Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական նախկին մարզպետի օգնականի եղբայրը վիրավորվել է փոխգնդապետ Հարությունյանի խոսքերից

Հունվար 14,2024 18:31

Հունվարի 12-ին փոխգնդապետ Լեւոն Հարությունյանը էլեկտրոնային ծանուցմամբ տեղեկացել է, որ կալանք են դրել իր գույքի ու բանկային հաշիվների վրա:

Հիշեցնենք, որ Հարությունյանը Հայաստանի զինված ուժերի սպա Արա Մխիթարյանի ընկերն էր: Արա Մխիթարյանին Եղեգնաձոր քաղաքում 2019թ. սեպտեմբերի 17-ին ծեծի էին ենթարկել, գլխի շրջանում ծանր մարմնական վնասվածք հասցրել, եւ 4 տարի կոմայի մեջ մնալուց հետո Արա Մխիթարյանը մահացել էր անցած տարվա հուլիսի 23-ին։

Հիշեցնենք նաեւ, որ սպանված Արա Մխիթարյանի ընկերները՝ Լեւոն Հարությունյանն ու Մխիթար Մելքոնյանը, որոնք դեպքին ականատես են եղել եւ վկայություն տվել, մեղադրվում են սուտ մատնության մեջ։ Փոխգնդապետներ Լեւոն Հարությունյանի ու Մխիթար Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չբացակայելու արգելք եւ պաշտոնավարման կասեցում։

Հարությունյանն իր գույքի ու հաշիվների վրա դրված կալանքից է պարզել, որ իր դեմ պատվի եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով դատարան է դիմել Զավեն Գրիգորյանը, որը Վայոց ձորի նախկին ՔՊ-ական մարզպետի օգնականի եղբայրն է: Գրիգորյանը վիրավորվել է Aravot.am-ին տված հարցազրույցում Լեւոն Հարությունյանի հայտնած տեղեկություններից:

«Իր տան, մեքենայի, քարտերի վրա կալանք է դրված ու գրված է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի  ընդհանուր իրավասության դատարանի կողմից, չկա դատավորի անուն,ազգանուն, ոչ մի բան:  Դատալեքսում փնտրտուքից հետո գտնում ենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 11-ին  հայց է հարուցվել Զավեն Գրիգորյանի կողմից պատվի եւ  արժանապատվության փոխհատուցման պահանջով, իսկ իր պատիվն ու արժանապատվությունը վերջինս գնահատել է 3 միլիոն ՀՀ դրամ: Հենց դեկտեմբերի 11-ին էլ հայցը հարուցվել է ու մակագրվել դատավոր Դավիթ Սարգսյանին, դրանից հետո չկա ոչ մի տեղեկություն ու մեկ էլ դեկտեմբերի 25 -ին Դատալեքսում  նշում է տված, որ դատավոր Սարգսյանը կանխակալ մոտեցման համար ինքնաբացարկ է տվել, այդ ինքնաբացարկի որոշումից էլ տեղեկանում ենք, որ Գրիգորյանը վիրավորվել է իմ պաշտպանյալի՝ «Առավոտին» տված հարցազրույցում հայտնած բառերից: Դրանից հետո դեկտեմբերի 29 -ին մակագրվել է դատավոր Աբգարյանին: Այսինքն՝ դեկտեմբերի 11-ից մուտք եղած հայցադիմումից չունենք հայցադիմումի մի օրինակ, դատարանի  կողմից որոշում, որ հայցը վարույթ  է ընդունել… Դատալեքսի սյունակներում էլ չկա նշված, թե վարույթ է ընդունել էս ինչը, կամ մի առանձին սյունակում էլ նշվում է միջնորդություն, որտեղ միշտ նշվում է՝ այն բավարարվել է կամ չի բավարարվել: Դա էլ չկա: Բայց ունենք հունվարի 12-ի երեկոյան 7:30-ին էլեկտրոնային  ծանուցում, որ Լեւոն Հարությունյանի  գույքի ու հաշիվների վրա կալանք է դրված: Եթե վերջին մի քանի օրում Դատավարության օրենսգիրքը չի փոխվել, ես գիտեմ, որ հայցի ապահովում նշանակում են հայցապահանջին չափով. 3 միլիոն ՀՀ դրամ է, ուրեմն Նոր Նորքում բնակարանն արժե 3 միլիոն դրա՞մ,  դրան գումարած մեքենան ու բանկային հաշիվնե՞րը: Այսինքն՝ այս մարդուն ու մնացած փոխգնդապետների պաշտոնավարումը կասեցրել են, իմ պաշտպանյալը գնացել է թոշակի, զրկվել է ապրուստի միջոցից, հիմա էլ զրկել են, փաստորեն, թոշակը ստանալու հնարավորությունից»,- Aravot.am-ին ասաց Հարությունյանի պաշտպան Աննա Թամազյանը:

Նա վստահեցրեց, որ իր պաշտպանյալի խոսքերում չկան որեւէ անձի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող տեղեկություններ, իր պաշտպանյալի հարցազրույցում այն տեղեկություններն են, որոնք վերջինս որպես տուժող նախկին քրեական վարույթի շրջանակում հայտնել է իր ցուցմունքում. «Ես արդեն դիմում-բողոք եմ ուղարկել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Անդրեասյանին, վերջինիս օգնությունն եմ խնդրել՝ պարզելու համար, թե վերջապես ով է դատավորը, ում վարույթում է  այդ գործը գտնվում, որովհետեւ մակագրվել, դեռ չի նշանակում, որ այդ դատավորի վարույթում է  գտնվում: Ես ունեմ դեպքեր, երբ մակագրվում է  մի դատավորի, հետո մեկ այլ դատավորի, հետո մեկ այլ դատավորի, մինչեւ որոշում է լինում: Հիմա դեկտեմբերի 29-ին Դատալեքսից տեղեկանում ենք, որ մակագրվել է  Աբգարյանին, բայց չկա որոշում, որ ինքը վարույթ է ընդունել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031