2023-ի դեկտեմբերի վերջին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ռեկտոր Դավիթ Խիթարյանն անսպասելիորեն ազատվեց աշխատանքից: Սա արդեն երկրորդ դեպքն է, որ իշխանությունը փորձում է ռեկտորին ազատել աշխատանքից: Նախորդ անգամ 2023-ի սեպտեմբերին էին դադարեցրել նրա լիազորությունները` Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի պատճառով, սակայն որոշ ժամանակ անց դատարանը վերականգնել էր ռեկտորի լիազորությունները: Զրուցել ենք Դավիթ Խիթարյանի հետ` պարզելու, թե որն է պաշտոնանկության պատճառը:
– Ինչո՞ւ է բուհի հոգաբարձուների խորհուրդը որոշել հեռացնել Ձեզ ռեկտորի պաշտոնից: Ո՞րն է պատճառը:
– Պատճառն այն է, որ պայքարում էի կոռուպցիոն համակարգի դեմ: Գործիքակազմերն ու ամեն բան այնպես էին դրված, որ քննությունների 60 տոկոսը ծածկագրված էին` փակ եւ գաղտնի: Կային մարդիկ, որոնց դա, փաստորեն, ձեռք չէր տալիս, քանի որ եթե փոփոխություններ լինեին, պետք է նրանք ուղղակի զուտ աշխատավարձով աշխատեին, իսկ իրենք երեւի սովոր էին երկար տարիներ կոռուպցիոն համակարգով… բայց վատն այն է, որ իրենց հովանավոր կանգնեցին հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Գիլոյանը եւ նույն խորհրդի անդամ Գոհար Մամիկոնյանը:
– Դատարա՞ն եք դիմելու` վերականգնվելու հարցով:
Կարդացեք նաև
– Շուտով: Դեռ ժամանակ ունենք: Այդ փուլի մեջ ենք: Նախորդ տարվա սեպտեմբերին իմ լիազորությունները կասեցվել էին` քրեական գործի շրջանակներում, սակայն այդ գործը, իմ կարծիքով, էլի կազմակերպված էր այս ուժերի կողմից, բայց դատարանի որոշմամբ ես կարողացա իմ լիազորությունները վերականգնել:
– Դուք ռեկտոր եք դարձել 2019-ին` այս իշխանությունների օրոք, ի՞նչն է Ձեր հանդեպ այս վերաբերմունքի պատճառը:
– Ես ընտրված ռեկտոր եմ եղել, այլ ոչ թե նշանակված: Խնդիրը հենց դա է, որ ընտրված ռեկտորին առանց պատճառի անվստահություն են հայտնում: Ի դեպ` հոգաբարձուների խորհրդի օրակարգում չի էլ եղել այդ հարցը, սակայն առանց դրա լսել են հարցը եւ անվստահություն հայտնել: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում ու չեմ զբաղվել ոչ մի անգամ: Ես այստեղ քաղաքական տարրեր չեմ տեսնում, այստեղ առկա են միջանձնային խնդիրներ: Բոլորս էլ համակարծիք ենք, որ կրթության ոլորտում բարեփոխումներ են պետք: Նոր կառավարման մոդելներ են հարկավոր, սակայն դրանց կիրառումից որոշ մարդիկ դիսկոմֆորտի մեջ են ընկնում, որովհետեւ իրենք սովոր չեն դրան:
– Կոռուպցիոն դրսեւորումների մասին խոսենք: Ովքե՞ր եւ ինչպե՞ս են կոռուպցիայով զբաղվում, եւ ինչպե՞ս եք դրա դեմ պայքարել Դուք:
– Եթե հստակ տվյալներ լինեին, կասեի, դա իրավապահ մարմինների գործառույթն է, մի բան կարող եմ ասել` իմ բարեփոխումների շնորհիվ բուհում ռոտացիայի ձեւը փոխվել է: Ունեցել ենք 55 պետպատվերի տեղ, 5 ուսանող է ուսման առաջադիմությամբ կարողացել փոխվել անվճարից վճարովի եւ հակառակը: Սակայն իմ բարեփոխումների շնորհիվ այդ 5 տոկոսը դարձել է 63: Այսինքն` 55 ուսանողից 27-ն ամեն տարի փոխատեղվում է: Սա ինչի՞ մասին է խոսում, որ ոչ մեկը չի կարող երաշխիք տալ, որ եթե պետպատվերով ընդունվում ես, պետք է այդպես էլ սովորես միշտ: Հիմա այս մարդիկ պայքարում են նաեւ սրա դեմ, ինչո՞ւ` ենթադրում եմ, որ պատճառն այն է, որ ոչ մեկին չեն կարողանում երաշխիք տալ: Որ շատ ցանկանան, ամեն ինչ էլ կբացահայտեն:
– Այսինքն` իշխանությունները խրախուսո՞ւմ են կոռուպցիան:
– Դե, իշխանություններ ասվածը չգիտեմ, Գիլոյանը փոխնախարար է… բայց նախարարի հետ հանդիպման ժամանակ նա ինձ վստահեցրեց, որ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ անձնական հարց չկա, զուտ իրավական պրոցես է: Ի դեպ, ամեն ինչ սկսվել է նրանից, որ Հակակոռուպցիոն դատարանը գործ է հարուցել իմ դեմ, իբր թե պաշտոնական փաստաթղթի կեղծիք եմ արել:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում