Արցախցի լրագրող Քրիստինե Խանումյանը, որը նաև ասեղնագործ պայուսակներ է պատրաստում, ֆեյսբուքյան իր էջում կիսվում է իր պատրաստած պայուսակներից մեկի պատմությամբ՝ ներկայացնելով, թե ինչպես այն հասավ Փարիզի քաղաքապետին ու թե ինչպես արձագանքեց քաղաքապետն այդ յուրահատուկ նվերին։
Քանի մի երկու րոպե ազատ ժամանակ ունեմ, կիսվեմ էս լուրով։
Վերջապես կարող եմ ասել, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն է այս՝ ամենապահանջված պայուսակի տերը։
Հիմա այս երկար ոդիսականը մի քանի բառով պատմեմ։
Երբ բլոկադայի օրերին ստեղծված մի քանի պայուսակների ֆոտոները տեղադրեցի Ֆեյսբուքում՝ վաճառքի, հաշվի առնելով դրանց քիչ քանակը, այնպես էի արել, որ գրառումս միայն իմ ֆեյսբուքյան ընկերների համար հասանելի լինի (մոտ 2 հազար ընկեր ունեմ): Բայց առավոտյան մեսենջերում տասնյակներով նամակներ գտա անծանոթ մարդկանցից, որոնք բոլորը հենց այս պայուսակն էին ցանկանում գնել․ պարզվեց, մեր սիրելի Ծավինար Բանուչյանն այս պայուսակի նկարով կիսվել էր իր էջում ու ահա այդպես սկսվեց այս պայուսակի ոդիսականը։
Բայց վաճառք սկսելուց առաջ պայման ունեի՝ առաջին պայուսակը մեր սիրելի Մերին պետք է ընտրեր, նա էլ առաջինը հենց այս պայուսակն ընտրեց, ուստի բոլորին պատասխանեցի, որ պայուսակն արդեն տեր ունի։ Այդպես այս պայուսակը սկսեցինք անվանել Մերիի պայուսակ։ Բայց մինչ ես կհասնեի Երեւան, Մերին արդեն վերադարձել էր Կանադա, ու պայուսակը մի տարի պիտի սպասեր նրան։ Իմ գալուն հաջորդող օրերին Մերին ասաց՝ եթե պայուսակը ցանկացող կա, կարող ես վաճառել ուրիշին, երբ գամ, մեկ ուրիշը կընտրեմ։ Ցանկացողներ, իհարկե, կային, բայց նրանց մի մասը իմ ընկերներն էին նաեւ, ու ես մեծ երկընտրանքի առջեւ էի, բա էդ սիրելի մարդկանցից ո՞ր մեկին այն վաճառեմ։ Ի վերջո որոշեցի՝ ոչ մեկին չեմ վաճառելու, այն նվիրելու եմ մեզ հետ կապ չունեցող որեւէ մեկին․ քանի որ այն բլոկադայի ժամանակ է ստեղծվել, ապա բլոկադան բացելու համար փորձ արած որեւէ մեկին էլ այն կնվիրեմ։
Կարդացեք նաև
Հենց այդ պահին լուրերով տիկին Իդալգոյի մասին էին պատմում, ու որոշեցի՝ պայուսակը կգնա Փարիզ, տիկին քաղաքապետին ուղղված ուղեկցող նամակով, որում մասնավորապես գրել էի. «․․․Հաշվի առնելով այն, որ Դուք մեկն էիք այն մարդկանցից, որը բարձրաձայնում էր մեր բլոկադայի անհապաղ վերացման հարցը, անկեղծ ցավում էիք մեր տառապանքների համար եւ հեռակա աջակցում էիք մեզ, ցանկանում եմ բլոկադային Ստեփանակերտից բերված այդ չափազանց թանկ հուշերից մեկը կիսվել Ձեզ հետ եւ նվիրել իմ ասեղնագործած պայուսակներից մեկը։ Հուսամ՝ այն Ձեզ դուր կգա, եւ Դուք կկրեք այս նվերը, որն ուղարկում եմ անկեղծ սիրով եւ երախտագիտությամբ»։
Այս ամբողջ պատմության մասին միայն մի քանի հոգի էին տեղյակ, այն մարդիկ, որոնք ներգրավված էին պայուսակը Փարիզի քաղաքապետին փոխանցելու գործում, նրանց բոլորին էլ խնդրել էի այս պատմության մասին լռել, որ այս մասին կգրեմ միայն եթե տիկին Իդալգոն ստանա պայուսակն, ու որ ամենակարեւորն է՝ արձագանքի։ Եվ ահա մի քանի օր առաջ ստանում եմ արձագանքը՝ իմ անունով այպիսի շնորհավորական բացիկ է գալիս՝ տիկին քաղաքապետի ձեռագիր տեքստով նաեւ։ Այ հիմա, ինչպես արդեն վերեւում նշեցի, կարող եմ ասել, որ պայուսակը Փարիզում է։
Երբ Ամանորից առաջ գրեցի Մերիի պայուսակի հայտնի ճամփորդության մասին, որն ի վերջո հասավ Փարիզի քաղաքապետին, եւ նա էլ իմ անունով ամանորյա շնորհավորական բացիկ ուղարկեց, ես համարեցի, որ դա էր տիկին քաղաքապետի արձագանքը, ուրախացա, գրեցի ֆեյսում, ու համարեցի թեման փակված։ Բայց արդեն երեկ առավոտյան զանգ եմ ստանում Հայփոստից, որ իմ անունով նամակ կա՝ ֆրանսերեն գրությամբ։ Մտածում եմ՝ բացիկն է տեղ հասել։
Փոստում նամակը բացում եմ, ու պարզվում է՝ բացիկը չէ, տիկին քաղաքապետը առանձին նոր նամակ է ուղարկել, որտեղ երկար գրում է թե՛ պայուսակի եւ դրա վերաբերյալ իր զգացմունքների մասին, թե՛ Արցախի եւ արցախահայերի հետ կապված։
Ասել, թե ինչքան եմ անակնկալի եկել՝ նշանակում է՝ ոչինչ չասել։
Ասել, թե պարզապես հուզվել էի՝ էլի նշանակում է բան չասել, երբ հատկապես քո ձեռքով ստեղծած գործի մասին Փարիզի քաղաքապետից ես նման գեղեցիկ ու ականջ շոյող արձագանք ստանում։
Էսքանից հետո մնում է միայն ավելի շատ աշխատել, հասցնել ամեն բան, ու ամենակարեւորը՝ երբեք, երբեք, երբեք չհանձնվել, ինչպես ասում էր Չերչիլը։
Ճիշտ է՝ էս իշխանության գործունեությամբ ապագայի ու վաղվա հետ կապված առանձնապես հույսեր չկան, բայց ի հեճուկս մեկ է՝ չպետք է հանձնվել: