Լրահոս
Օրվա լրահոսը

The Economist պարբերականն անդրադարձել է Արմեն Սարգսյանի հեղինակած «Փոքր երկրների ակումբ» գրքին

Հունվար 13,2024 13:35

The Economist պարբերականը «Ինչ կարող են սովորեցնել հաջողակ փոքր երկրները մնացած աշխարհին» (What adroit small countries canteach the rest of the world) վերնագրով գրախոսականում անդրադարձել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հեղինակած և վերջերս լույս տեսած՝ «The Small States Club» («Փոքր երկրների ակումբ») գրքին:

Պարբերականը նշում է, որ Հայաստանի նախկին նախագահն իր գրքում անդրադառնում է այն փոքր պետություններին, որոնք զգալի հաջողությունների են հասել և այն դասերին, որոնք նրանք կարող են տալ մյուսներին: Նա ներկայացնում է այդպիսի մի քանի երկրների «դիմանկարներ», որոնք նաև համեմված են անձնական պատմություններով և ուսումնասիրություններով: Մասնավորապես ադ բազմազան փնջի մաս են կազմում Սինգապուրը, որը, անհաջող մեկնարկից հետո, Լի Կուանի հեռատես ղեկավարության և քաղաքականության շնորհիվ դարձել է աշխարհի ամենահաջողակ քաղաք-պետություններից մեկը, Բոտսվանան, որը, լինելով չմշկված ադամանդ Աֆրիկայում, դարձել է խելամիտ տնտեսական քաղաքականության ու արդյունավետ կառավարման մոդել: Եվրոպական հաջողակ փոքր երկրների եռյակում Արմեն Սարգսյանն առանձնացնում է Շվեյցարիան, որը չեզոքությունը դարձրել է իր առավելությունը, լավ կապակցված, բաց ու գլոբալ Ւռլանդիան և պրագմատիկ Էստոնիան, որն անճանաչելիորեն փոխվել է պարզեցված հարկման և էլեկտրոնային կառավարման առաջամարտիկ դառնալու շնորհիվ:

Մերձավոր Արևելքն ունի փոքր և հաջողակ պետությունների իր աստղաբույլը՝ Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հորդանան: Արմեն Սարգսյանը տպավորված է Իսրայելի՝ որպես «ստարտափ ազգի» հմուտ լոբբինգով և տնտեսական հնարամտությամբ, որը, ինչպես և Հայաստանը, ունի «տրավմատիկ» պատմություն և համաշխարհային սփյուռք: Սակայն Հայաստանը չի կարողացել հասնել այդպիսի տպավորիչ տնտեսական հզորության, լավագույնս օգտագործել սփյուռքի, գլոբալ ազգ լինելու իր հնարավորությունները, ստեղծել իր մոդելը:Հետևաբար, պարզապես փոքր պետություն լինելը դեռևս հաջողության երաշխիք չէ:

Այսպիսով, որո՞նք են հաջողված երկրների դասերը: Այդ երկրների գլխավոր խնդիրը գոյատեւումն է: Նրանք ճանաչում են իրենց խոցելի կողմերը և ապագային ուղղված ներդրումներ են կատարում: Ըստ Արմեն Սարգսյանի, հիմնական բաղադրիչները ներառում են ինքնության ուժեղ զգացողությունը, ազգային առաքելությունը, ռազմավարական նպատակը և արդյունավետ կառավարումը: Նա համոզված է, որ այս ամենի առկայության դեպքում փոքր պետությունները կարող են 21-րդ դարի բարդ մարտահրավերները հաղթահարել ավելի խելացի ձևերով, քան ավանդաբար խոշոր տերությունները:

Հեղինակն անդրադառնում է նաև Արմեն Սարգսյանի՝ փոքր երկրների ակումբ ստեղծելու գաղափարին՝ գրախոսականն ավարտելով հետևյալ կերպ. «Այնուամենայնիվ, ինչպես պարոն Սարգսյանն է համոզիչ կերպով նկարագրում, գեղեցիկը փոքր լինելն է»:

ՀՀ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031