Այսօր լրացավ գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության 9-րդ տարին, սպանություն, որն այդպես էլ շատերի համար մնաց առեղծվածային, չբացահայտված։
Գյումրու քաղաքային իշխանություններն այսօր ծաղիկներ են խոնարհել սպանդի ենթարկված ընտանիքի անդամների շիրիմին։
Քաղաքապետարանի էջին հետևող գյումրեցիները 9 տարի անց էլի նույն հարցն են հնչեցնում՝ ո՞վ բնաջնջեց Ավետիսյանների անմեղ ընտանիքը՝ չխնայելով անգամ երկու մանկահասակ երեխաներին, ինչո՞ւ, ո՞րն էր շարժառիթը, ո՞վ էր պատվիրատուն։
Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում տեղի ունեցած դատավարությունից հետո էլ շատերը կասկած են հայտնում, թե իրական մարդասպանը ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը չէ, նա ուղղակի գործիք էր, հետևում այլ ուժեր են կանգնած։
Կարդացեք նաև
Գյումրեցիներից շատերն իրենց գրառումներում այս հանցանքը համարել են չբացահայտված ու չպատժված։
Նկատենք սակայն, որ գյումրեցի նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, մեծ ողբերգություն համարելով Ավետիսյանների սպանությունը, նշում է, թե այն փորձեցին քաղաքական չարաշահումների ենթարկել, որոնք արդարացված չեն։ Ըստ նրա, եթե 9 տարի առաջ այս հանցագործությանը տրված իրավական գնահատականը չբավարարեր, նորօրյա իշխանությունները հակառուսական քաղաքականության ֆոնին հաստատ նոր քրեական գործ կհարուցեին։
Նշենք նաև, որ դեռ 4 տարի առաջ ՀՀ Արդարադատության նախարարությունից տեղեկացրել էին, որ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ դատապարտված Վալերի Պերմյակովը պատիժը կրում է ՌԴ Յամալո-Նենեցկի ինքնավար մարզի թիվ 8 ուղղիչ գաղութում` հատուկ պահման ռեժիմում։ Իսկ այսօր տեղեկություն անգամ չկա, թե Պերմյակովը պատիժը շարունակո՞ւմ է կրել, թե՞ հայտնվել է ազատության մեջ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ