Լրահոս
Օրվա լրահոսը

«100 հազարավոր բնակիչներ, որ մի շաբաթում դուրս են գալիս, էլ ո՞նց կոչես, հո տուրիստ չե՞ն գնացել արտասահման, ծիծաղելի է ուղղակի». Արա Ղազարյանը՝ Մարիա Զախարովային

Հունվար 12,2024 19:14

Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ԼՂ-ի խաղաղ բնակչությանը չպաշտպանեցին 2023-ի սեպտեմբերին եւ էթնիկ զտում թույլ տվեցին, վստահեցրել է, որ ռուս խաղաղապահներն իրենց առջեւ դրված խնդիրները պատշաճ կատարել են. «Ես հարց ունեմ բոլոր նրանց, որոնք այս փաստաթղթին հղում կատարելով՝ ցանկանում են մեղադրել ՌԴ-ին։ Այստեղ գրվածից ինչ-որ բան չի՞ կատարվել։ Եթե որևէ մեկի խիղճը կտանի, խղճի բացակայության դեպքում լկտիություն կունենա ասելու, որ սրանից ինչ-որ բան չի կատարվել, խնդրեմ սեղանին դրեք ձեր փաստարկները։ Չէ՞ որ դրանք չկան՝ բացի հիստերիայից և արդեն նաև վիրավորանքից»: Ինչ վերաբերում է էթնիկ զտման մասին հավաստիացումներին՝ նա ասել է. «Կրկին կցանկանայի, որ ներկայացվեին փաստեր։ Եթե կա որևէ միջազգային կազմակերպության փաստաթուղթ, որը Երևանում համարում են հեղինակավոր, եթե կա որևէ փաստաթուղթ կամ հայտարարություն, որը փաստում է, որ նման էթնիկ զտումներ եղել են, բարի եղեք այդ փաստաթղթի հղումը մեզ տրամադրեք»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասաց. «Նման փաստաթղթեր ու հայտարարություններ շատ կան՝ տարբեր երկրների պառլամենտներ են հայտարարություններ արել ու նման գնահատականներ տվել: ԵԽԽՎ-ն է ընդունել բանաձեւ, որտեղ նշել է՝ ամենայն հավանականությամբ էթնիկ զտում է այնտեղ տեղի ունենում, միջազգային մի շարք կազմակերպություններ են հայտարարել: Այնպես որ, 100 հազարավոր բնակիչներ, որ մի շաբաթում դուրս են գալիս, էլ ո՞նց կոչես, հո տուրիստ չե՞ն գնացել արտասահման, ծիծաղելի է ուղղակի: Ի վերջո Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումից էլ է դա բխում, ասում է՝ դա բլոկադա է: Պաշտոնաթող դատախազն ասաց՝ այստեղ արդեն ցեղասպանություն է իրականացվում, բլոկադան ցեղասպանության գործիքներից մեկն է, 49 հոդվածի կետերից մեկն է՝ կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելը: Դատախազն ասաց, որ արդեն իսկ այդ բլոկադան ցեղասպանության, էթնիկ զտման եղանակներից մեկն է»:

Արա Ղազարյանի հիշատակած ԵԽԽՎ-ի՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վիճակի մասին զեկույցում ասվում է. «Ադրբեջանի գործողություններն էթնիկ զտումների կասկած են հարուցում: Զեկույցը կոչ է անում Ադրբեջանին ձեռնարկել անհապաղ գործողություններ և ապահովել հայ բնակչության վերադարձը: Զեկույցում նշվում է, որ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումը սարսափելի հումանիտար ճգնաժամ է առաջացրել, և ընդգծվում է փախստականներին տեղավորելու գործում Հայաստանին սատարելու անհրաժեշտությունը: Վեհաժողովը խորապես ցավում է, որ տարածաշրջանի գրեթե ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար 600 մարդիկ՝ անկեղծ վախից և անվստահությունից ելնելով, սույն բանաձևի ընդունման պահին լքել են իրենց պապենական հողերը և փախել են Հայաստան: Վեհաժողովը համոզված է, որ գրեթե ողջ բնակչության այդ ողբերգական արտագաղթը նախնիների հայրենիքից չպետք է ընդունվի որպես նոր իրականություն»:

Հիշեցնենք, նաեւ, որ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան France 2-ին տված հարցազրույցում հայտարարել էր՝ «այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, էթնիկ զտում է հիշեցնում»։ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է՝ մարդիկ ստիպված են դուրս գալիս այնտեղից։

Եվրախորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն էլ հստակ արձանագրել է՝ այն, ինչ Բաքուն արել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է։

Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն ասել է՝ ԵՄ-ն պետք է կենտրոնանա այն բանի վրա, որ ԼՂ-ում մնացող մարդկանց կյանքերը պաշտպանվեն, իսկ Եվրոպայի աչքերի առաջ զարգացող էթնիկ զտումները չպետք է անտեսվեն եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կողմից:

Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին հայտարարել է՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է իրականացնում արդեն 3 տարի:

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն ասել է. «Ադրբեջանի սանձազերծած հարձակումը,  Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Հայաստան տեղահանելու ջանքերը էթնիկ զտում են: ԵՄ-ն անընդունակ է եղել կանխել հարձակումը, որի իրագործումը կանխատեսելի էր»:

Եվրախորհրդարանի շվեդ պատգամավոր Շարլի Վեյմերշն ասել է. «Եթե էթնիկ բնակչությունը հեռանում է մի տարածաշրջանից, որտեղ ապրել է անհիշելի ժամանակներից, ապա դա էթնիկ զտում է։ ԵՄ-ն որեւէ գործողություն չի ձեռնարկում Արցախում էթնիկ զտումները կասեցնելու ուղղությամբ»։

Նման հայտարարություններևը բազմաթիվ են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031