Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սոցիալական մեդիան ինչպես որ կա՝ ինֆորմացիոն աղբակույտերից մինչեւ գրագետ բովանդակություն

Հունվար 13,2024 12:30

Սոցիալական մեդիայի տիրույթն անընդհատ ընդլայնվում է, եւ դրա ազդեցությունը տարածվում է բոլոր ոլորտների վրա: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք տարբեր ոլորտներ ներկայացնող ու նախասիրություններ ունեցող մարդկանց հետ:

Անյա Սարկիսովա

Հետաքննող լրագրող Անյա Սարկիսովան կարծում է, որ վերջին տարիներին լրագրողները կարողանում են իրենց հետաքննական ծանր եւ բարդ նյութերը սոցիալական հարթակների միջոցով մատչելի դարձնել  սովորական ընթերցողին՝ մատուցելով  դրանք սոցցանցերի «լեզվով»:

«Մարդիկ տեղեկատվությունը ստանում են հենց սոցիալական մեդիայից եւ  մուտք չեն գործում բուն կայք, հիմա արդեն Տիկտոկ, Տելեգրամ, անգամ մեր օպերատոր-լրագողներն են պատմում, որ շտապ տեղեկատվություն հենց այդ հարթակներից են ստանում։ Իհարկե, շատ դեպքերում սոցհարթակներն օգնում են  լրագրողին իրենց նյութի հերոսի մասին տեղեկատվություն ստանալ, օրինակ՝ աղբյուր կարող են դառնալ հերոսների նախկին կամ ներկա հրապարակումները:

Մեզ համար չկա տեղեկատվություն, որը բացարձակ ճշմարտություն է եւ ստուգման ենթակա չէ։ Ցանկացած տեղեկատվություն ստանալիս՝ անպայման ստուգում ենք, քանի որ հատկապես սոցհարթակներում ամեն ինչ ավելի է ուռճացված»,-ասում է Անյան:

Ապա հավելում է.  «Իրականում, սոցիալական մեդիան  կարեւոր հետաքննական պատմությունների վերաբերյալ հանրային իրազեկմանը խոչընդոտում է, քանի որ շատ է ապատեղեկատվությունը: Օրինակ, իմ ավագ գործըկերներից մեկը  շատ երկար հետաքննություն էր վարել եւ արդեն,  երբ պետք է հրապարակեր արդյունքը, ինչ-որ իքս կայք հրապարակել էր այդ նյութի հենց բացահայտիչ մասը՝ շատ կարճ։ Ստացվեց, որ լրագրողի ամիսներով կատարած հետաքննությունն ընկավ ջուրը: Հետաքննող լրագրողը, եթե ուզում է գերազանցել սոցիալական հարթակներին, պետք է մրցի եւ իր կոնտենտն այնպես ադապտացնի հարթակներին, որ յուրաքանչյուր սպառող  այդ ամենը հալած յուղի պես ընկալի եւ վերցնի: Քանի դեռ մենք լոնգրիդ ենք գրում, հետաքրքիր չենք լինելու»:

Սիաննա Մովսիսյան

Կլինիկական հոգեբան-հոգեթերապեւտ, ԵՊՀ կլինիկական հոգեբանության ասպիրանտ Սիաննա Մովսիսյանը մեզ հետ զրույցում մի քանի մասով առանձնացնում է սոցիալական մեդիայի օգտագործման հետ կապված՝ հոգեկան առողջության ամենատարածված ռիսկերը. «Կարող են հոգեկան տարաբնույթ խնդիրներ կամ  խանգարումներ ի հայտ գալ, կարող են առաջանալ կպչուն գործողություններ (անընդհատ նորություններ ստուգելը, արդյոք չկա՞ նոր հաղորդագրություն, վախը` կորցնելու ամենակարեւորը Fear of missing something, FOMO): Այս ամենը կարող է առաջացնել սոցիալական հարթակից կախվածություն: Կախվածությունը եւս ունի տեսակներ` կախվածություն սննդից, խաղերից եւ այլն: Այս պարագայում, երբ մարդն ունենում է հուզական ապրումներ, եւ որոնցից ուզում է ազատվել, սոցիալական հարթակը կարող է լինել այն վայրը, որտեղ մարդը թաքնվի ու կտրվի իրականությունից,  ու սրա պատճառով ձեւավորվի ու զարգանա որոշակի կախվածություն: Քանի որ մենք սոցիալական էակներ ենք, որոշակի տարբերությունների  շրջանակում է մեր զարգացումը, որպես անձ ձեւավորումը»:

Սիաննա Մովսիսյանն ընդգծում է. «Սոցիալական հարթակները ուղիղ կերպով կապված են մեր ինքնագնահատականի հետ` լայքերը, մեկնաբանությունները, արձագանքները… Ստացվում է՝ մարդու ինքնագնահատականը շարունակ կախված է արձագանքի շատ կամ քիչ լինելուց: Եթե մարդը հրապարակում է նկար եւ չի ստանում իր պատկերացմանը համապատասխան լայքեր, ստացվում է, որ ես-ի պատկերացումը չի համապատասխանում հասարակության արտաքին աշխարհի հետ:

Կա մի հետաքրքիր հետազոտություն, եթե 3 ժամից ավելի է անձը ծախսում  սոցիալական հարթակներում, ապա ռիսկերն ավելի բարձր են, որ նա ունի հոգեկան առողջության հետ որոշակի խնդիրներ: Սոցիալական մեկուսացումը եւս ազդում է հոգեկան առողջության վրա, երբ մենք կորցնում ենք բնական եւ արտաքին շփման կարողությունները:

Սոցհարթակներում կանանց եւ տղամարդկանց կախվածության խնդիրները տարբեր են: Կանայք  հակված են իրենց համեմատել ուրիշների հետ, փնտրում են ֆիզիկական ես-ը, փորձում են բարձրացնել ինքնագնահատականը, իսկ տղամարդկանց դեպքում հաճախ առաջ են գալիս կպչուն գործողությունները, սոցկայքերում շեղվելու հակումները: Սոցիալական հարթակների ազդեցությունը տարբեր է՝ վիզուալ, ձայնային, բայց ինֆորմացիայի տեսանկյունից շատ ցաքուցրիվ է յուրացվում: Երբ մենք ֆիլմ ենք նայում կամ գիրք ենք կարդում, ունենում ենք այդ ամենի ամբողջական պատկերը, բայց սոցհարթակներում տեղ գտած տեղեկատվությունը մեր հոգեկանը վերցնում է, փորձում ամբողջացնել եւ որոշակի դարակներում դասավորել: Մի մասը բարեհաջող դասավորվում է, իսկ մյուս մասը չի ստացվում եւ առաջանում են ինֆորմացիոն աղբակույտեր՝ մեր մտածական պրոցեսներում:

Շփումը շատ կարեւոր է մարդու համար եւ իրապես շփվելու հմտությունները գնալով պակասում են, քանի որ մարդը սովորում է, որ ինչ-որ տեսակի գրառում իրականացնելուց սկսվում է մեկնաբանությունների տեղատարափը: Եվ ելնելով նրանից, թե որ հրապարակած նյութը կամ գրառումն ունի ավելի շատ հետադարձ կապ, դա հանգեցնում է սոցիալական մեկուսացման:

Սոցիալական հոգեբանության մեջ կա ներազդման վարակի ֆենոմենը` երբ մարդը հետեւում է թրենդներին եւ հետ չմնալու համար կրկնօրինակում է` նորը ստեղծելու փոխարեն կամ զուտ թրենդային թվալու համար»:

Նինա Տիտանյան

Բլոգեր Նինա Տիտանյանի ձեւակերպմամբ, սոցիալական հարթակներն իրեն որպես ինֆլուենսեր, բլոգեր տվել են ազատ ստեղծագործելու հնարավորություններ. «Եթե անցյալում մարդիկ երկար ճանապարհ էին անցում հայտնիություն  ձեռք բերելու համար, հիմա ես նույնպես կատարում եմ մեծ աշխատանք, բայց ավելի արագ է ստացվում  հայտնի դառնալը: Կան հստակ հարթակներ, որտեղ կարելի է ստեղծել կոնտենտ եւ այդ կերպ ներգրավել մարդկանց: Չնայած շատերը բացասական են վերաբերվում այդ ամենին, օրինակ՝ դերասաններն ասում են՝ մենք այդքան տարի սովորել ենք, որ դառնանք հայտնի, բայց հնարավոր է, որ դերասանների մոտ չստացվի ստեղծել նույնատիպ կոնտենտ, որը ստեղծում է բլոգերը, նրանք այդկերպ բավարար հայտնիություն ձեռք չբերեն: Բացասական ազդեցության մասին ասեմ, որ շատ է ատելության խոսքը, մարդիկ հաճախ անձնական վիրավորանքներ են հասցնում»:

Բլոգերն ասում է, որ չի պատկերացնում իր կյանքն առանց հեռախոսի, միեւնույն ժամանակ հավելում է. «Թեպետ ամեն վայրկյան չեմ տեղադրում այն, ինչ կատարվում է, քանի որ աշխատում եմ ֆիլտրել կոնտենտս, բայց նկատել եմ, որ շատ եմ օգտվում հեռախոսից: Երբեմն նաեւ ուզում եմ ջնջել սոցիալական էջերս եւ մի փոքր հանգստանալ, բայց հասկանում եմ, որ դա անհնար է:

Ես մասնագիտությամբ դեղագործ եմ, որոշ ժամանակ աշխատել եմ իմ մասնագիտությամբ, բայց ոլորտը սրտովս չի եղել, ու հիմա րոպե անգամ չեմ ափսոսում, որ փոխել եմ ուղղությունս դեպի բլոգինգ:

Կարծում եմ՝ սոցիալական հարթակները դեռ շատ են զարգանալու: Գուցե ամբողջովին փոխեն իրենց տեսքը, ձեւը, բայց գալու են նոր հարթակներ, որոնք իրենց հետաքրքրությամբ  ներգրավելու են հասարակության մեծ մասին»:

Մարիամ Մինասյան

50-ամյա Մարիամ Մինասյանը, որ տնային տնտեսուհի է, համոզված է, որ իր տարիքում դժվար է ընկնել ազդեցության տակ, հատկապես  եթե խոսում են սոցիալական հարթակների ազդեցության մասին: Նա հիմնականում օգտվում է Ինստագրամից, Յութուբից, Ֆեյսբուքից, հազվադեպ՝ Տիկտոկից. «Փորձում եմ գտնել հետաքրքիր տեսահոլովակներ, հաղորդումներ: Ամենաշատ սիրում, հարգում եւ հետեւում եմ Նազենի Հովհաննիսյանին:

Թեեւ ժամանակակից եմ, սակայն ինձ հետաքրքրում են ավանդականը, պահպանողականը եւ կնոջ կերպարի մասին նյութերն ու հաղորդումները: Չեմ ասում այս ամենը նրա համար, որ հայրենիքիցս հեռու եմ եւ արդեն 18 տարի է՝ ապրում եմ Իսպանիայում: Ֆեյսբուքն ինձ համար տեղեկատվական հարթակ է: Ես փորձում եմ ընթերցել միայն հավաստի լրատվամիջոցների նյութերը, որոնք հրապարակում են հենց ֆեյսբուքյան հարթակում:

Կարծում եմ, որ սոցիալական հարթակների վատ ազդեցությունից խուսափելու համար մարդը  պետք է կրթված լինի, որպեսզի թութակի պես չկրկնի այն ամենը, ինչ տեսնում է: Եվ այդ հարցում կարող են օգնել այն բլոգերները, ովքեր հրապարակում են իրենց սոցիալական հարթակներում գրագետ կոնտենտ, որից կարելի է շատ բան սովորել: Երբեմն մտածում եմ բլոգ վարելու մասին: Հուսամ, որ առաջիկայում դա իրականություն կդարձնեմ»:

Անուշ Ղազարյան

Մագիստրատուրայում սովորող Անուշ Ղազարյանը կարծում է, որ սոցիալական մեդիան կարեւոր նշանակություն ունի ուսանողի կյանքում. «Եթե նախկինում տեղեկատվություն էինք ստանում հանրագիտարանից, գրքից, թերթից, ամսագրից, հիմա այդ ամենը հեշտացել է սոցիալական հարթակներում: Անկախ մասնագիտությունից, եթե ունես անձնական էջ, որտեղ քո ընկերներն են ու մարդիկ, որոնք կիսում են նույն արժեքները, ցանկացած պահի պատրաստ են քեզ օգնել` նյութ գտնելու հարցում: Մարդն ինքնին մեդիա է, քանի որ ամեն քայլափոխի փոխանցոմ է տեղեկատվություն:

Ես սովորում եմ մագիստրատուրայում եւ ինձ շատ են օգնում սոցիալական հարթակները, որտեղ ամեն վայրկյան կարող եմ գիտական հոդվածներ ընթերցել: Հայկական իրականության մեջ, ցավոք, չես կարող գտնել հայերեն լեզվով շատ գիտական նյութեր եւ այստեղ է, որ սոցիալական մեդիան օգնում է գտնել ռուսական կամ ամերիկական գրականությունից նյութեր, որոնք էլ օգտագործում եմ իմ հետազոտություններում: Անգամ թարգմանությունների համար դիմում ենք թարգմանչական ծրագրերին: Համացանցի բացասական կողմերից մեկն այն է, որ երբեմն պետք է գումար վճարես կամ անձնական տվյալներդ ավելացնես հարթակում՝ որեւէ նյութերից օգտվելու համար, իհարկե, վստահ չես կարող լինել, որ վճարելուց հետո կգտնես այն, ինչ քեզ պետք է:

Ես ունեմ իմ անձնական էջը, ժամանակ եմ անցկացնում սոցհարթակներում, ինչը շատ է խանգարում դասերիս  վրա կենտրոնանալու համար: Շատ կուզենամ, որ սոցիալական հարթակները լինեն ոչ միայն գրառումներ, տեսանյութեր կամ նկարներ հրապարակելու վայր, այլ նաեւ հարթակ, որտեղ ուսանողները  կկարողանան շատ կարեւոր տեղեկատվություն ստանալ, որը կլինի բաց եւ բոլորի համար»:

Անի ԵՆՈՔՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031