«ՔՀԿ չափիչ»-ի նոր զեկույցն արձանագրում է, որ Հայաստանում ՔՀԿ (քաղաքացիական հասարակության կազմակերպությունների) միջավայրի առջեւ ծառացած խնդիրները՝ կապված ֆինանսական կայունության, որոշումների կայացմանը մասնակցության եւ պետական ոչ բավարար պաշտպանության հետ, շարունակում են գոյություն ունենալ եւ պահանջում են համապատասխան արձագանք:
Փաստաթուղթը պատրաստվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ եւ «Ոչ առեւտրային իրավունքի եվրոպական կենտրոն» (ECNL) հիմնադրամի ու Արեւելյան գործընկերության երկրներում վերջինիս գործընկերների կողմից իրականացված «Նպաստավոր միջավայրի եւ ՔՀԿ-ների իրավազորման կողմնացույց» ծրագրի շրջանակներում։
Զեկույցում ասվում է, որ 2023 թվականին սահմանափակ առաջընթաց է գրանցվել «ՔՀԿ չափիչ»-ի 2022 թվականի զեկույցի առաջարկությունների իրականացման հարցում: Արդյունքում, առաջիկա ժամանակահատվածում ՔՀԿ միջավայրը բարելավելու համար «ՔՀԿ չափիչ»-ը ՀՀ կառավարությանն ու համապատասխան կառույցներին խորհուրդ է տալիս ՔՀԿ-ների եւ ազդակիր մյուս բոլոր շահագրգիռ կողմերի հետ միասին առաջնահերթություն տալ, մասնավորապես, 11 ոլորտներում տրված 29 առաջարկություններից յոթին (դրանցից հինգն առկա են դեռեւս 2022 թվականից): Դրանց թվում են Ֆինանսների նախարարության կողմից «դրամաշնորհ» եզրույթի սահմանումը, քաղաքականության մշակման վաղ փուլերում ՔՀԿ-ների ներգրավումը եւ ՔՀԿ-ներին ոտնձգություններից ու հարձակումներից համապատասխան պաշտպանության ապահովումը։
Զեկույցում նշվում է, որ 2023 թվականի ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) շարունակել են իրենց ամենօրյա գործունեությունը՝ որոշ դեպքերում ավելի մեծ ուշադրություն հատկացնելով հումանիտար եւ մարդու իրավունքների հարցերին: 2023 թվականի սեպտեմբերից հետո զգալի թվով ՔՀԿ-ներ իրենց ջանքերը կենտրոնացրել են Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու, տեղեկատվական, հոգեբանական, սոցիալական, իրավական աջակցություն տրամադրելու, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստահավաք նախաձեռնություններ իրականացնելու, սննդի, կացարանի, հագուստ եւ հիգիենիկ պարագաների հիմնարար կարիքները հոգալու համար միջոցներ հայթայթելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Զեկույցի համաձայն՝ Հայաստանում ՔՀԿ միջավայրի ընդհանուր գնահատականը 2023 թվականին 2022 թվականի համեմատ չի փոխվել (առավելագույն 7-ից 4,8 միավոր): Ամենաբարձր գնահատականներն ունեցող երեք ոլորտները նույնն են, ինչ 2022 թվականին՝ միավորումների ազատություն (5,7 միավոր), ֆինանսավորման մատչելիություն (5,3) եւ խաղաղ հավաքների ազատություն (5,3 միավոր), իսկ ամենացածր գնահատված ոլորտներն են պետություն-ՔՀԿ համագործակցությունը (4,0 միավոր), պետական աջակցությունը (4,1 միավոր), պետության կողմից պաշտպանության պարտականությունը (4,5 միավոր) եւ թվային իրավունքները (4,5 միավոր):
EU NEIGHBOURS east