Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Որոշ ուղղություններով երկրի գիտական համակարգն աղճատելու և կազմաքանդելու գործընթաց է գնում․ «Փաստ»

Հունվար 13,2024 09:51

Ընդունենք, թե չընդունենք խորհրդային հասարակարգը, այդուամենայնիվ, պարտավոր ենք արձանագրել, որ այդ շրջանում մեր երկիրը գիտության զարգացման ամուր հիմքեր է ունեցել: Այնինչ, անկախությունից հետո լիարժեքորեն չի հաջողվել պահպանել գիտական ներուժը։ Ներկա պայմաններում, երբ մեր պետականությունն ուղղակի գոյաբանական խնդիրների առաջ է կանգնած, գիտությունն առանձնահատուկ ուշադրության կարիք ունի: Օրվա իշխանությունները արտաքուստ սկսել են «հիշել» գիտության մասին, որը նաև մեր անվտանգության և պետության զարգացման հենասյունն է։

Փաշինյանն անընդհատ խոսում է գիտելիքահեն տնտեսության, գիտությունը խթանելու և ոլորտին տրամադրվող ֆինանսների ավելացման մասին, սակայն իրականության մեջ գիտությունը մնում է անտեսված, քանի որ իշխանությունների համար առաջնայինը ոչ թե գիտության զարգացման մոդելների ներդրումն է, այլ միայն փիառը։ Իրականում այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ գիտությամբ զբաղվող մարդկանց թիվը կրճատվի, գիտությամբ զբաղվելը ֆինանսական առումով դառնա ոչ նպատակահարմար։ Օրինակ՝ Փաշինյանն ընդգծում է, թե ավելացնում են գիտնականների աշխատավարձերը, բայց մյուս կողմից էլ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ գիտնականներին տրամադրվող գումարները նվազեն։

Ի մասնավորի՝ 700-ից ավելի գիտության թեկնածուներ և դոկտորներ, ովքեր մինչ այս գիտական աստիճանի համար հավելավճարներ էին ստանում, հիմա չեն ստանա այդ գումարները, քանի որ աշխատաժամանակի ամբողջական ծավալով չեն ներգրավված գիտության մեջ։ Հասկանալի է, որ գիտնականներից շատերը միայն գիտությամբ զբաղվելով չեն կարող ներկա թանկացումների պարագայում հոգալ իրենց կարիքները, և գիտության հետ մեկտեղ նաև այլ աշխատանքներ են կատարում։ Փաշինյանը հայտարարում է, թե հավելավճարների կրճատումով փորձում են խրախուսել, որ գիտնականներն անցնեն ամբողջ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի։ Բայց պարզ է, որ թեկնածուական աստիճանի 25 հազար դրամի կամ դոկտորական աստիճանի 50 հազար դրամի համար գիտությամբ զբաղվողները չեն նախընտրի թողնել իրենց երկրորդ աշխատանքը, որքան էլ գիտության մեծ նվիրյալ լինեն։ Զարմանալին այն է, որ հավելավճարների կրճատումը կառավարության կողմից հիմնավորվում է նաև նրանով, թե պետական բյուջեի վրա ծանրաբեռնվածություն է ստեղծում։

Փաստացի այդ փոքր գումարները բյուջեի համար խնդիր են, իսկ երբ իշխող կուսակցության թիմի անդամների աշխատավարձերն ու պարգևավճարները աստղաբաշխական չափերի ավելացում են արձանագրում, որևէ խնդիր չկա։ Ստացվում է՝ պետական բյուջեի համար ծանրաբեռնվածություն չի ստեղծում այն, որ իշխանության ներկայացուցիչների շքեղ մեքենաների, տարբեր միջոցառումների վրա միլիոնավոր դրամների գումարներ են ծախսում, իսկ գիտնականներին տրվող հավելավճարը ծանրաբեռնվածություն է ստեղծում։ Դե ինչ, կարելի է փակել գիտությունների ակադեմիան, նաև դպրոցները, վերացնել կենսաթոշակները, դրանք էլ են ծանրաբեռնվածություն ստեղծում. փոխարենը ՔՊ-ականները տասնապատիկ ավելի եկամուտ կստանան: Իսկ եթե լուրջ, ապա իրականում որոշ ուղղություններով երկրի գիտական համակարգն աղճատելու և կազմաքանդելու գործընթաց է գնում։ Օրինակ՝ իշխանություններին պետք չէ, որ երկրում հայագիտությունն ամուր հիմքերի վրա լինի, ու դա էլ արտահայտվի կրթության շրջանակներում, ինչի արդյունքում քաղաքացիների շրջանում ազգային բարձր ինքնագիտակցություն կձևավորվի։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031