Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը՝ Դունյա Միյատովիչի դիտարկումների մասին

Հունվար 12,2024 20:57

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ դեկտեմբերի 12-ին հրապարակած դիտարկումների կարևորությունը, որտեղ մասնավորապես ներկայացվել են 2023-ի հոկտեմբերի 16-23-ն իրականացրած այցի ժամանակ Հանձնակատարի արձանագրումները։

Դունյա Միյատովիչը նշել է, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ԵԽ Հանձնակատարին  ծանոթացրել է տեղահանվածների հաշվառման վայրերում 2023 թվականի սեպտեմբերի 24-ից 30-ն իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ նախնական զեկույցին և այլ հրապարակումներին։

Հանձնակատարը նաև անդրադարձել է Պաշտպանի զեկույցում նկարագրված բռնությունների, խոշտանգումների և անդամախեղումների հնարավոր դեպքերին:

«Տարբեր հարցազրույցների, զեկույցների և լրատվամիջոցների մշտադիտարկումների արդյունքների միջոցով հավաքագրված տեղեկատվության հիման վրա, ի թիվս այլ դեպքերի, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է, սեպտեմբերի 19-20-ը քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների, այդ թվում՝ բնակելի շենքերի, դպրոցների և շտապօգնության մեքենաների թիրախավորման դեպքերին։

Նա հայտնել է, որ խաղաղ բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցել է 40-ը, այդ թվում՝ 13 երեխա, մինչդեռ սեպտեմբերի 20-ի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում գրանցվել է մահվան 10-ը հաստատված դեպք, այդ թվում՝ 5 երեխայի»,-նշել է Հանձնակատարը:

Հայտարարության մեջ Միյատովիչը նշել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները խաղաղ բանակցություններում պետք է ապահովեն ուշադրության կենտրոնացումը մարդու իրավունքների պաշտպանության վրա և սահմանեն մարդու իրավունքների լուրջ երաշխիքներ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար»:

Դունյա Միատովիչը նշել է, որ վախի և անորոշության զգացումը տեղի բնակչության շրջանում առավել ուժգնացել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքով։

Շրջափակմամբ պայմանավորված՝ բարձր մակարդակի խոցելիության վիճակը և Լաչինի միջանցքի հանկարծակի բացումը 2023 թվականի սեպտեմբերին տեղի բնակչության մոտ առաջացրել են զգացողություն, որ իրենց գոյությունը պաշտպանելու համար նրանք չունեն այլ տարբերակ, քան անհապաղ տարածաշրջանը լքելը։

Ողջունելով  Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանածներին առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքները՝ Հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի հայերին և, մասնավորապես՝ խոցելի խմբերին պատկանողներին, պետք է երաշխավորվի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ աջակցության հասանելիություն:

Հաշվի առնելով վախի և անվստահության բարձր մակարդակը՝ կարևոր է, որպեսզի Ադրբեջանի իշխանություններն անվտանգության հստակ երաշխիքներ տրամադրեն ԼՂ այն հայերին, ովքեր ցանկանում են վերադառնալ  իրենց նախկին բնակության վայրերը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խնդիրների լուծման ուղղությամբ շարունակում է միջազգային գործընկերներին ներկայացնել փաստահավաք աշխատանքների արդյունքները։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031