Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը չէր կարդացել գործի նյութերը, նա խառնել է շինընկերությունների անունները, սխալ է նշել տուժողի ազգանունը, հայրանունը

Հունվար 13,2024 12:00

2023 թվականի ապրիլի 27-ին ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ստացվել էր Դիանա Մովսեսյանի հաղորդումը հանցագործության մասին: Նա նաեւ մեր լրատվամիջոցին էր տեղեկացրել, որ 2023 թ. ապրիլի 2-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին («Հանգուցյալի լիցենզիան օգտագործվել է մասնագիտացված կազմակերպության կողմից», «Առավոտ», 12.09.2023): ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 03.05.2023թ. նախաձեռնվել է թիվ 20161323 քրեական վարույթը, որի շրջանակներում Դ. Մովսեսյանը, նրա ամուսինը ճանաչվել են տուժող։ Վարույթ նախաձեռնելուց շուրջ 6 ամիս հետո քննչական մարմինը ժամանակին չձեռնարկեց հնարավոր բոլոր միջոցները մեղավոր անձանց բացահայտելու համար։ Որպես մեղադրյալ չներգրավվեցին անձինք, չձեռնարկվեց միջոցներ տուժողներին պատճառված առանձնապես խոշոր չափի վնասները վերականգնելու նպատակով դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու համար: Դեկտեմբերի 14-ին տուժողները ստանում են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Տ. Ներսիսյանի կողմից գրություն՝ թիվ 20161323 քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից կայացված քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը քննություն առնելու մասին որոշման պատճենը։ Ըստ տուժողի, որոշման տեքստում, ամենուրեք նշված է ինչ-որ «Արխանգելսկ» ՍՊ ընկերության մասին, չնայած նրան, որ տուժող կողմի կողմից բերված բոլոր փաստաթղթերում եւ ցուցմունքներում հստակ նշված է եղել «Արխանգել» ՍՊԸ, իսկ դատախազի կողմից կայացված որոշման մեջ նշված ինչ-որ ռուսական հեռավոր քաղաքի անունը կրող ընկերությունը որեւէ աղերս չունի թիվ 20161323 քրեական վարույթում հիշատակված ՍՊ ընկերության հետ։ Սա ապացուցում է, որ մարզի դատախազության դատախազ Հ. Բաղյանը նույնիսկ չի էլ կարդացել այս գործի նյութերը, հակառակ դեպքում, կնկատեր, որ «Արխանգել» ՍՊ ընկերությունն ու «Արխանգելսկ» ՍՊ ընկերությունը իրարից էականորեն տարբերվում են իրենց անվանումներով։ Որոշումը հասցեագրված է «ոմն Մովսիսյան Դիանա Լեւոնին», ինչը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ դատախազը չի էլ նկատել, որ տուժողի ու տվյալ անձի ազգանվան եւ հայրանվան մեջ կա առնվազն տարբերություն։ 2023 թվականի տարեվերջին՝ դեկտեմբերի 20-ին մասնագիտությամբ իրավաբան Դ. Մովսեսյանը կրկին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազին, որի հակիրճ բովանդակությունը ներկայացնում ենք ստորեւ։

2021թ. ապրիլի 9-ին մենք՝ ՀՀ քաղաքացիներ Դիանա Մովսեսյանս եւ ամուսինս՝ Հարություն Իշխանյանը, ձեռք ենք բերել համատեղ սեփականության իրավունքով Կոտայքի մարզի Առինջ համայնքի Դուրյան թաղամասում գտնվող հողամասը (0.1003 հա): Նշված հողամասի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ստացել է պետական գրանցում 2021թ. ապրիլի 15-ին: Հողամասում սեփական տուն կառուցելու նպատակով, 2021թ. ապրիլի վերջին դիմել ենք բազմաթիվ կառուցապատողների եւ ճարտարապետների, որպեսզի ստանանք գնառաջարկներ ու համապատասխան խորհրդատվություն։ Մեզ խորհուրդ տվեցին դիմել «Արխանգել» ՍՊ ընկերությանը, տալով կոնտակտներ՝ տնօրեն Արտակ Կնյազյանի եւ գլխավոր ճարտարապետ Արսեն Դավթյանի։ Նախ, զանգահարել եմ տնօրեն Ա. Կնյազյանին, որպեսզի պայմանավորվեմ հանդիպման մասին, ապա զանգել եմ Ա.Դավթյանին, ճշտելով, որ ես «Արխանգել» ՍՊ ընկերության գլխավոր ճարտարապետի հե՞տ եմ խոսում: Ներկայացրեցի մեր հարցը, խնդրեցի ժամ ասի, որպեսզի մոտենամ գրասենյակ՝ մանրամասները քննարկելու համար։ Դրան ի պատասխան, Ա.Դավթյանն ինձ ասաց, որ կարիք չկա մոտենալ գրասենյակ, ժամն արդեն ուշ է, ասաց, որ ունի սեփական տուն հենց մեր հողամասից մի երկու փողոց ներքեւ, ասաց, որ հրավիրում է իր մոտ, երեկոյան քննարկելու մեր ապագա տան նախագիծը։ Երեկոյան մոտեցել եմ, հեռազանգով միացել է նաեւ ամուսինս, ով տվյալ պահին երկրում չէր, խոսել, քննարկել ենք մանրամասները, խնդրել ենք, որպեսզի մեզ գնառաջարկ անեն, մի քանի անգամ շեշտվել է, որ քանի որ դիմում ենք ընկերությանը, քանի որ իրենց են խորհուրդ տվել։ Բացի այդ, պայմանավորվեցինք, որ վերահսկողությունն իրականացվելու է նշյալ ընկերության կողմից։ Հարցիս, ո՞վ է լինելու շինարարը, պատասխանեց. «Մինչեւ 300 քմ տան համար շինարար պետք չի, ես եմ շինարարը»։ Ավելի ուշ պարզեցի, որ շինարարի լիցենզիա Ա.Դավթյանը չունի ու երբեւէ չի ունեցել։ Կազմվեց նաեւ նախահաշիվը, համաձայն այդ նախահաշվի՝ տան ընդհանուր արժեքը, ներառյալ ճարտարապետական նախագծի պատրաստումն ու շինարարական աշխատանքների կատարումը կազմում էր շինարարության առաջին եւ երկրորդ փուլերի համար 85 490 000 ՀՀ դրամ: Արդյունքում, ընկերության կողմից 09.07.2021թ. մշակվեց նախագիծ, որի գլխավոր ճարտարապետն էր ընկերության գլխավոր ճարտարապետ Ա. Դավթյանը, իսկ նախագծի գլխավոր կոնստրուկտորը՝ Էդիկ Մելքումյանը: Ընկերության կողմից տրվել է թիվ 068 երաշխավորագիրը:

Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավարի կողմից ինձ եւ ամուսնուս 2021թ. սեպտեմբերի 10-ին տրվել է հողամասի վրա նկուղային հարկով, երկհարկանի տուն, ամառային խոհանոցի եւ պարսպի կառուցման թիվ 1183-Ա որոշումն ու թիվ 257 թույլտվությունը, պարտավորեցվել է օրենքով սահմանված կարգով տեղեկացնել համայնքի ղեկավարին եւ քաղաքաշինության պետական տեսչությանը, մուծել սահմանված պետական տուրքերը։ Որոշման կատարման հսկողությունը դրվել էր համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի վրա։

2022թ. մարտի 15-ին համայնքի ղեկավար Է. Բաբայանի կողմից ստորագրվել է թիվ 414 որոշումը, որով փոփոխություն էր կատարվում Առինջ համայնքի ղեկավարի կողմից թիվ 257 թույլտվության մեջ՝ շինարարության ժամկետը սահմանելով 24 ամիս։ Հարկ եմ համարում նշել, որ իմ եւ ամուսնուս ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասը (մեկ այլ անշարժ գույքի հետ միասին) գրավադրվել է «ԷՅՉ ԷՍ ԲԻ ՍԻ ԲԱՆԿ Հայաստան» ՓԲ ընկերությունում՝ 2021թ. սեպտեմբերի 23-ին վարկային պայմանագրով 55 000 000 մլն հայկական դրամ գումարի անշարժ գույքի կառուցապատման վարկ ստանալու նպատակով։ Շինարարության մեկնարկը սկսվել է 2021թ. սեպտեմբերին եւ տեւել է մինչեւ 2022թ. սեպտեմբեր ամիսը ներառյալ։ Բոլոր աշխատանքների մասով Դավթյան Արսենը ցուցաբերում էր բուռն մասնակցություն, գումարային հարցերով խնդրեց, որ վարպետներին վճարման ենթակա գումարները նույնպես փոխանցվեն իր կողմից նշված հաշվեհամարին։ Նշեմ, որ բոլոր խնդրանքներիս՝ տրամադրել համապատասխան հաշիվապրանքագրեր կամ վճարման անդորրագրեր, կամ որեւէ այլ վճարային փաստաթուղթ, մնացել են անպատասխան։ Ակնհայտ չարաշահելով իմ՝ տվյալ ոլորտում փորձի բացարձակ բացակայությունը, այն հանգամանքից, որ ամուսինս արտերկրում է, ամբողջ ընթացքում Ա. Դավթյանը պարբերաբար ուղարկում էր տարբեր հաղորդագրություններ, թե իբրեւ ինչ-որ բան ավելացնել է պետք, ինչ-որ պակասել է, իր ձեռքին գումար չկա, խնդրում էր փոխանցել, շեշտելով, որ եթե շինարարությունը կանգնի, լուրջ վնասներ կունենանք: Այսպիսով, օրեցօր աճում էին բոլոր տիպի ողջամիտ ծախսերը եւ Դավթյանի կողմից ստացվող կուտակվող պարտքի մարման վերաբերյալ ծանուցումները…

2022թ. սեպտեմբերի մեկին կազմվել է եւ ստորագրվել իմ, ամուսնուս լիազորված անձի ու հեղինակային հսկողություն իրականացնող ընկերության գլխավոր ճարտարապետ Դավթյանի կողմից ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը։ Դրանից հետո ինձ տրվել է ընկերության կողմից պատրաստված փաստաթղթերի փաթեթը, մասնավորապես, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊ ընկերության կողմից տրված «Տեխնիկական եզրակացությունը», փաթեթում առկա մնացած փաստաթղթերի հետ։ Ընկերության բլանկի վրա, ընկերության կնիքով կնքված, գլխավոր ճարտարապետի կողմից ստորագրված տեղեկանքի համաձայն. «բնակելի տան շինարարության ընթացքում առաջացել են ոչ էական շեղումներ», իսկ ընկերության կողմից տրված Երաշխավորագրի համաձայն էլ, բնակելի տան շինարարական աշխատանքները կատարվել են ՀՀ-ում գործող շինարարական նորմերին համապատասխան՝ ըստ համաձայնեցված նախագծի եւ այն ենթակա է շահագործման։ Այս բոլոր փաստաթղթերը ես ներկայացրել եմ Աբովյանի համայնքապետարան։ Այստեղ ինձ հայտնեցին, որ փաստաթղթերի փաթեթը թերի է, երաշխավորագիրն ու տեղեկանքը սխալներ են պարունակում, հարցրեցին, արդյո՞ք ընկերության Արսենն է այն պատրաստել, այնուհետեւ հետ ուղարկեցին ինձ, հայտնեցին, որ նախագծով բնակելի տան երկու կողմից պետք է լինեն կառուցված բետոնե աստիճաններ, այնինչ դրանք փաստացի չկային, իսկ ընկերության գլխավոր ճարտարապետը երաշխավորել է. «բնակելի տունը կառուցված է ըստ համաձայնեցված նախագծի» (ավելորդ է ասել, որ Դավթյան Արսենն այդ աստիճանները կառուցելու համար պնդեց, որ պետք է եւս լրացուցիչ վճարվի ու որ դրանց գինը ներառված չի եղել նախահաշվի մեջ-Դ.Մ.)։ 2022թ. սեպտեմբերի 26-ին Աբովյան համայնքի ղեկավարի թիվ 151 որոշմամբ մեզ տրամադրվել է ավարտական ակտը՝ շահագործման թույլտվությունը, որի հիման վրա 2022թ. հոկտեմբերի 12-ին գրանցվել է իմ եւ ամուսնուս ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը նշված հասցեում կառուցված բնակելի առանձնատան նկատմամբ։ Ընդհանուր առմամբ 2022թ. դեկտեմբերի 24-ի դրությամբ ես Ա.Դավթյանի կողմից նշված բանկերի հաշվեհամարներին փոխանցել եմ համապատասխանաբար՝ 64 244 750 ՀՀ դրամ եւ 47 361 780 ՀՀ դրամ՝ ընդհանուր 111 606 530 ՀՀ դրամ։ Ավելացնեմ նաեւ, որ բոլոր վճարումներն իրականացվել են իմ կողմից բանկային փոխանցմամբ: Բացի այդ, երբ հարցրեցի՝ իսկ ինչո՞ւ է տրամադրել իր անձնական հաշիվները, եւ ոչ թե ընկերության հաշվեհամարը, ասաց, որ այդպես ճիշտ է ու որ վերջում բոլոր հաշիվները կտրամադրի ինձ՝ ընկերության կնիքով։ Քանի որ Դավթյան Արսենի կողմից շարունակվում էր պնդվել, որ մենք իրեն դեռ պարտք ենք եւս 4 000 000 ՀՀ դրամից մի քիչ ավելի գումար, ինչ-որ աշխատանքների եւ շինանյութի համար, որն իբրեւ թե ինքը գնել է սեփական միջոցներով, մեզ լավություն անելու ցանկությունից դրդված, փորձեցինք կրկին պարզել իր հետ ինչքան է, վերջիվերջո, ծախսվել մեր առանձնատան վրա եւ որքան է կազմում տան փաստացի արժեքը, ինչին ի պատասխան ստացանք՝ «բոլոր փաստաթղթերը կան, նայեք, հաշվեք»։

…Դիմեցի ընկերության տնօրեն Ա. Կնյազյանին, ներկայացրեցի իրավիճակը ու խնդրեցի պարզաբանել՝ ինչ է տեղի ունենում։ Սկզբում Կնյազյանը բավականին նորմալ ընդունեց ինձ, նայեց բոլոր փաստաթղթերը, խորապես մտահոգված դեմքով հայտարարեց, որ Դավթյանն իր եւ «Արխանգել» ՍՊ ընկերության հետ որեւէ կապ արդեն շատ վաղուց չունի, թեեւ փաստաթղթերով հանդիսանում է ընկերության համահիմնադիր, 50% բաժնեմասի սեփականատեր, նաեւ հայտնեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչով է զբաղվում Արսենը, գիտի միայն, որ նա պարբերաբար տներ է կառուցում իր ընկերների համար Առինջում, որոնցից մեկն էլ, պարզվեց, մենք ենք, այնուհետեւ հայտնեց, որ Դավթյանն ընդամենը օգտագործել է ընկերության կնիքը եւ ինքը՝ Կնյազյանը բացարձակ գաղափար չունի՝ ինչ կապ ունի ինքն այս ամենի հետ:

Որոշ ժամանակ հետո ստացա Կնյազյան Արտակից հեռախոսազանգ, որով հրավիրում էր ինձ իր գրասենյակ՝ ճշտումներ կատարելու։ Արդյունքում, իր կողմից հրավիրված ինձ՝ անծանոթ շինարար, Արտակ Կնյազյանի հետ փորձում էր համոզել, որ շինարարությունը կատարված է նորմալ, մի բան էլ «ինքն իրեն վնաս է տվել», որ ինչի՞ց եմ ես դժգոհ, «շենքը հո կա», բացի այդ, ինքը՝ Կնյազյանը, չի կարող հասկանալ՝ ի՞նչ կապ ունի ինքն այս ամենի հետ. «Ընդամենն օգտագործվել է իր կնիքը, ու ինքը չգիտի նույնիսկ ինչով կարելի է ինձ օգնել», բացի այդ, ինչպես նա նախկինում ասել էր, Արսենի հետ կապ չունի շատ վաղուց: «Քրեագետ» դատական եւ անկախ փորձաքննությունների կենտրոն ՍՊ ընկերությունից ստացված եզրակացության համաձայն, փաստացի կատարված աշխատանքների արժեքը հետազոտվող ժամանակահատվածի համար, այն է՝ 2021թ. հունիս ամսվա դրությամբ կազմում է 85 531 200 ՀՀ դրամ, որից չեն կատարվել շուրջ 22 միլիոն ՀՀ դրամի աշխատանքները, բացի այդ, ինձնից տարբեր պատրվակներով եւ չարաշահումներով ու կեղծ փաստաթղթերով հափշտակվել է նախահաշվային արժեքը գերազանցող եւս 26 միլիոն ՀՀ դրամ։

Դիմել եմ ՀՀ բնակչության պետական ռեգիստր եւ ստացել եմ ՀՀ քաղաքացի Էդիկ Մելքումյանի մահվան վկայականը, որի պատճենը կցել եմ հանցագործության մասին հաղորդագրությանը։ Այսինքն, ընկերությունն առանց շինարարական լիցենզիայի իրականացրել է շինարարություն:

Դիանա ՄՈՎՍԵՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել