Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, վերլուծելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` ադրբեջանական լրատվամիջոցներին օրերս տված հարցազրույցում արտահայտած մտքերը, կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանի վրա հարձակման։
Ըստ նրա` Ալիևի պահանջներն ապացույց են այն փաստի, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի ծրագրերում բացարձակապես չկա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը։
Ըստ ադրբեջանցիների` Հայաստանը լավագույն դեպքում պետք է դառնա Արևմտյան Ադրբեջան կամ Թուրքիային ենթակա էրմինիստան անունը կրող վիլայեթ։
Քաղաքագետի մեկնաբանմամբ` Ադրբեջանի բռնապետի հայտարարությունները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը՝ ոչնչացնել Հայաստանը, այս տարածաշրջանից վռնդել հայ ժողովրդին։
Կարդացեք նաև
Ըստ Գագիկ Համբարյանի` քանի դեռ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է տիրում, որը հակահայկական քաղաքականություն է վարում, Ալիևը կշարունակի հոխորտալով խոսել պահանջատիրոջ դիրքերից։
«Ինչպես սպասելի էր, միջազգային փորձը ևս դա է ապացուցում, չի կարող պարտված ղեկավարը իրեն հաղթանակածի հետ բանակցել որպես հավասարը հավասարի և արժանապատիվ խաղաղություն բերել։ Դրա վառ օրինակը Ադրբեջանի նախագահի հայտարարություններ են՝ կապված Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման հետ։ Հետպատերազմյան երեք տարիների ընթացքում Հայաստանը ոչ մի ձեռքբերում չի ունեցել` բացի խայտառակ պարտություններից տարբեր միջազգային հարթություններում ու մինի պատերազմներում, ուրիշ ոչ մի բանի չի հասել։
Ադրբեջանի նախագահը շատ պարզ նշել է, որ ոչ մի հետքայլ չեն անի ո՛չ 2021 թվականի, ո՛չ էլ 2022 թվականին զբաղեցրած դիրքերից։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը Արևմուտքի միջոցով և կոնկրետ Շառլ Միշելի անմիջական մասնակցությամբ կարողացավ Հայաստանի իշխանություններին պարտադրել ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86․6 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ամբողջությամբ փաթեթով Արցախը նվեր ստացավ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանից ստացավ համաձայնություն, որ Ադրբեջանին պիտի հանձնի այսպես ասած 8 գյուղերը։
Նիկոլ Փաշինյանի նման թերուսը ենթադրում էր, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքով և պետք է դուրս բերի իր զորքերը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տարբեր մեթոդներով Հայաստանից գրաված տարածքներից; Իսկ այդ տարածքները հետևյալն են՝ Սոթք-Խոզնավար հատվածը, Շորժայի մոտ մի փոքր հատված, Իշխանասարի հատվածը, Սև լճի հատվածը, Ներքին Հանդ գյուղի հատվածը, Ջերմուկի հատվածը, Տեղ գյուղի հատվածը։
Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցի ժամանակ շատ պարզ նշեց, որ որևէ ձևաչափով ինքը նպատակ չունի դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից։
Այսինքն ինչ ստացանք մենք, մենք ստացանք հետևյալը․ Հայաստանն ամբողջությամբ կատարեց Ադրբեջանի պահանջը, Արցախը հայաթափված վիճակում նվեր տվեց Ադրբեջանին, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, բայց դրա դիմաց Ադրբեջանը ոչ միայն նպատակ չունի ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլ նաև հող է նախապատրաստում ապագայում Հայաստանի վրա հարձակվելու, որովհետև Ադրբեջանի բռնապետը շատ պարզ նշեց՝ Ջերմուկն ադրբեջանական քաղաք է․․․
Ադրբեջանը շատ պարզ հասկացնում է, որ «խաղաղության պայմանագրի» մեջ տեղ չպիտի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը, այսինքն այն բոլոր տարածքները, որոնք Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո նվեր է տվել Ադրբեջանին, ոչ մեկն Ադրբեջանինը չի եղել, քանի որ Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցի ժամանակ շատ պարզ նշեց, որ այդ տարածքների նկատմամբ որևէ իրավական փաստաթուղթ գոյություն չունի։
Այսինքն՝ Ադրբեջանն այդ տարածքները նվեր է ստացել Նիկոլ Փաշինյանից և հիմա դրանք օգտագործում է որպես պլացդարմ Հայաստանի այլ տարածքներ գրավելու համար։
Ադրբեջանի բռնապետը նաև հասկացնում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը պարտադրված է եղել Երևանին, իսկ ինքը Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչում՝ 29,8 հազար քառակուսի կիլոմեր տարածքով, այլ նաև հասկացնում է, որ ինքը էլ ավելի է ծավալվելու»։
Ըստ քաղաքագետի, Ալիևը իր հարցազրույցում Զանգեզուրյան միջանցքի մասով էլ շատ պարզ հասկացրեց, որ այստեղ էլ իրենք ոչ մի զիջման չեն գնալու։
«Եթե ուշադիր եղաք` իր մտքերը հետևյալն էին․ հայ-ադրբեջանական սահմանը որևէ տեղ չի բացվի, եթե չգործի Զանգեզուրյան միջանցքը: Ուշադիր եղեք, այլ ուղղություններով ինքը հայ-ադրբեջանական սահման է անվանում այն տարածքները, որտեղ ենթադրաբար պետք է բացվեն ենթակառուցվածքները, Սյունիքի մարզով անցնող տրանսպորտային այդ ենթակառուցվածքները անվանում է Զանգեզուրյան միջանցք։ Ի՞նչ է սա նշանակում, սահմանին իրականացվում է համապատասխան ստուգում այլ երկրների քաղաքացիների մուտքի և ելքի, ինչպես նաև բեռների տեղափոխման պարագայում։ Միջանցքի գաղափարը նշանակում է, որ այն չի վերահսկվելու Հայաստանի Հանրապետության կողմից։
Ադրբեջանը պահանջում, է, որ Սյունիքի հարավով անցնող ավտոմոբիլային և երկաթուղային ուղիները․ սա առաջնային է, հետո չի բացառվում, որ նաև Գանձակ-Քարվաճառ-Սիսիան-Նախիջևան ավտոամայրուղին կառուցելուց հետո ադրբեջանցիները պահանջեն, որ այս ավտոճանապարհը ևս ստանա այսպես ասած էքստերիտորիալ կարգավիճակ, նրանք պարտադրելու են Հայաստանին, որ այս տարածքով անցնող բեռները և ուղևորները ունենան արտոնություններ, և ՀՀ համապատասխան՝ սահմանապահ և մաքսային գերատեսչությունները դրանք չվերահսկեն և չստուգեն։
Սա նշանակում է, որ Հայաստանը կորցնում է իր վերահսկողությունը իր տարածքների նկատմամբ։
Եվ ամենացավալին այն է, որ Ալիևի այս հայտարարությունից հետո մեկ օր առաջ գրեթե սինքրոն ձևով այդ նույն հայտարարություններն անում էին քայլիստները ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի միջոցով, որը հայտարարում է՝ չի բացառվում, որ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան անցնող ուղեբեռները և Ադրբեջանի քաղաքացիները արտոնություն ստանան Հայաստանն անցնելիս։ Հետարքրքիր է այս դավաճանական խմբի հակահայկական որոշումները մինչև ո՞ւր են հասնելու»,-ասում է Գագիկ Համբարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ