«Հարմարվել հնարավոր է» ասողները պետք է ընդդիմության շրջանակներից ամբողջությամբ դուրս մնան: Այո, ԱԺ-ում չկա նորմալ աշխատանք եւ չի կարող լինել նորմալ աշխատանք, որովհետեւ այդ ԱԺ նախագահի աթոռին նստած անձնավորությունն ասում է՝ Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր Բաքվում գերի են, ինձ համար մեռած են: Մեկ այլ ուսապարկ, ՄԻՊ-ի կողմից զեկույցներ հրապարակելու իմ առաջարկին, որտեղ գրված է, թե ինչպես են Բաքվում հայերին մասնատում, քառատում, ասում է՝ դե ի՞նչ եք ստեր դուրս տալիս, իրենց էնտեղ լավ էլ նայում են: Հիմա սա ի՞նչ աշխատանքի իլյուզիա է, ու խոսքը միայն ԱԺ-ի մասին չէ»,- այսօր «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ» ծրագրի՝ «Խոսքից՝ գործ. ի՞նչ է սպասվում առջիկայում եւ ի՞նչ անել» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ. «Մենք մեր հարթակները հաճախ սպառում ենք մարդկանց վրա, ովքեր եկել են ձեւականություններ անելու, ովքեր կիսաճշմարտություններով պահում են իրենց կիսագոյությունը քաղաքական դաշտում՝ լուծելու սեփական, անձնական եւ միգուցե նաեւ քաղաքական խնդիրները»:
Պատգամավորը տարակուսած է, որ ընդդիմության մեջ կան մարդիկ, ովքեր մինչեւ վերջ կողմնորոշված չեն, եւ եթե Նիկոլ Փաշինյանն աշխատանքի առաջարկ անի՝ անմիջապես կհամաձայնվեն: Իսկ ներկայիս իրավիճակում չհստակեցված վարքագիծը հանգեցնում է ուղղակի պետության գահավիժմանը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանն էլ հանրային տրամադրություններին անդրադարձավ՝ ասելով, որ հասարակության մեջ գեներացվող արհեստական պառակտումը, որը սկսվել էր 2018 թվականից առաջ՝ ղարաբաղցի-հայաստանցի բաժանումով, թուրք-ադրբեջանական ծրագիր է, որը իրականացվում է ցայսօր: Նա հանրային համերաշխության կոչ է անում եւ հստակեցնում՝ դա հնազանդությունը չէ:
«Պետք է ձեւավորվի հանրային կոնսենսուս, որ չպետք է գնանք կոտորվենք, թուրքի փայ դառնանք»,- գտնում է Արման Աբովյանը եւ հայտարարում, որ պետք է պատասխան գտնել՝ «ի՞նչ անենք» հարցին: Իսկ այստեղ, նրան օգնության է հասնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն, որն իր վերջին հարցազրույցներից մեկում ասել էր՝ պետք է վերադառնալ համազգային համերաշխության խնդրին ու պետք է համերաշխ լինենք այն մտքի հետ, որ Հայաստանը պետք է լինի, մենք չպետք է կոտորվենք, չպետք է իրար բաժանենք՝ հայաստանցի-ղարաբաղցի-իջեւանցի-գյումրեցի եւ այլն:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
«Մեզ պետք է գտնել այն քայլը, որը մեզ թույլ կտա գտնել սոլիդ իշխանություն»,- ասում է «Այլընտրանքային նախագծերի» համակարգող Վահե Հովհաննիսյանը:
Ի՞նչ անել եւ ինչո՞ւ չի ստացվում՝ հարցերի պատասխանների փնտրտուքում, դիվանագետ, ՀՀ սփյուռքի նախարարի նախկին տեղակալ Վահագն Մելիքյանը հանգել է նրան, որ «մեզ անկեղծությունն է պակասում», որովհետեւ ամեն մեկը մտածում է՝ եթե մի քիչ ավելի անկեղծ լինի, ինչ-որ բաներից պետք է զրկվի, բայց հիմա դրա ժամանակը չէ: Նա նաեւ կողմնակից է իշխանության նարատիվները չտարածելուն, այլ սեփական օրակարգերով առաջ գնալուն, դադարել առաջնորդներ փնտրել ու մտածել առկա հարթակները միացնելու, նոր էլիտաներ առաջ բերելու տարբերակներ: Իսկ մասնագետները, մտահոգ եւ լուրջ մարդիկ Հայաստանում շատ կան: Ըստ նրա, աշխարհակարգ է փոխվում, որից Հայաստանը մնացել է դուրս, որովհետեւ ասելիք չունի. խաղաղության խաչմերուկն ասելիք չէ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ