Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

79 մլն դրամ` «անճոռնի» ջահերի համար. բանավեճ՝ սոցցանցերում

Հունվար 13,2024 15:14

Սոցցանցերում հրապարակային բանավեճ է ծավալվել Երեւանի քաղաքապետարանի հերթական շվայտ գնումների հետ կապված: Երեւանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը կիսվել է Հանրապետության հրապարակից մի լուսանկարով ու գրել. «Հանրապետության հրապարակի շատրվանների 3 անճոռնի ջահերի ձևավորման համար միայն հարկատուների գրպանից քաղաքապետարանը հատկացրել է 79 միլիոն դրամ։ Դեռ զարմանո՞ւմ եք, որ ցնցուղը 72 հազար դրամ արժեր»:

Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հակադարձել է. «Առնվազն անճոռնի և անտրամաբանական է իրականությունը չհասկանալով, և նաև հասկանալու համար փորձ չձեռնարկելով՝ անպատասխանատու հայտարարություններ անելը։ Շատ ավելի տգեղ է ամեն տարի նույն գույքը իբր էժան գնով ձեռքբերելու մասին հայտարարելը, որի նպատակը մանիպուլյատիվ կերպով մարդկանց աչքին փոքր գումարներ ներկայացնելն է, և դա այն դեպքում, երբ համայնքը մեկ անգամ է ծավալային գնում իրականացրել՝ բազմաթիվ տարիներ օգտագործման համար: Մեր այս գաղափարը «Անճոռնիություն» անվանելն է անճոռնիություն։ Անճոռնի է արդեն տարիների փորձառություն ունեցող ավագանու անդամ լինելով, պայմանագրերի բովանդակությանը ծանոթանալու փոխարեն դեղին մամուլի մակարդակից էլ ցածր վերնագիր տեղադրելը»: Նա կիսվել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի բացատրությամբ, որտեղ գրված է նույնը, ինչ Երիցյանն է վերաշարադրել. «Տարբեր էլեմենտներով փորձել ենք ստանալ մի ընդհանուր պատկեր, որտեղ ներգրավված են բյուրեղապակյա հսկա լուսամփոփներ, որոնց հավաքման համար օգտագործվել է ընդհանուր 440.000 բյուրեղիկ, ռոյալներ և նրանցից ճյուղավորվող նոտաներ՝ խաչատրյանական տարբեր ստեղծագործություններից հատվածներով։ Ձեռք բերված դեկորացիաները օգտագործվելու են նաև հաջորդ տարիներին։ Վերը թվարկվածների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 79 մլն. դրամ»:

Երեւանի նախկին քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը նույնպես միացել է բանավեճին՝ նշելով. «Այդ լամպերը կարող են որակվել անճոռնի, անհարկի, տգեղ, նույնիսկ կարող են լինել այնպիսի մարդիկ, որ կասեն՝ բարոյական թերմացք պետք է լինել պետության գոյության թերեւս ամենաողբերգական տարում նման ճոխություններ թույլ տալը տոնական զվարճանքների վրա։ Սրանք կարծիքներ են, որոնք կարող են ձեզ դուր գալ կամ դուր չգալ, բայց դրանք լռեցնել չեք կարող, ոչ դուք անձամբ, ոչ ձեր թիմակիցները։ Իսկ «դեղին մամուլի» մասին դատողություն անելիս ազնիվ կլիներ հետ հայացք գցել ու հիշել, թե նախընտրական շրջանում ինչպիսի ապատեղեկատվական արշավ էիք նախաձեռնել ձեր քաղաքական հակառակորդների դեմ դուք եւ ձեր թիմակիցները՝ սիստեմատիկորեն կիսվելով ֆեյք տեղեկատվություն արտաթորող էջերի գրառումներով»:

Օգտատերերը  տարբեր հարցադրումներ են առաջ բերել՝ որքանո՞վ է նորմալ 79 միլին դրամ հատկացնել 3 ջահի համար, եղե՞լ է մրցութային ծրագիր, ինչ սկզբունքո՞վ է ընտրվել հաղթողը, ո՞վ 3 ջահ տեղադրել՝ 192 հազար դոլարով:

Ի պատասխան՝ Սուրեն Գրիգորյանը հորդորել է ծանոթանալ պայմանագրին ու նշել, որ ընտրության ընթացակարգը մրցութային չի եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031