Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին»․ Նիկոլ Փաշինյան

Հունվար 13,2024 18:26

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում, որն անցկացվել է Գավառ քաղաքում:

Նա հայտարարեց՝ վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին․ «Առաջին պատճառն այն է, որ մենք մի քանի անգամ հրապարակային, արձանագրված պայմանավորվել ենք, որ ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը, ինչպես նաեւ սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան պետք է հիմնված լինի 1991 թվականի դեկտեմբերի Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Սա նշանակում է մի պարզ բան, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է հայկական սովետական սոցիալիստական հանրապետության տարածքը եւ Ադրբեջանի տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է ադրբեջանական սովետական սոցիալիստական հանրապետության տարածքը: Ալմաթիի հռչակագիրը հենց դա էլ ասում է, որ խորհրդային միությունը փլուզվեց, պետությունները իրենք իրենց տարածքներով ձեռք են բերում անկախություն եւ ադմինիստրատիվ սահմանները խորհրդային պետությունների միջեւ եղած դառնում են պետական սահմաններ»:

Փաշինյանը հավելեց․«Այս պայմանավորվածությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արձանագրվել են եւ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպման եւ արդյունքում ընդունված քառակողմ հայտարարությունում, եւ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ եւ 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ: Ինչու եմ հարված համարում վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որովհետեւ այն, ինչ նրանք ասում են ամենաբարձր մակարդակով ուղիղ հակասում է այս տրամաբանությանը եւ այս պայմանավորվածությանը»:

Առաջին տպավորությունը այն է, որ, ի հեճուկս պայմանավորվածությունների, Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է․ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Փորձ է արվում ժամանակ առ ժամանակ միջանցքային խոսույթ ձեւավորել ՀՀ տարածքի նկատմամբ: Ընդ որում ՝ երբ որ մենք ասում են դա նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ, ասում են, որ դա միջազգայնորեն ընդունված խոսույթ է, որ կա Հյուսիս- Հարավ միջանցք, հարավային միջանցք, հյուսիսային միջանցք եւ կոնկրետ օրինակներ են բերում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիաներ նկատմամբ: Մենք դրան արձագանքում են հետեւյալ կերպ՝ ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ Ադրբեջանին` Նախիջևան հասնելու համար, նույն պայմանով մենք էլ ենք պատրաստ տրամադրել այդ կապը եւ երկաթուղային եւ ավտոճանապարհային»,-ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թ. նոյեմբերի 9–ի հայտարարության մեջ չկա «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Նա նշեց, որ Ալիեւը հայտարարում է, որ հասել են նրան,որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրվի Զանգեզուրի միջանցքը, որի անվտանգությունն ապահովելու է ՌԴ-ն:

«Տենց բան ընդհանրապես գոյություն չունի գրած, ոչ մի տեղ գրած չի, որ ՌԴ-ն ՀՀ որեւէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի, ընդհակառակը գրած է, որ ՀՀ-ն պետք է ապահովի եւ բնական է, ո՞վ պետք է ուրիշ ապահովվի: Էլ չեմ ասում, որ արդեն 3 տարի Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ խոսույթ է զարգացնում՝ հղում անելով եռակողմ հայտարարության վրա: Ով որ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ արտահայտություն կգտնի, խոստանում եմ դրամական պարգեւ, ցավոք նման արտահայտություն գոյություն չունի»:

Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկեց «սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել»։

«Առաջարկում ենք, ասում ենք՝ եկեք անվտանգությունն ապահովելու համար զորքերը Ալմաթայի հռչակագրով սահմանված սահմանագծից հայելային հետ քաշենք, որ բախումների վտանգը չեզոքացնենք, Ադրբեջանը սա մերժում է։

Ասում ենք՝ եկեք սահմանային շրջանները ապառազմականացնենք, Ադրբեջանը սա մերժում է։

Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել՝ եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն և մեկը մյուսի պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու հնարավորություն ունենա»։

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031