Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացառապես մրցույթային ընթացակարգով». ՆԳՆ պարզաբանումը Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսից շուրջ 170 միլիոնի գնման վերաբերյալ

Հունվար 12,2024 17:37

168.am-ը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսը շարունակում է պահպանել իշխանության նախընտրելին լինելու դիրքերը, հատկապես, երբ մեկ անձից և հրատապ կարգով մեկ անձից գնումներ են իրականացվում։

Միայն 2023 թվականի դեկտեմբեր ամսին, միայն մեկ նախարարություն այս ընկերության հետ կնքել է շուրջ 170 միլիոն դրամի հրատապ մեկ անձից գնման պայմանագիր։

Խոսքը վերաբերում է Վահե Ղազարյանի ղեկավարած՝ Ներքին գործերի նախարարությանը, որը 2023 թվականի դեկտեմբերի 20-ին հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով երկու պայմանագիր է կնքել «Սիլ Ինշուրանսի» հետ։

Պայմանագրերից առաջինով՝ պետական գերատեսչությունը Սուքիասյանների ընտանեկան բիզնեսից կատարել է 64 միլիոն 977 հազար դրամի գնում։

Այս գումարով «Սիլ Ինշուրանսը» կապահովագրի (ԿԱՍԿՈ) ՆԳՆ հաշվեկշռում հաշվառված 150 Շկոդա մակնիշի մեքենա. յուրաքանչյուր մեքենայի ապահովագրության գումարը կազմել է 414 հազարից մինչև 435 հազար դրամ։

«Սիլ Ինշուրանսի»՝ Ներքին գործերի նախարարության հետ կնքված երկրորդ պայմանագրի արժեքը կազմում է 108 միլիոն 735 հազար դրամ գումար. այս գումարը նախատեսված է 65 միավոր Շկոդա մակնիշի մեքենայի ապահովագրության համար»։

ՀՀ ներքին գործերի նախարարությունը գնման ընթացակարգերի վերաբերյալ պարզաբանում է. «Լրատվական կայքերից մեկը «Շուրջ 170 միլիոնի գնում Սուքիասյանի ընտանեկան բիզնեսից՝ միայն մեկ ամսում» վերտառությամբ հոդված է հրապարակել և անդրադարձել ՆԳ նախարարության կողմից գնման ընթացակարգերին։

Վերոգրյալի վերաբերյալ հայտնում ենք, որ ՆԳ նախարարությունն իր կարիքների համար ապահովագրական ծառայությունների ձեռք բերման ընթացակարգերը հայտարարում է բացառապես մրցույթային ընթացակարգով։

2023 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ԳՀԾՁԲ-2023-ԱՊՊԱ/Ա-72 ծածկագրով թվով 65 «Շկոդա Սուպերբ» և թվով 75 միավոր «Շկոդա Կոդիակ» մակնիշների և ՀՀ ՆԳՆ ԳՀԾՁԲ-2023-ԱՊՊԱ/Ա-71 ծածկագրով թվով 150 միավոր «Շկոդա Օկտավիա» մակնիշի տրանսպորտային միջոցների ԿԱՍԿՈ ապահովագրության ծառայությունների ձեռք բերման գնման ընթացակարգեր են հայտարարվել գնանշման հարցման գնման ձևով (մրցույթային ընթացակարգ), որոնց բացումը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 20-ին։

Ընթացակարգերին հայտ է ներկայացրել «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն, սակայն ընթացակարգերը համարվել են չկայացած՝ բարձր գնային առաջարկ ներկայացնելու համար։ Այնուհետև, հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը՝ այն է՝ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել. 25 հոկտեմբերի 2023 թվականին ՀՀ ՆԳՆ ՀՄԱԾՁԲ-2023-ԱՊՊԱ/Ա-75 և ՀՀ ՆԳՆ ՀՄԱԾՁԲ-2023-ԱՊՊԱ/Ա-76 ծածկագրերով կրկին ընթակարգեր են հայտարարվել հրատապ մեկ անձ գնման ձևով (մրցույթային ընթացակարգ), որոնց հայտերի բացման վերջնաժամկետն է սահմանվել 27 հոկտեմբերի 2023 թվականը։

Ընթացակարգերին հայտ է ներկայացրել «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն, որի հետ էլ 2023 թվականի նոյեմբերի 9-ին կնքվել է համապատասխանաբար՝ 108 735 600 ՀՀ դրամ ընդհանուր գումարով թվով 65 «Շկոդա Սուպերբ» և թվով 75 միավոր «Շկոդա Կոդիակ» մակնիշների և 64 977 500 ՀՀ դրամ ընդհանուր գումարով թվով 150 միավոր «Շկոդա Օկտավիա» մակնիշի ԿԱՍԿՈ ապահովագրության ծառայությունների պայմանագրեր։ Ընթացակարգերը կազմակերպվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն (պայմանով, որ ֆինանսական միջոցներ նախատեսվելուց հետո կկնքվի լրացուցիչ համաձայնագիր), ուստի 2023 թվականի դեկտեմբերի 20-ին հատկացվել են ֆինանսական միջոցներ, ինչի արդյունքում «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի հետ կնքվել է ֆինանսական միջոցների հաստատման թիվ 1 համաձայնագրերը։

Հավելենք նաև, որ ՀՀ ՆԳՆ կարիքների համար 2024 թվականին հայտարարված այլ տրանսպորտային միոջոցների ապահովագրական ծառայությունների ձեռք բերման ընթացակարգերին հայտ է ներկայացրել ոչ միայն «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն, այլ նաև «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն։ Հայտերի գնահատման արդյունքում «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն ճանաչվել է ընտրված մասնակից, որի հետ կնքվելու են ԿԱՍԿՈ ապահովագրության ծառայությունների պայմանագրեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031