Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«1988-ին էլ մեր դպրոցների պատերին Արցախի սիմվոլիկան կպցրած չէր»

Հունվար 13,2024 13:00

«Դա կանխատեսում չէ, այլ այսօր առկա փաստի արձանագրումն է»,- «Առավոտի» զրուցակից, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ Stratfor-ի զեկույցի եւ Իլհամ Ալիեւի հարցազրույցի մասին

– Stratfor ուղեղային կենտրոնը երեկ իր կանխատեսումներն է հրապարակել 2024 թվականի վերաբերյալ: Հարավային Կովկասին, մասնավորաբար՝ Հայաստանին վերաբերող մասում, ասված է. «Եթե տարվա առաջին վեց ամիսներին զգալի առաջընթաց չգրանցվի, վտանգը, որ Ադրբեջանը կփորձի Հայաստանի հարավից մի զգալի մաս պոկել, կմեծանա ամռանը, երբ լայնածավալ ռազմական գործողության համար պայմաններն օպտիմալ կլինեն»։ Տարածաշրջանային կանխատեսումների հատվածում էլ, ասված է. «Եթե Բաքուն ներխուժի Հայաստան՝ ցամաքային կապ հաստատելու Նախիջեւանի հետ, Ադրբեջանն ու Թուրքիան կհայտնվեն Արեւմուտքի ճնշման տակ, եւ չի բացառվում, որ փոխեն արտաքին քաղաքական կողմնորոշումը եւ թեքվեն Արեւմուտքից՝ ավելի սերտ կապեր հաստատելով Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ»:

Նկատի ունենալով այս կանխատեսումը, ի՞նչ դիտարկումներ ունեք, ի՞նչ զարգացումներ են հնարավոր, փաստորեն, ընդամենը վեց ամիս ժամանակ ունենք իրավիճակ փոխելու համար:

– Դա կանխատեսում չէ, այլ այսօր առկա փաստի արձանագրումն է: Ալիեւը երեկ իր շուրթերով ասաց՝ «այն, ինչը գրավել ենք, չենք տալու», մի երկու տարի էլ ասում է՝ «ճանապարհն ինքնակամ չտաք՝ ուժով ենք վերցնելու»: Այնպես որ, այդ կանխատեսումները վաղուց արված են, Ալիեւն էլ քանիցս պարզ հայտարարել է իր հավակնությունների մասին: Թե Թուրքիայի, թե Ադրբեջանի մասով հետքայլն Արեւմուտքից ամեն օր տեսնում ենք եւ պատճառն այն չէ, որ իրենց վրա ինչ-որ ճնշումներ են գործադրվում. դա, պարզապես, իրենց քաղաքականությունն է: Հենց օրերս Ադրբեջանը մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի համանախագահությունները: Թե ամեն օր ի՞նչ է Թուրքիան մերժում արեւմտյան կողմերին՝ տեսնում ենք ու հավելյալ քննարկման իմաստը չկա: Այնպես որ, դա մեր իրականությունն է, որը գնալով խորանալու է, քանի որ Ալիեւին պետք է իր ընտրություններով ձեւավորել իրավիճակ, որտեղ ինքը կհաղթի: Նա ամեն ինչ անելու է, որ առաջին անգամ՝ լավ, թե՝ վատ, բայց թափանցիկ կոչվող ընտրություններ լինեն: Արդարության մասին չէ խոսքը, այլ թափանցիկության, այն իմաստով, որ բոլորն իրեն համարում են հաղթած ղեկավար եւ նա հույս ունի, որ ամենը շատ թափանցիկ է լինելու: Էլ չասեմ, որ նույն նավթագազային պայմանագրերը ինչպես շահագործել է, այդպես էլ շահագործելու է: Արեւմուտքն էլ այսօր առավելապես զբաղված է իր ներքին խնդիրներով. տարին այնպիսին է, որ ամռանը ԵՄ-ում են ընտրություններ, փոփոխություններ, աշնանը՝ ԱՄՆ-ում: Ալիեւի խոսքերից կարելի է նաեւ ենթադրել, որ ՌԴ-ի նկատմամբ ինքը բավական լավ մոտեցումներ է ցուցաբերելու, Չինաստանի եւ Իրանի հետ իր առեւտրային հետաքրքրություններն ունի:

Այնպես որ, այն, ինչը որ ասվում է, 2024 թվականին շարունակական խորանալու է: Գործընթացն, իհարկե, ավելի վաղ էր սկսվել: Այլ խնդիր է, որ Ալիեւը կկարողա՞ ճնշումների միջոցով, մինչեւ մարտի 17-ն ինչ-որ բաներ պոկել, թե՞ ամռանն ուժով կանի դա: Բայց ինքը երկու սցենարին էլ պատրաստ է ու ամբողջովին իրագործելու է: Նախօրեին, իր խոսքով, Ալիեւն ամբողջովին ջնջեց երեք տարվա նարատիվը, որը հայկական կողմի բանակցողները փորձում էին մեզ վրա վաճառել: Որքան ասում էինք՝ անհնար է ու հենց Ալիեւի համար ու ինքը ոչինչ էլ չի ստորագրելու… 2020 թվականի նոյեմբերի 20-ից այդ մասին ենք խոսում, մենք ասում՝ մենք լսում ենք…

– Տարին նախընտրական կլինի հավանաբար նաեւ Հայաստանի համար: Ամեն դեպքում, 2024-ի մեկնարկին Նիկոլ Փաշինյանի վարքագիծը կարծես հենց դրա մասին է խոսում, քարոզարշավային մարաթոնի մեջ է մտել…

– Արդյո՞ք քարոզարշավային է, թե՞ ավելի շատ մանիպուլյացիա անել, օրակարգերը շեղել: Ձեր ասած սցենարն էլ, իհարկե՝ կա եւ հավանաբար, մի կրակոցով մի քանի հարց են ուզում լուծել՝ ըստ իրավիճակի: Ինչ տարին սկսվել է՝ կեպկա ու ցնցուղ ենք քննարկում, երբ Ալիեւի՝ երեկվա ասածներն իմանալով, պետք է մեր քննարկման ողջ թեման լիներ անվտանգության մարտահրավերները, իսկ դրան դիմակայելու ընդամենը մեկ ռեսուրս ունենք՝ ազգային միասնությունը, պարտադրանքը, որ Արցախի հարցը պետք է միշտ բարձրաձայնել, պահել, պահանջել եւ ասել, որ այդ թեման փակված չէ, ամեն ինչ անելու ենք, որ վերականգնենք մեր հայրենիքը, ձեւավորենք այն, ինչը որ մեր պապերը եւ հայրերը 1994 թվականին փոխանցեցին մեզ: Ուզում եք ինձ ռեւանշիստ անվանեք, բայց ես հասկանում եմ, որ մեր այսօրվա իրավիճակի ամենադիպուկ ձեւակերպումը տվել է Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանն՝ ասելով՝ «Կորցնելով Արցախը, շրջելու ենք հայոց պետականության վերջին էջը»: Հիմա, Ադրբեջանը ստիպել է, գործող իշխանությունն էլ էջը շրջել է, Ալիեւն էլ մի հատ գրիչ է վերցրել՝ դրել գործողների ձեռքը՝ ասելով՝ դե լրացրեք ձեր պատմության վերջին էջը: Հիմա, իրենք կամ գրիչը հետ են շպրտելու նույն Ալիեւի վրա եւ փորձելու են այդ էջը հետ շրջել, կամ՝ լրացնելու են, գրեն, վերջակետը դնեն՝ անցնեն, գնան: Այստեղ արդեն, խնդիրը հայ ազգի մեջ է, որովհետեւ գործող իշխանությունից այլ բան չկա սպասելու: Մեկ անգամ չեմ ասել՝ պարտված իշխանությունը միայն նոր պարտություններ է բերելու:

– Հայաստանում այլ՝ նոր հարթակ դեռ չի ձեւավորվում, ինստիտուցիոնալ ընդդիմությունը կարծես չի կարողանում՝ մի քանի անհաջող փորձեր եղան, կամ՝ որոշակի տպավորությամբ, չի ցանկանում. հետեւաբար, մեր խնդիրը ո՞րը պետք է լինի:

– Պետք է իշխանությունը մտածի եւ գիտակցված, ինքնակամ հրաժարական տա ու հեռանա՝ ասելով՝ եկեք ձեւավորեք ազգային միասնությունը, որպեսզի կարողանանք դիմակայել, եթե կա որեւէ մի բան՝ հանուն Հայաստանի, հայերի եւ հայրենիքի: Եթե դա չկա, ապա այս րոպեի դրությամբ, եթե ասում եք Հայաստանում նախընտրական իրավիճակ է, արտահերթ ընտրություններ անելու եւ նախընտրական իրավիճակի համար պետք է ճգնաժամ ձեւավորել: Իսկ ճգնաժամ ձեւավորելու համար, պետք է ցույց տալ, որ իրավիճակը լարվել է, սրվել է. չգիտեմ, գուցեեւ դա՞  է հաշվարկների մեջ, որ թույլ չտալ, որպեսզի  Նիկոլ Փաշինյանն օգտվի իրավիճակից: Չեմ կարող ասել, ճիշտ կլինի, որ ինստիտուցիոնալ ընդդիմությունն իր հաշվարկները ներկայացնի: Բայց, դրա հետ միասին կա մեկ այլ հարց՝ ընտրությունների ազգային տրամադրություն. կա՞ նման տրամադրություն: Երեւանի ընտրություններն էին, քանի՞ հոգի մասնակցեցին: Այսինքն, մենք այսօր ազգային վերածննդի հարց ունենք եւ ոչ թե պետք է մտածենք՝ ընտրություն-չընտրության, այլ ինչպե՞ս անենք, որ ձեւավորենք նոր ազգային վերածնունդ՝ Արցախի հարցով: Եթե այդ ազգային վերածննդի գաղափարը չլինի, ասենք, եթե արտահերթ ընտրություններ են՝ ի՞նչ, Լուսնի՞ց ենք մարդ բերելու: Պետք է ընտրենք այն, ինչը որ ունենք, իսկ ունենք՝ սեւ, սպիտակ, նախկին, ներկա, նարնջագույն… ու, ի վերջո, ստացվում է, որ որեւէ բան չենք փոխում: Արդյո՞ք այս ամեն ինչի մեջ պետք է դառնանք խաղալիք գործող իշխանության ձեռքին ու շարունակենք իրենց քաղաքականությունը, որովհետեւ, ես որքան հասկանում եմ, նախընտրական գործընթացը ոչ թե իշխանությունը պահելու մեջ է, դա իրենք հանգիստ անում են, այլ իշխանությունը երկարաձգելու, ինչի համար էլ պետք է կառավարման մոդել փոխել, իսկ դա սահմանադրական բարեփոխումների հարց է:

Այսինքն, մենք ոչ թե իրենց օրակարգը պետք է սպասարկենք, այլ մերն առաջ տանենք. այստեղ, ցավոք, ոչ երկարաժամկետ, ոչ կարճաժամկետ լուծումներ ես չունեմ: Սա էլ է մեծ խնդիր, ազգային վերածննդի համար պետք է սերունդ դաստիարակել, իսկ դա ժամանակի խնդիր է, որը մենք չունենք:

– Ի դեպ, տեղեկություններ կան, որ տարբեր հաստատություններում, այդ թվում նաեւ կրթամշակութային, իշխանության կողմից ներքին հրահանգ կա՝ Արցախի սիմվոլները հանելու:

– Իսկ հրահանգը, որ եկել է ու չկատարեն՝ ի՞նչ է լինելու: Եթե, ասենք, Արցախի սիմվոլը հրահանգի պատճառով հանում է, այդ նույն մարդը ո՞նց է ընտրելու: Հասկանալի չէ՞: Դրա համար եմ ասում՝ արդյո՞ք արտահերթ ընտրությունների մասին պետք է խոսել եւ ոգեւորել գործող իշխանությանը: Հիշեք՝ 2021 թվականի ընտրությունների նախապատրաստումը. եկան-եկան, վերջում ասացին՝ դուք եք պահանջում ընտրություններ, եկեք: Պառլամենտի երկու ընդդիմադիր ուժն էլ ասացին՝ թեկնածու չենք առաջադրի ու գնացին ընտրությունների, իբրեւ թե՝ լուծումներ են տալու. այսօր ապրում ենք այդ լուծումներով: Հիմա, եթե ուզում եք այդ նույնը կրկնվի, կարելի է դրա մասին խոսել, եթե՝ ոչ, պետք է հասկանալ, որ այսօրվա հարցն ընտրության մեջ չէ: Միգուցե ա՞յլ բան է պետք:

– Այս ճանապարհին ցանկացած գործողություն կարո՞ղ է արդարացված լինել:

– Ցանկացած գործողություն պետք է միտված լինի մեկ նպատակի: Գործող իշխանությունն ունի մեկ նպատակ՝ իշխանությունը պահել եւ դրան միտված են իրենց բոլոր գործողությունները: Պետք է հասկանանք եւ ձեւակերպենք, թե ո՞րն է ազգային նպատակը, որին էլ պետք է միտված լինեն բոլոր գործողությունները: Իսկ դրա համար, ես պետք է իմ մեջ ուժ գտնեմ եւ չասեմ՝ պատմության դասագիրքն այսպես է-այնպես է, այլ նստեմ ու իմ երեխաների հետ աշխատեմ, իրական պատմությունը պատմեմ, չթողնեմ, որ իր իմացածը այն գրքի սուտ պատմությունը լինի, Արցախի սիմվոլը մեր տանը դնեմ՝ պատմեմ, պարտադիր չի, որ երեխաս գնա դպրոց՝ Արցախի սիմվոլ տեսնելու համար, մեքենայի մեջ կարող են դնել, աշխատավայրում… եթե ես իմ հոգով, սրտով, գաղափարով Արցախից չեմ հրաժարվելու, ոչ մի բռնություն ինձ վրա չի ազդելու, որ դրա մասին մոռանամ: Եթե դպրոցի տնօրենը Արցախի սիմվոլը չի կարողանալու չհանել, ես հույս չունեմ, որ ընտրությունների ժամանակ արդար ընտրություն է անելու: Երբ իրեն ստիպում են Արցախի սիմվոլը հանել դպրոցից, թող իր շորի վրա դնի այն ու այդպես սովորեցնի: Սիմվոլիզմը պետք է յուրաքանչյուրիս սրտում ու տանը լինի ու դա ոչ ոք չի կարող ինձ չստիպել՝ չանել: Ու խնդիրը սիմվոլիզմի, դրա լինել-չլինելու մեջ չէ. 1988-ին էլ մեր դպրոցների պատերին Արցախի սիմվոլիկան կպցրած չէր, բայց ամբողջ հայ ազգն արթնացավ, վեր կացավ եւ կարողացավ ապահովել իր հաղթանակը:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
12.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031