Լրահոս
Օրվա լրահոսը

Խորապես սգում ենք Ամերիկայի հայկական համագումարի երկարամյա տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի անսպասելի վախճանը

Հունվար 12,2024 20:37

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ի խորոց սրտի ցավում է Երևանում Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի մահը։

Համագումարի թիմի երկարամյա և առանցքային անդամ Արփի Վարդանյանը մեր կազմակերպությանը ծառայեց բազմաթիվ պաշտոններում, թե՛ Վաշինգտոնի գլխամասային գրասենյակում, այդ թվում՝ կարճ ժամանակ որպես գործադիր տնօրենի պաշտոնակատար, թե՛ Երևանում՝ Համագումարի տարածաշրջանային գրասենյակում գրեթե երեք տասնամյակ:

«Նրա հարազատների ու բազմաթիվ բարեկամների հետ միասին Համագումարը սգում է այս անսպասելի և ողբերգական կորուստն այնպես, ինչպես դա անում են բազմաթիվ մարդիկ, ում հետ Արփին դրական հարբերություններ էր ունեցել իր անձնական շփումների և տասնամյակների ընթացքում իր վերապատրաստման ու քարոզչական աշխատանքի, ինչպես նաև հայ ժողովրդին և ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը ծառայելու իր հաստատակամ հանձնառության միջոցով»,– ասացին Համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանն ու Էնթոնի Բարսամյանը:

«Արփին անկեղծորեն սիրում էր Հայաստանն ու Արցախը՝ իր ընկերների և գործընկերների հետ միասին, նրա մասնագիտական կարողությունները և եռանդը Համագումարի ջանքերում դրական ազդեցություն ունեցան և տպավորեցին բոլորիս։ Որպես մասնակի հարգանքի տուրք՝ Հայաստանի փորձնակների համար կստեղծվի Նվիրատվությունների հիմնադրամ, քանի որ նա էր այդ ծրագրի նախաձեռնողը, ինչպես նաև Համագումարի երևանյան գրասենյակում տնօրենի աշխատասենյակը կանվանակոչվի նրա պատվին: Դժվար կլինի պատկերացնել դրանք առանց Արփիի»։

Վարդանյանն իր աշխատանքը սկսեց Երևանում 1994թ-ին՝ որպես Համագումարի ՀԿ-ների ուսուցման և ռեսուրսների կենտրոնի տնօրեն, դրան հաջորդեցին 1996թ-ին Զանգվածային քարոզչության և փորձնակների ծրագրի տնօրենի, 1997թ-ին Հայաստանի և Արցախի տարածաշրջանային տնօրենի, 2000թ-ին՝ գործադիր տնօրենի պաշտոնակատարի պաշտոնները և 2015թ.-ին ստանձնեց Հայաստանի նորաստեղծ տարածաշրջանային տնօրենի պաշտոնը, որը ներառում էր Հայաստանում և Արցախում Համագումարի ձեռնարկած գործունեությանն առնչվող պարտականություններ: Նա սերտորեն համագործակցում էր Համագումարի գլխամասային գրասենյակի հետ Վաշիգտոն քաղաքում, ինչպես նաև Համագումարի տարածաշրջանային գրասենյակների հետ Լոս Անջելեսում, Բոստոնում ու Նյու Յորքում: 2012թ-ին Վարդանյանը ծառայեց նաև ՀԲԸՄ Երևանյան գրասենյակի տնօրենի պաշտոնում:

Ծնունդով Միչիգանից, որտեղ հաճախել էր ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյանների դպրոց, Վարդանյանն ավարտել էր Դիրբորնի ավագ դպրոցը և Ալբիոն քոլեջը, այնուհետև՝ Արիզոնայի պետական համալսարանի Thunderbird Գլոբալ կառավարման ֆակուլտետը: 1993թ-ին Վարդանյանը տեղափոխվեց Հայաստան և տեղում ձեռք բերեց հարուստ փորձ՝ Հայաստանի ժողովրդի անունից իրականացնելով Համագումարի բազմաթիվ ծրագրեր:

«Արփիի խորը գիտելիքները Հայաստանի, Արցախի և Ամերիկայի վերաբերյալ անգնահատելի էին: Նրա խորաթափանցությունն ու կուլիսների հետևում անխոնջ աշխատանքը հանգեցրին բազմաթիվ ձեռքբերումների»,– ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Համագումարի ընտանիքը, նրա գործընկերները և բոլոր նրանք, ում հետ նա առնչվել էր կյանքի ընթացում շատ կկարոտեն նրան»:

Կազմակերպությունում իր պաշտոնավարման ընթացքում Վարդանյանը կապող օղակ էր հայրենիքի և ԱՄՆ-ի միջև, նա օգնեց բարձրացնել հանրության իրազեկությունը հայկական հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի և այլ պաշտոնյաների հետ համատեղ, ղեկավարեց կրթական նախաձեռնություններ, համակարգեց և մասնակցեց կառավարության անդամների և համայնքների ղեկավարների հետ հանդիպումների, համագործակցեց ազգային և միջազգային կազմակերպությունների հետ և կապեր հաստատեց Սփյուռքի ու Հայաստանի երիտասարդների հետ՝ այդ թվում ղեկավարելով Համագումարի Երևանի ամառային փորձնակների ծրագիրը, որը հիմնադրվեց 1999թ-ին:

Վարդանյանը նաև պարբերաբար ճանապարհորդում էր և առաջնորդում կոնգրեսականների պատվիրակություններ դեպի Արցախ: 2020թ-ի Արցախյան պատերազմից հետո Արցախի ուղևորության ընթացքում նրան միացավ Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը՝ մարդկանց ծանր վիճակն ու դրան հաջորդած հումանիտար ճգնաժամը ականատեսի աչքերով գնահատելու նպատակով։

Երկրին և նրա հաստատություններին քաջածանոթ լինելու շնորհիվ Վարդանյանը համակարգեց Ամերիկայի հայկական համագումարի բազմաթիվ առաքելություններ դեպի Հայաստան՝ կազմակերպելով այցելությունների ծրագրեր և հանդիպումներ առանցքային պաշտոնյաների հետ: Վարդանյանն ընդունել ու դիմավորել է Ամերիկայի հայկական համագումարի հարյուրավոր անդամների, ովքեր երկրին ծանոթացան իր շնորհիվ, և իր շռայլ ոգու միջոցով:

Արփին նաև հմտորեն ղեկավարեց բազմաթիվ պատվիրակություններ՝ մեծ ու փոքր, սկսած ամերիկացի լրագրողներից և վերլուծաբաններից, մինչև պետական պաշտոնյաներ և հատուկ հյուրեր՝ իրենց նպատակներին հասնելու և Հայաստանի դիրքը միջազգային հանրության շրջանակներում բարելավելու նպատակով:

Հիշարժան է, որ 1999թ-ին Վարդանյանը Հայաստանում ողջունեց Մորգենթաու ընտանիքին և վերահսկեց նրանց այցի բոլոր մանրամասները՝ սկսած նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից մինչև հայ ժողովրդին միանալը ապրիլի 24-ին՝ ծաղիկներ խոնարհելու ցեղասպանության հուշահամալիրում ի հիշատակ իրենց պապի՝ դեսպան Մորգենթաուի: 2015թ-ին Մորգենթաու ընտանիքն ավելի մեծ կազմով այցելեց Հայաստան՝ հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումների համար, և Վարդանյանը կրկին ձեռնարկեց բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ նրանց ներկայացնելու Հայաստանը և նրա երախտավոր ժողովրդին:

Համագումարում իր անձնվեր աշխատանքով, որը միայն դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի համար, Վարդանյանը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2017թ-ին պարգևատրվեց Երախտագիտության մեդալով՝ «Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում ներդրված առանձնակի ավանդի համար»։

Անդրադառնալով պարգևատրմանը՝ Վարդանյանը նշեց, որ իր համար «պատիվ էր» ստանալ նախագահական մրցանակը, և նա շարունակում է «լինել Հայաստանի և այն գործի նվիրյալը, որն իրականացնում ենք՝ էլ ավելի բարելավելու Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն՝ ի բարօրություն Հայաստանի և Արցախի ժողովրդի»։

Վարդանյանը նաև արժանացել է Կոնգրեսի գնահատանքի պատվոգրի` կոնգրեսական Ջուդի Չուից (Դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ ԱՄՆ-ի, Հայաստանի և Արցախի միջև հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած դերի համար, ինչպես նաև Լոս Անջելես քաղաքի գնահատանքի պատվոգրի՝ քաղաքապետ Էրիկ Գարսետիի կողմից։

«Խորը վիշտ ապրեցինք՝ լսելով Արփիի մահվան բոթը»,– ասաց Համագումարի նախագահ Քերոլին Մուգարը: «Երկար տարիներ ենք աշխատել միասին, և նա Համագումարի հոգին էր կրում իր մեջ, քանի որ նա մեզ հետ էր Համագումարի պատմության մեծ մասի ընթացքում: Արփին Հայաստանում դրական փոփոխությունների ականատես եղավ և բազմաթիվ երկարամյա հարաբերություններ հաստատեց հայրենիքում և ԱՄՆ-ում: Սգում ենք նրա ընտանիքի և բարեկամների հետ միասին»:

Հուղարկավորությունը տեղի ունեցավ ս.թ. հունվարի 12-ին, Հայաստանի Արին Բերդի գերեզմանատանը։ Հիշատակի արարողություններ տեղի կունենան ԱՄՆ-ում և Հայաստանում, որոնց վերաբերյալ կտրամադրվեն հավելյալ մանրամասներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031