունը ՌԴ-ից»։

Դիվերսիֆիկացիան, իհարկե, կարող է աշխատել Հայաստանի օգտին, սակայն որքանով այսօր այդ իրական շանսերն ունի Հայաստանը, դժվար է ասել՝ մանավանդ հաշվի առնելով ՌԴ-ից հնչող բավականին կոշտ արձագանքները։ Թերեւս կարելի է սպասել հայ-ռուսական հարաբերություններում առնվազն հայտարարությունների մակարդակում լարվածության աճի՝ հաշվի առնելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին հայտարարությունները։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031