Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւի հայտարարությունները նրա մասին են, ինչի շուրջ ընթանում են բանակցությունները». Քրիստինե Վարդանյան

Հունվար 12,2024 17:31

«Թաքցնելու շատ բան չկա, Ալիեւն ասել է՝ ինչ կա»,- այսօր «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ» ծրագրի՝ «Խոսքից՝ գործ. ի՞նչ է սպասվում առաջիկայում եւ ի՞նչ անել» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նախապատրաստվող խաղաղության պայմանագրի դրույթներին:

Հիշեցնենք, օրեր առաջ, ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ ԱԳՆ-ում ծանոթացել են պայմանագրի դրույթներին եւ դրանք Հայաստանի համար անընդունելի են համարում: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ադրբեջանական լրատվամիջոցներին օրերս տված հարցազրույցում, բավական ուշագրավ մտքեր էր հնչեցրել:

«Այն, ինչ ասում էինք առանց ծանոթանալու, մեր պնդումները ծանոթանալուց հետո միայն հաստատվել են: Խոսույթը, որ Ալիեւը տապալում է բանակցային գործընթացը, ընդհանրապես իրականության հետ կապ չունի այն առումով, որ Ալիեւի հայտարարությունները նրա մասին են, ինչի շուրջ ընթանում են բանակցությունները»,- ասաց Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով, որ նոր բան 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ընթացող բանակցություններում չկա, բանակցվում է այն ամենը, ինչի մասին Ալիեւը հայտարարեց:

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը երկու կետի շուրջ է բանակցում, որպեսզի պայմանագրի վերնագրում լինի «խաղաղություն» բառը, որը ինքը կարողանա վաճառել մեր հասարակության վրա ու անհասկանալի է, թե ինչո՞ւ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքում, երբ ՀՀ-ն այդ երկրի հետ պատերազմի մեջ չի եղել: Եվ երկրորդը, որպեսզի «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը չլինի, բայց, այն, ինչը քննարկվում է, հենց այդ միջանցքի տրամաբանությունն է:

Պատգամավորի պնդմամբ, Նիկոլ Փաշինյանն Ալիեւի օրակարգերի հետ խնդիր չունի, խնդիր ունի միայն որոշ ձեւակերպումների հետ:

Քրիստինե Վարդանյանի պնդմամբ, բանակցվող փաստաթղթերում չկան երաշխիքներ, որ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնություններից:

Ի՞նչ նոր իրավիճակում է հայտնվում Հայաստանը, եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվի՝ հարցին, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց, որ այդպիսով լեգիտիմացնում են Իլհամ Ալիեւի՝ ուժի սպառնալիքի կիրառմամբ հարցերը լուծելու՝ միջազգային իրավունքին հակադրվող քայլերը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կարծիքով, հայկական ինքնության վերացման քաղաքականություն է վարվում, այլապես ինչպե՞ս բացատրել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ մեր երկրում աշխատող դիվանագետների լռությունն այն պարագայում, երբ 2018-ից սկսած բանտում երեք մարդ մահացավ՝ դատավճռի սպասելով, երբ նրանք ակնհայտ քաղաքական դատական գործընթացները չեն նկատում եւ այլն:

Որպեսզի պայքարը դառնա ավելի գրագետ եւ արդյունավետ, Աննա Մկրտչյանի կարծիքով, նախ պետք է սկսենք միգուցե շատ մանր քայլից՝ իրերն իրենց անուններով կոչելուց. օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ չանվանելուց, դադարել ասել՝ Հայաստանն Արցախին չօգնեց, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը չի օգնել եւ այլն:

«Հայկական նախագծերի» համակարգող Վահե Հովհաննիսյանի դիտարկմամբ էլ՝ թուրքական գործոնը զրո է այն հարցում, որ մենք ունենք շատ կոմֆորմիստներ, խոնարհվողներ եւ դա հայկական իրականության կերտած պատկեր է: Միաժամանակ, մենք ունենք մեծ ռեսուրս, քանի որ մեր հասարակության մի զգալի հատվածը պատրաստ է պայքարել հայկական Արցախի համար: Նրա գնահատմամբ, այս հատվածում ունենք երեք ռեսուրս՝ եկեղեցին, անհատները, Բաքվի եւ Երեւանի բանտերը:

«Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը ոչնչով չի տարբերվում Արմեն Աշոտյանի դատավարությունից»,- կարծում է Վահե Հովհաննիսյանը:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031