Լրահոս
Օրվա լրահոսը

Արուսյակը (պատմվածք)

Հունվար 14,2024 16:22

Անհաս ծնված աղջիկ երեխա էր՝ մոր ծանր երկունքով աշխարհ եկած: Իրեն փրկել էին. մորը չէին կարողացել… Գյուղի տատմեր Թագուշը ձեռքից եկածն էլ էր արել, չեկածն էլ էր արել, ինչ ասես արել էր… Անօգուտ: Անչափահաս ծննդկանին չէր կարողացել փրկել: Գյուղում հազար ու մի բան պատմեցին, ավել էլ ասացին, պակաս էլ ասացին, մահվան հնարավոր և անհնարին տասնյակ պատճառներ հորինեցին…Վերջը Թագուշին տանել չկարողացող, Թագուշից դեռ ջահել օրերից պայթող-տրաքող Գյուլվարդի վարկածը, թե Թագուշը երեխայի դիրքը ուղղելու համար վնասել է մորը, նա էլ երեխա աղջիկ, արնաքամվել ու մահացել է, բոլորին հավանական թվաց: Մինչ այդ դեպքը, Թումանյանի՝ քարաբաղնիսով մարդկանց կյանքեր փրկած Նեսոյի ընկեր-բարեկամների նման համագյուղացիները Թագուշի հմուտ ձեռքերի, նրա հրաշագործությունների մասին ասքեր էին հյուսում ու ծաղկեցնելով պատմում:

Թևանի անչափահաս կնոջ մահից հետո շատերը հիշեցին և իրենց պարտքը համարեցին չհիշողներին հիշեցնել, թե իրենց և շրջակա մոտիկ գյուղերում քանի ծննդկանի կյանքի հետ է խաղացել Թագուշը: Իսկ դպրոցի հայոց լեզվի և գրականության դասատու ընկեր Մանյան հոգեհացի սեղանի շուրջ իր կողքին նստած կանանց Թումանյանի Մարոյին էր հիշեցնում, Կիրակոսին էր հիշեցնում ու էլի հար և նման գրական հերոսների: Կանայք գլուխները կախ լսում էին. իրենցից շատ կարդացած դասատու էր. իրավունք ուներ իրենց դաս տալու… Թևանը, որ բավականին տարիք առած էր (կնոջից մի 15-20 տարով մեծ կլիներ), մանկամարդ կնոջ քառասունքը չլրացած էր արդեն աչք պտտում ամուսնանալու համար՝ պատճառաբանելով, թե հիվանդոտ ու վտիտ ծնված երեխային տիրություն անող է պետք: Երեխային հայրական օջախ չտարան. տանելու առարկու անող էլ չեղավ: Մայրական տատը՝ ողբալացը շուրթին, բարուրը տարավ իրենց տուն: Անմայր մեծացավ մոր անունը կրող Արուսիկը: Մի գյուղում ապրեց հոր հետ ու անհայր մեծացավ:

Նոր էր դարձել 15 տարեկան, երբ քաղաքից ուզող հայտնվեց: Ի՞նչ էին ասում… Կարծեմ՝ մոր թախտ, աղջկա բախտ, չէ՞… Դժվար ապրող, առավոտից երեկո չարչարվող-տանջվող ու կիսաքաղց պառկող-քնող պապն ու տատը ուրախացան. որբուկը գյուղի չարքաշությունից կազատվի, կուշտ փորով կքնի: Էս փեսացուն էլ կլիներ մի երեսուն և ավելի տարեկան: Մի քանի հոգով քաղաքից եկան, առանց զուռնա-դհոլի նոր շորեր հագցրին, սկեսուրը իր մատի մատանին դրեց հարսի մատին, մտքում արդեն որոշած, թե քանի օրից հետո պիտի հետ վերցնի: Ու քանի որ մատանին Արուսիկի բարակ մատին մեծ էր, հասցրեց ականջին ասել, որ ուշադիր լինի, հանկարծ չընկնի կորչի: Խեղճ աղջիկը մատանին դրած մատի ձեռքին կրակն էր ընկել: Փեսացուն, նրա տառապանքը նկատելով, չար կատակ արեց.

– Ձերոնց ասա՝ գուլպա գործելու թել բերեն, ներսի կողմից փաթաթիր ու մատիդ կապիր, որ չընկնի, կորչի, թե չէ մորս Սաթո կասեն, ձեռքից չես պրծնի…

– Ի՞նչ կանի,- ամոթխած վախվորածությամբ հարցրեց Արուսիկը:

– Մատդ կկտրի, քեզ էլ էշի վրա կնստեցնի, հետ կուղարկի քո չունեցած հերանց տուն: Անհամ էր ու դաժան: Լինո՞ւմ է չէ տղամարդու տեսակ, որի համար չէ կատակ անելը. կատակ անել չի կարողանում. նմանների կատակը անհամ է լինում, ինչպես իրենք: Անունը Միսակ էր: Նա շատ շուտ կռահեց, որ եկել, գյուղից քաղաք է տանում անհաս, պարզ ու միամիտ մի խեղճություն: Միշտ կարծել էր, թե գյուղի աղջիկները ժամանակից շուտ են հասունանում, ճարպիկ են ու լեզվանի, իսկ սա… Արուսիկը կուչ էր եկել ու մատնեմատը առել բռան մեջ: Հրաժեշտի պահին տատից պոկ չէր գալիս, լացում էր, մանկորեն աղերսական, որբորեն դա՜ռը, դառը… Արուսիկը կին դարձավ, երկու տղաների մայր դարձավ, Արուս տոտա դարձավ, բայց այդպես էլ չհասունացավ, մնաց միամիտ, միամիտ հավատավոր ու հազիվ տառաճանաչ: Ամուսինը դրսի իր կյանքն ուներ: Թաղում մարդ չկար, որ Միսակին չարդարացներ. տղամարդ թե կին այն կարծիքին էին, որ նրա կողմից հերոսություն էր «գլխից հափռած» կնոջ հետ այդքան տարի ապրելը: Թաղում սրտացավ կանայք էլ կային: Կային, որ փորձում էին Արուսյակին կանացի փոքր-մոքր խորամանկություններ սովորեցնել, խրատներ տալ: Մայրս, օրինակ, հաճախ էր խրատում, թե պետք չէ թաղի կանանց մոտ իր ընտանիքի անցուդարձից խոսել, ասում էր՝ մի օր էդ կանանցից մեկի կոշտուկը պատահաբար կտրորես, ու աշխարհով մեկ կանի ասածդ՝ հարյուրն էլ վրան դրած: Ում էր ասում… Հիշում եմ: Կարկանդակ էր թխում և տնետուն շրջելով՝ վաճառում: Ամառ էր, ու ես մեկնել էի Ստեփանակերտ: Մայրս կարկանդակներ էր պատվիրել: Թաղում շատերն էին Արուսյակից կարկանդակ գնում, դրանով ինչ-որ կերպ ընտանիքին ձեռք հասցնելու համար: Կարկանդակները բերեց, փողը թաշկինակով փաթաթեց, ծոցում խնամքով տեղավորեց ու ոտքը կախ գցեց: Թեյ առաջարկեցինք չհրաժարվեց: Հասկացանք, որ իրեն ես եմ հետաքրքրում. Երևանից էի եկել, «բարձր» տեղ էի սովորում… և ըստ իրեն՝ էլի իր չտեսած-չիմացած բաներ… Որպեսզի կարկանդակները չսառչեն, առաջարկեցի թեյը թողնել հետոյին: Մեզ հետ մեծ ախորժակով ինքն էլ վայելեց իր թխածը, բայց հորս ընկերոջ ուղարկած մոշի համով գինուց կում անել անգամ հրաժարվեց, թե՝

– Վո՜ւյ, չէ՛, քեզ մատաղ, չէ՛… Պիրենիս տինիմ՝ պրծածըմ, մի ժումըմը հինչու գյուդում ըմ-գյուդում չըմ պըտմէլու ըմ:

Ես էլ թե՝

– Ոչի՛նչ, պատմի՛ր, մեկ էլ տեսար մի օր պատմածդ գրեցի:

– Վէէ՜, ես հուվը՞մ, վէէր իմ մասին կիրիս…

– Գրելու համար ով լինելուն չեն նայում, նայում են, թե ինչ կա գրելու…

– Մատաղ ինիմ, ըսածադ պէն չհսկացե:

– Էրուսէ՛գ, պատմէ, թե հունցըս մին ժամ Միսակին պապիրոսը տեմ տվալ լամբուշկեն, վէր վառես:

– Էդ հունցը՞ս մենըդ պահըմ, յէս մըննաս քիցէլ ըմ: – ասաց ու ձեռքը տարավ ծոցը, թաշկինակը հանեց, միջից առանձնացրեց 20 կոպեկ և դրեց սեղանին:

– Արո՛ւս տոտա, էս ի՞նչ ես անում, – զարմացած մեկ իրեն էի նայում, մեկ՝ փողին: Կերածի փողն էր հետ տալիս: Մայրս ջղայնացավ ու թե՝ արագ դի՛ր տեղը ու տոլմայի պատմությունը պատմիր: Արուսյակի միամտության մեջ մի քաղցր բան կար. մանկորեն էր պատմում. մանկորեն պարզ ու միամիտ հրճվանքով: Սկեսուրից խոսելիս ասում էր՝ «էն վէչ մխիթէրածը», ամուսնու մասին՝ «մէր մարթը»: Երբ ասացի՝ «վէչ մխիթէրածը» անեծք է, մեղք է ասելը, աչքերի մեջ անսովոր փայլ երևաց:

– Գյուդումը՞ս՝ հինչքանա մէր մարթին ինձ թակել տըվալ… Ու պատմեց իր «կերած» առաջին ծեծի մասին: Դեռ մի ամսվա հարս էր, սկեսուրը տոլման դրել էր կրակին, ու հարևանուհու հետ խոսքի բռնվել: Միսակը ընդմիջման էր եկել: Արուսիկը չգիտեր՝ ոնց ստուգեր եփված լինելը. տատը գյուղում մեկը վրայից վերցնում էր, ուտելով ստուգում, իսկ ինքը սկեսուրից վախենում էր… Միսակից է հարցնում, նա էլ թե՝ տակինները եփված կլինեն, վրայինները՝ չէ. մի լավ տակուվրա խառնի՛ր, որ վրայինները հում չմնան: Ամուսնու հումորը էլի տեղ չի հասնում: Վերցնում է տան մեծ գդալը և մի լաաա՜վ, իր խոսքով ասած՝ «ջընըյանա» խառնում… և այդքան «անֆայմ» լինելու համար սկեսուրի բզբզմամբ իր առաջին ծեծն ուտում: Տարիներն անցնում էին: Սկեսուրը աշխարհը բռնած չպահեց, մի օր էլ գնաց: Արուսյակի կյանքում բան չփոխվեց. ո՛չ ձեռք առնելը պակասեց, ոչ անհամ կատակները, ոչ էլ ծեծը… Մինչև տղաները մեծացան ու իրենց մորը թիկունք կանգնեցին: Արուսյակը հաճելի կին էր, ձիգ էր ու գեղեցիկ: Աստված չտվածի տեղ, սիրունություն էր շռայլել: Գուցեև կանացի սիրունությունն էր Միսակին ընտանիքի հետ էդքան տարի կապած պահել, գուցե տղանե՞րը… Բայց մի օր էլ գնալուց ոչ մեկը հետ պահեց, ոչ մյուսը. Միսակը գնաց Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, ու էլ հետ չեկավ, ընդհանրապես չեկավ, մեկ-մեկ էլ չերևաց:

Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031