Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիեզերական արդարություն կա Նիկոլի կադրային չարքի մեջ, բայց մի տեսակ կիսատ է, քանի դեռ չի տարածվել անձամբ իր վրա». Արմեն Աշոտյան

Հունվար 13,2024 17:50

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ։ Նա «5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա  զրույցի շրջանակներում պատասխանել է քաղաքացիների՝ իրեն ուղղված հարցերի։

Հարցին՝ Արմեն Աշոտյանն ինչպե՞ս է դիմավորել Ամանորը բանտախցում՝ նա պատասխանել է. «Ամանորը ընտանեկան առիթ է, եւ թեպետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգով եւ անբարոյականության պատճառով արդեն 7 ամիս է, ինչ ընտանիքիս կողքին չեմ, այնուամենայնիվ միայն ֆիզիկապես եմ եղել բանտախցում։ Հոգով, մտքով, սրտով թե այդ օրը, թե Սուրբ Ծնունդը անցկացրել եմ երեխաներիս կողքին, ընտանիքիս հետ։ Սեղանին եղել է մի փոքր քանակի միրգ, քաղցրավենիք, չրեղեն։ Հեռուստացույցով լսել եմ Վեհափառ Հայրապետի խոսքը։ Անմիջապես 12-րդ զարկից հետո աղոթել եմ իմ ընտանիքի եւ իմ Հայրենիքի համար։ Շնորհավորել եմ հարկում հերթապահություն իրականացնող հսկիչներին»։

Հարցին՝ Փաշինյանն ազատել է աշխատանքից Լոռու մարզպետին, առհասարակ նա խառն է, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ՝ Աշոտյանը պատասխանել է. «Հայ ժողովրդի գլխին այդքան աղետ բերած, այդքան ստեր` թե ներսում, թե դրսում խոստացած, այդքան ստորություններ եւ մեղքեր գործած մարդը, անշուշտ, պետք է, Ձեր ասած, «խառը» լինի։ Այդ խառնաշփոթը նախեւառաջ իր գլխում է, իր հոգում է, իր սրտում է (Ամանորի օրերին գուցե նաեւ ստամոքսում)։ Եվ թեպետ Փաշինյանը մինչ այսօր այդքանից հետո դրսեւորում է քաղաքական կենսունակության ռեկորդներ, քաղաքական անմահության հասնել դեռ ոչ մեկին չի հաջողվել։ Ուստի անխուսափելի է այն օրը, երբ իր իսկ ստեղծած խառնաշփոթին զոհ է դառնալու հենց ինքը։ Որոշակի տիեզերական արդարություն կա Նիկոլի կադրային չարքի մեջ, բայց մի տեսակ կիսատ է, քանի դեռ չի տարածվել անձամբ իր վրա»:

Հարցին՝ արդյոք կլինե՞ն արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ եթե լինեն ՀՀԿ-ն կմասնակցի՞՝ Աշոտյանն այսպիսի պատասխան է տվել. «Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը որոշվելու է դրսում, այն ուժային կենտրոններում, որոնց սպասարկում է Փաշինյանը։ Ճիշտ այնպես, ինչպես եղավ 2021 թվականի խորհրդարանական արտահերթի դեպքում։ Գիտեմ, որ ՀՀԿ-ում նման հարց չի քննարկվել դեռ։ Կարծում եմ, իմ կուսակցության կայացրած որոշումը մի շարք սկզբունքային հարցերից է կախված լինելու, որոնցից կարեւորագույնը հայ ժողովրդի ազգային շահերի պաշտպանությունն է։ Պարզապես Խորհրդարանում հայտնվելը, ինչը Հանրապետականի` որպես քաղաքական դաշտի առաջատարներից մեկի համար, կարեւոր խնդիր է, չի կարող լինել միակ հիմնավորումը մասնակցության համար։ Հնարավոր արտահերթի դեպքում կարիք կլինի հստակեցնել մեր պոտենցիալ մասնակցության նպատակները եւ առաքելությունը»:

Քաղաքացիներից մեկն էլ գրել է, որ ունի Արմեն Աշոտյանի հետ շփման ուղիղ կարիք, ուստի հարցրել է՝ ի՞նչ եք կարծում, ե՞րբ կազատվեք եւ ինչպե՞ս՝ նա պատասխանել է. «Գուցե գիտեք, որ Հայաստանում արդարադատության բռնաբարման հերթական արատի արդյունքում իմ կալանքի ժամկետը երկարացվեց եւս 3 ամսով։ Ինչպես այլ քաղբանտարկյալների (Ասլանյան, Մալյան եւ այլք) դեպքում, իմ քրեական գործում եւ կալանքում չկա ոչ արդարություն, ոչ ճշմարտություն, ոչ բարոյականություն, ոչ օրենք, ոչ էլ իրավաբանություն։ Գրպանային դատարանների դրածո դատավորները «բարձր» են պահում նախաքննության մարմինների եւ Գլխավոր դատախազության` Հայաստանում այլախոհության ճնշման, վախի մթնոլորտը ուժեղացնելու, Նիկոլի քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու նշաձողը»:

Գեղամ Սարգսյանն էլ հետաքրքրվել է՝ նախկին Live-ի ժամանակ հարցրեցին, թե արդյոք կառաջնորդեք այդտեղից պայքարը, ասացիք, եթե կարիքը եւ պահանջը լինի` այո, կարծում եմ պահանջը կա` պատրա՞ստ եք առաջնորդելու՝ Աշոտյանը պատասխանել է. «Ողջ հարգանքով Ձեր կարծիքի հանդեպ, մի ծաղկով գարուն չի գալիս։ Դուք կողմեք, ոմանք` դեմ, մեծ մասը` չկողմնորոշված։ Պատասխանելով նման հարցի` ես ի նկատի եմ ունեցել այն հանգամանքը, որ ամբիցիաներ չունենք` ոչ կուսակցությունս, ոչ ես։ Պատասխանատվությունից չենք խորշում` ոչ Կուսակցությունս, ոչ ես։ Պայքարը շարունակում ենք` եւ կուսակցությունս, եւ ես։ Կրկնեմ. Նիկոլին ատել պետք չէ, նա դրանից միայն ուժեղանում է, սնվում է, էներգիա է ստանում։ Պետք է մի կողմ դնել բոլոր երկրորդային եւ երրորդային տարբերությունները եւ տարաձայնությունները եւ վերականգնել մեզ միավորող արժեքներ, համախմբել այդ արժեքների շարքը եւ պաշտպանել դրանք։ Հավատացեք, այդ դեպքում Նիկոլի հեռացումը կդառնա ինքնըստինքյան, ավտոմատ պրոցես»:

Պատրաստեց Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031