Ինչպես ասում էր հայտնի գրող Սոմերսեթ Մոեմը, խոսքն ունի տեսք, գույն ու կշիռ։ Սա, թերևս, կարելի է օգտագործել ամեն բնագավառում` համեմատելու համար, թե ինչպես ենք օգտագործում մեր լեզուն, ինչ ենք ուզում փոխանցել հանրությանը։ Լրագրության վարպետ երջանկահիշատակ Սերգո Երիցյանը սիրում էր ուսանողներին հիշեցնել, որ հեռուստատեսությանն անհրաժեշտ են գրագետ լրագրողներ։ Նա չէր սիրում փոքր էկրանից երևացող հաղորդավարի դերում տեսնել այլ մասնագիտություն ունեցող մարդկանց, քանի որ ասում էր` յուրաքանչյուրն ունի իր մասնագիտությունը և չպետք է այն փոխարինի մեկ ուրիշով, ինչից ոչ մի հմտության չի տիրապետում։
Խոսքի մշակույթի ճիշտ օգտագործումը խրախուսելի է միշտ, բայց արդյո՞ք այն պահպանվում է հեռուստատեսային տարատեսակ հաղորդումներում, ծրագրերում, սերիալներում կամ էլ սիթքոմներում… Այս հարցի պատասխանը հարաբերական է, ինչի վերաբերյալ Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Խոսքի մշակույթ» և «Լրագրության էթիկայի հիմունքներ» առարկաների դասախոս, լրագրող Գայանե Պողոսյանը մեկնաբանում է. «Այսօր, երբ լսում ենք եթերից հնչող խոսքը, մտահոգվելու առիթ ունենք»: Մտահոգվելու առիթները շատ են, քանի որ փողոցային խոսքը գնալով փորձում է արմատավորվել եթերում` փոխարինելով գրական ու կիրթ խոսքին։
Սա նկատվում է մանավանդ սիթքոմ-սերիալներում, երբ փորձում են փողոցային խոսքի ներմուծմամբ իրավիճակներն առօրյա և անմիջական դարձնել՝ չգիտակցելով, որ հեռուստատեսության գործառույթներից մեկն էլ հենց կրթելն է, որի անտեսումը կարող է բերել հասարակության վերաբերմունքի փոփոխման նաև հայոց լեզվի նկատմամբ։ Բացի այդ փոքր էկրանից երևացող մարդիկ թերանում են լեզվական հարցերում, որը խոսում է պրոֆեսիոնալիզմի պակասի մասին։
Սերգո Երիցյանը նման դեպքերում առանձնացնում էր նաև խոսող գլուխներին, որոնք չնայած ձանձրալի հաղորդում վարելուն, նաև թերանում էին բանարվեստին վարպետորեն տիրապետելու գործում։ «Եթե ես այսօրվա պատկերը համեմատեմ իմ աշխատանքային տարիների հետ, որոնք անցել են Հանրային ռադիոյում, ապա այն ժամանակ եթերից հնչող խոսքը դասական ու հղկված էր։ Հիմա Հանրային ռադիոն էլ ավելի կիրթ խոսք է հնչեցնում, հակիրճ ու էթիկայի չափանիշներին համապատասխան, որի օրինակը կցանկանայի տեսնել հեռուստաեթերում, ինչով կպահպանվեր «տնավարիության» և «տնականի» սահմանը,- զրույցում նշում է տիկին Գայանեն՝ հավելելով, որ շատ դեպքում այդ սահմանը հատվում է այն ժամանակ, երբ լրագրողները շփոթում են երկու հասկացությունների իմաստը։ Գրագետ խոսքի ձևավորման պարագայում պետք է հիշել հետևյալ հարցերը` ի՞նչ ասել, ինչպե՞ս ասել և որտե՞ղ ասել։ Երբ մարդ գիտակցում է երեքի կարևորումը, ապա նրան չի խանգարում փողոցային խոսքը, քանի որ երեքի համադրումից ստեղծվում է գրագիտություն։ Եվ եթե դրա մասին մոռանում է լրագրողը, ապա եթերն անիմաստ է դառնում մարդկանց տեղեկացնելու, կողմնորոշելու, կրթելու գործում, ինչին նպաստում է նաև հեռուստադիտողների այն շրջանակը, որոնք չեն հասկանում, թե ինչու է պետք քննադատորեն մոտենալ ամեն հաղորդման, հասկանալու` ինչի են դիտում և ամեն տեսակ նյութ հավանում։
Կարդացեք նաև
Իսկ ինչպե՞ս լուծել այս խնդիրը, տիկին Գայանեն զրույցն ամփոփում է հետևյալ դեղատոմսով: «Կան հաղորդումներ, որոնք իրենց գործն անում են հենց կրթելով ու դաստիարակելով, սրան պետք է գումարվի անգամ մանկապարտեզից սկսած երեխայի մոտ գրագետ խոսք ձեւավորելու աշխատանքները, տարիների ընթացքում շատ կարդալը, քանի որ գրագետ խոսքի ձևավորման առաջին աղբյուրը գիրքն է»: Իսկ հեռուստադիտողների վերը նշված շրջանակի վերաբերյալ ամփոփեց. «Խնդիրը պետք է լուծել հանրակրթական մակարդակով, որպեսզի մեդիագրագիտության, խոսքի մշակույթի, էթիկայի, գրագիտության դասավանդմամբ մանկավարժներն օգնեն վերլուծական տրամաբանություն զարգացնել, որպեսզի մարդիկ հասկանան` ինչ են դիտում, ինչ նպատակ ու ենթատեքստ ուներ տվյալ հաղորդումը և, ի վերջո, որն էր դրա իմիջը… իսկ մենք դրան սպասում ենք»:
Հեղինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՀՊՄՀ Լրագրության բաժին