Լրահոս
Օրվա լրահոսը

Աստիճանաբար աճում է իրական փոփոխություն պահանջողների թիվը, որոնք մեր ազգի, ժողովրդի և պետության համար այլ կարգի իշխանություն են պահանջում․ Դավիթ Անանյան

Հունվար 14,2024 23:30

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ներկայում մենք ապրում ենք վերջին ժամանակների հանրային անտարբերության պայմաններում կարծես սովորական դարձած անորոշության, սակայն պատմական հիշողության առումով, այնուամենայնիվ, ազգային մեր պատկերին ոչ բնորոշ ու անսովոր միջավայրում:

Փոփոխությունների պահանջված, բայց անկանխատեսելի քամիները պտտվում են մեր շուրջը, և քաղաքական մթնոլորտը գնալով դառնում է ավելի կատաղի և լարված: Թշնամու կողմից հնչում են պահանջատիրական նոր՝ թեև կանխատեսելի մտքեր ու ցանկություններ, որոնք հավակնում են դառնալ տեսլական:

Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ նրանց մտադրություններն ու գործողությունները գնալով ավելի ու ավելի են դառնում իրապես սպառնալից։
Այս սպառնալիքների ֆոնին մեր այսօրվա քաղաքական իշխանության արձագանքն ու վարքագիծը համարժեքության որևէ դրսևորում չունեն, քանի որ ականատես ենք լինում անատամության և անտարբերության, ինչպես նաև արտաքին մարտահրավերներն ու արհավիրքները վերլուծելու և դրանց հետևանքները կանխատեսելու անկարողության: Այս բացահայտ անգրագիտությունն ու արտաքին սպառնալիքներին համարժեք կանխարգելող գործողություններ չկատարելը, ըստ էության, դավաճանություն է մեր ժողովրդի և պետականության շահերին։

Միևնույն ժամանակ, մենք ականատես ենք լինում, որ աստիճանաբար աճում է իրական փոփոխություն պահանջողների թիվը, որոնք մեր ազգի, ժողովրդի և պետության համար այլ կարգի իշխանություն են պահանջում՝ ազգային, եռանդուն ու վճռական։

Նոր հույսի սպասումը մեր ժողովրդի և մեր երկրի հանդեպ այլևս չի կարող անվերջ հետաձգվել։ Ակնհայտ է, որ հանրային դժգոհությունը աներկբայորեն պետք է վերածվի հանրային և ազգային-ազատագրական ընդվզման մի իշխանության դեմ, որը վաղուց չի ներկայացնում մեր հավաքական շահերը։

ժամանակն է, որ մենք ազգովի ոտքի կանգնենք և ներկայացնենք մեր հանրային պահանջներն ու դիրքորոշումները, արտահայտենք մեր վճռականությունը, թե ինչ ենք ուզում փոխել։ Այժմ մեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա այս վերափոխման մի մասը, սա կլինի մեր հավաքական առաքելությունը՝ ամբողջ ուժով մարմնավորել ազգային վերածննդի գաղափարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031