Կյանքը ցույց տվեց, որ Արցախն Ադրբեջանին զիջելով՝ բնավ անգլխացավանք, խաղաղ ապրելու նախադրյալներ չստեղծվեցին Հայաստանի համար, ինչպես ժամանակին պնդում էր ՀՀ առաջին նախագահը՝ «Սերգո ջան»-ին զգուշացնելով, որ լավ չի ապրելու, քանի դեռ հակամարտությունը մնում է չկարգավորված: Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահայտ դիրքորոշումը, թե Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք, որը կիսում էր եւ, ըստ էության, իրականացրեց Նիկոլ Փաշինյանը, գործնականում փուչիկ դուրս եկավ:
Արցախի հանձնումը ոչ միայն չլավարկեց Հայաստանի տարածքային հուսալիությունն ու կայունությունը, այլեւ ճիշտ հակառակը՝ թուլացրեց անվտանգային համակարգը, սասանեց պետականության հիմքերը եւ մատչելի դարձրեց թշնամի երկրի կողմից ՀՀ տարածքները մաս առ մաս նվաճելու առումով: Բանը հասավ նրան, որ բռնապետական Ադրբեջանի անկշտում ղեկավարն արդեն երկու տարի ամեն օր մտովի «կլանում» է փոքրիկ Հայաստանի ամբողջ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրը՝ անունը դնելով «Արեւմտյան Ադրբեջան»:
Որքան հայկական կողմն անլուրջ վերաբերվեց Ալիեւի «ցնդաբանությանը», այնքան վերջինս ուժեղացրեց նախահարձակ հռետորաբանությունը եւ նպատակին միտված գործնական քայլերն ու նախաձեռնությունները: Ամենաթարմ նախաձեռնությունն անցած տարվա դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի Միլի մեջլիսում ընդունված փաստաթուղթն էր, համաձայն որի՝ «արեւմտյան ադրբեջանցիների պատմական հայրենիքը» Հայաստանն է, որտեղ նրանք, ըստ Ադրբեջանի օրենսդիր մարմնի, «դարեր շարունակ ապրել են»:
Հայտարարության նախագիծն Ադրխորհրդարանում ներկայացրել է, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքպերլին: Փաստաթղթում, մասնավորապես, ասված է. «Պատմական վավերագրերն ու քարտեզները վկայում են, որ այնտեղ ապրող բնակչության մեծ մասն ադրբեջանցիներ են եղել»: Այլ հիմնավորումներ հայտարարության տեքստում չկան եւ չեն էլ կարող լինել, որովհետեւ ՀՀ-ում բնակվող ադրբեջանական ազգաբնակչությունը երբեք ոչ մի վարչական շրջանում մեծամասնություն չի կազմել, իսկ Հայաստանի տարածքում ապրելն ինքնին փաստարկ չէ՝ հողային պատկանելիության կամ պահանջատիրության պնդումներ անելու համար:
Կարդացեք նաև
Ավելին՝ պատկերը տրամագծորեն հակառակ տեսքը կունենա, եթե փորձենք դիտարկել հարյուր տարի առաջ Թուրքիայի միջնորդությամբ ստեղծված Ադրբեջան արհեստական պետությանն ամրակցված այն հողատարածքները, որոնք նախախորհրդային շրջանում եւ ավելի վաղ ժամանակներում բնակեցված են եղել հայահոծ էթնիկ խմբերով: Նկատի ունենք հիմնականում Հյուսիսային (հարթավայրային) Արցախի արգավանդ հողերը՝ փռված Քուռ-արաքսյան միջտարածքներում: Խորհրդային տարիներին այդ բնակավայրերը կտրվել էին Արցախից եւ, ի հաճուկս Թուրքիայի, դրվել նորաստեղծ Ադրբեջանի տիրապետության տակ:
Հեռահար նպատակը, կարծես թե, պարզ է՝ այն մասամբ արտացոլված է Ալիեւի մեկտարյա վաղեմության ելույթից բերված քաղվածքում: Սկզբունքորեն՝ նման աճպարարությունները քաղաքականություն չես անվանի: Դրանք ավելի շուտ մանր խորամանկությունների շարքից են: Եվ Ալիեւը մտադիր է այդ ակնհայտ կեղծիքը միջազգայնացնել. «Մենք լավ գիտենք, որ ադրբեջանական ժողովուրդը պատմության ընթացքում ապրել է այսօրվա ՀՀ-ի տարածքում։ Հիմա գլխավոր խնդիրն է՝ այդ մասին տեղեկացնել համաշխարհային հանրությանը»,- հայտարարել է նա՝ հավելելով. «Մենք ցանկանում ենք ապահովել մեր իրավունքները խաղաղ միջոցներով եւ միջազգային կոնվենցիաներով… պետք չէ ժամանակ կորցնել»:
Մինչ Ալիեւը պարբերաբար նոր տարածքային պահանջներ էր հնչեցնում՝ ուժեղացնելով ռազմատենչ եւ առավելապաշտական իր հռետորաբանությունը, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը անցած տարվա դեկտեմբերի 20-ին «Հ1»-ին տված հարցազրույցում հերթական անգամ փորձում էր մոլորեցնել հանրությանը: Արցախցիների իրավունքների համատեքստում Փաշինյանն անդրադառնում է ադրբեջանական նախապայմանին՝ նշելով, թե ԼՂ ժողովրդի՝ Արցախ վերադարձի, իրավունքների ու անվտանգության դիմաց Ադրբեջանն իր հերթին պահանջում է խաղաղության պայմանագրում ամրագրել ՀՀ-ից արտագաղթած ադրբեջանցիների իրավունքները եւս:
Ալիեւն արդեն լրջորեն եւ բացահայտ հավակնում է մեր պետությանն ու ինքնիշխանությանը, ինքը լռում է՝ զրո արձագանք իր կողմից: Միակ բանը, որ փորձում է հակադրել ալիեւյան մեծապետական շովինիզմին, հայ ազգին սպառնացող արհավիրքից հասարակության ուշադրությունը շեղելն է: Նրա մոտ «ասֆալտի», «ցնցուղի» ու «կախիչի» կարգի էժանագին ներկայացումները միշտ լավ են ստացվում:
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում