Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի լուծարման որոշումը կայացվել է Մոսկվայում, իրագործվել է Արցախում, բայց իրագործման քավորն ու պապան Նիկոլ Փաշինյանն է»․ Լեւոն Հայրյան

Հունվար 12,2024 16:52

«Առավոտի» զրուցակիցն է «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։

-Պարոն Հայրյան, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրապարակային չչեղարկեց իր հրամանագիրը։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։

-Այո, չչեղարկեց, եւ դա շատ վատ է։ Բայց, որպեսզի հասկանանք, թե ինչու չչեղարկեց, փորձենք հասկանալ՝ ինչպես է ծնվել այդ հրամանագիրը։ Նայենք Արցախի վերջին իրադարձությունները։ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերին հրաժարական ներկայացրեց, Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ։ Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ հարձակում եղավ, ինչ-որ ուժեր ստիպեցին Շահրամանյանին հրամանագիր ստորագրել Արցախի լուծարման մասին։ Դրան շատ իրադարձություններ են նախորդել։

Որ լուծարելու հրամանագիրը ստորագրելու հարցն Արցախում վաղուց էր քննարկվում, այդ մասին վկայում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը, դրանից առաջ Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանի հրաժարականը եւ այն, որ Արցախի ղեկավարությունը ոչ ինքն էր պատրաստվել հաջորդ ձմռանը, ոչ էլ ժողովրդին էր կոչ անում պատրաստվել։ Այսինքն՝ նրանք մոտավորապես մայիս ամսից գիտեին, որ պետք է թողնեին Արցախը, բայց ժողովրդին չէին ասում։ Նրանք Արցախի հարուստ անտառների պայմաններում նույնիսկ վառելափայտ չէին կուտակում՝ ձմեռը ժողովրդին ցրտից պաշտպանելու համար։ Քանի որ Արցախի իշխանությունները ժողովրդին չեն պատրաստել ձմռանը, նշանակում է նրանց արդեն ինչ-որ տեղ ասել էին, որ դուք սեպտեմբեր-հոկտեմբերին չպետք է լինեք Արցախում։ Այսինքն՝ վաղուց էին Արցախը լուծարելու հրամանագիրը գրել եւ այն առաջադրել էին Արայիկ Հարությունյանին։ Նա հրաժարվեց՝ չուզենալով այդ հսկա բեռը վերցնել իր վրա։

Արցախի լուծարման որոշումը, սակայն, կայացվել է մեկ այլ վայրում, բայց հրամանագիրը պետք է ստորագրվեր Արցախում։ Որքան էլ ասեն, որ Արցախը ճանաչված չէր, այնուամենայնիվ այն դե ֆակտո կայացած պետություն էր, եւ այն լուծարելու որոշումը գերտերությունների տիրույթում էր։ Եվ կա մի այդպիսի չար գերտերություն, որն իրեն համարում է մեր տարածաշրջանի գլխավոր գործոնը եւ խանդով է վերաբերվում ուրիշ գերտերությունների՝ տարածաշրջանի գործերին խառնվելուն։ Այդ գերտերությունը Ռուսաստանն է, որն էլ որոշել է լուծարել Արցախի Հանրապետությունը։

Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներում երբեմն ծախում է ինքն իրեն եւ Պուտինին։ Ամռանը տված մի հարցազրույցում նա ասել է, որ երբ Պուտինը 2018 թվականին ընդունել է իրեն, ասել է, որ ՀՀ սահմաններն իր համար կարմիր գիծ են, Հայաստանի ինքնիշխանությունը կարեւոր է, բայց Նիկոլն այստեղ չշարունակեց միտքը։ Այդ մտքից հետեւում է, որ նա պետք է առաջարկած լիներ Արցախից հրաժարվել։

Մյուս հարցազրույցում ասում է, որ 2016-ի օգոստոսին առնվազն կար որոշում՝ լուծարելու Արցախը։ 2016-ին ո՞վ կարող էր Արցախի լուծարման որոշում տալ, եթե ոչ ռուսները։ Այստեղ հետաքրքիր է հիշել, որ Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը մի քանի առիթով ասել է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ Օբաման սպառնացել է ճանաչել Արցախը, եթե պատերազմը չկանգնեցնեին։ Այստեղից հետեւում է, որ 2016-ի օգոստոսին, ռուսներն իրոք վախենալով, որ հաջորդ պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախը եւ Անդրկովկասում իրենց լծակները խլել, իրոք որոշում կայացրած լինեն վերացնել Արցախը։

Այստեղից էլ հետաքրքիր միտք է գալիս՝ ռուսների այդ որոշումից հետո երեւի ծնվել է Նիկոլ-ՔՊ-ին իշխանության բերելու հարցը, որովհետեւ «սեւ» նախկինները, ինչ էլ լիներ, պիտի դիմադրեին այդ որոշմանը։ Ուրեմն, Արցախը լուծարելու որոշումը կայացրել է Պուտինը, իրականացնողը եղել է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլը սկսել էր նշաձողն իջեցնելու մասին հայտարարություններ անել, բայց նրանք գիտեին, որ ժողովուրդը չի համաձայնի մինչեւ վերջ իջեցնել նշաձողը։ Մինչեւ սեպտեմբերի 19-ի արտաքսումը մեր ժողովուրդը չհամաձայնեց նշաձողի իջեցմանը, որովհետեւ նշաձողն իջեցնելն առաջին հերթին նշանակում էր մահ, հնարավոր չէր, որ հայերը գոյատեւեին Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելուց հետո։ Այսինքն՝ քանի որ հնարավոր չէր իջեցնել նշաձողը, պետք է անեին պայմանավորված պատերազմ։ Իսկ պայմանավորված պատերազմը հանցագործություն է մարդկության դեմ։ Եվ Պուտինը պետք է որ իմանար, որ այդ հանցագործության համար վաղ թե ուշ պատասխան է տալու։ Դրա համար նա փորձեց իր որոշումների ու գործողությունների սցենարն այնպես կառուցել, որ պատասխանատվությունն ընկնի Նիկոլ Փաշինյանի վրա։

Նիկոլ Փաշինյանը որոշեց հղում անել Արցախի իշխանությունները, իսկ Արցախի իշխանություններից Արայիկ Հարությունյանը հրաժարվեց, ստորագրեց Սամվել Շահրամանյանը։ Բայց Սամվել Շահրամանյանը իր հարցազրույցում ասաց, որ այդ հրամանագրի ամեն տառը համաձայնեցրել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Այստեղից էլ հասկանալի է, թե ինչու Սամվել Շահրամանյանը հրապարակային չչեղարկեց իր հրամանագիրը։ Չնայած, նա փորձում էր ներկայացնել, որ հրամանագիրը ստորագրել է ժողովրդին փրկելու համար, բայց երբ ժողովուրդն անվտանգ տեղափոխվել էր Հայաստան, ինքն էլ էր տեղափոխվել, այդ խանգարող հանգամանքը դուրս էր գալիս արանքից, նա կարող էր չեղարկել հրամանագիրը։ Բայց պարզվում է, որ խանգարող հանգամանքը ոչ թե ռուսներն ու թուրքերն էին, այլ Նիկոլ Փաշինյանը։ Սրա վկայություններից մեկն էլ այն է, որ նա գալով Հայաստան՝ ոչ միայն չբեկանեց իր որոշումը, այլ մեկ ամիս հետո որոշում ընդունեց, որով լուծարեց Արցախի բոլոր պետական մարմինները։ Եվ այն թատրոնը, որն ուզում են Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Շահրամանյանը սարքել մեր ազգի գլխին, որ իբր թե Արցախի լուծարման որոշումը Սամվել Շահրամանյանը թուրքերի ու ռուսների պարտադրանքով է ստորագրել, այլ ոչ թե Փաշինյանի, սուտ է։ Այդ որոշումը կայացվել է Մոսկվայում, իրագործվել է Արցախում, բայց իրագործման քավորն ու պապան Նիկոլ Փաշինյանն է։

Կարո՞ղ էր արդյոք Սամվել Շահրամանյանը չեղարկել իր որոշումը։ Չգիտենք՝ կարող էր, թե չէ, բայց որպես արցախցի՝ պարտավոր էր չեղարկել, բայց չչեղարկեց։ Վատն այն է, որ այդ հրամանագիրը չչեղարկեց նաեւ Արցախի Ազգային ժողովը, որն այդ իրավունքն ուներ։

-Բայց շատ է քննարկվում հարցը, որ այս որոշումն իրավական ուժ չունի, այսինքն՝ ի՞նչ նշանակություն կարող է ունենալ։

-Շահրամանյանը ստորագրել է այդպիսի փաստաթուղթ, բայց չի հայտարարել՝ իմ որոշումը չեղարկում եմ, եւ գնում է աշխատանքի։ Այսինքն՝ ինքն իրեն լուծարելուց հետո գնում է աշխատանքի։ Արցախի Ազգային ժողովը, հայտարարելով, որ մենք լեգիտիմ ենք, շարունակում ենք մեր աշխատանքը, ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Երեք ամիս Հայաստանում գտնվելուց հետո մեկ նիստ են գումարել, որի ժամանակ չգիտեմ ում խորհրդով շատ լավ որոշում են ընդունել՝ ստեղծել հանձնաժողով, որն Ազգային ժողովի անունից աշխարհում կներկայացներ Արցախի դատը։ Տարեվերջին, անցկացնելով երկրորդ նիստը, այդ հանձնաժողովի ստեղծումը չեղարկել են։ Այսինքն՝ Արցախն այսօր չունի իր շահերով զբաղվող կառավարություն եւ Ազգային ժողով։

Միակ բանը, որ նրանք այսօր կարող են անել Արցախի համար, դա հրաժարական ներկայացնելն է։ Ազգային ժողովի պատգամավորները չեն հասկանում, որ իրենք բոլոր 32-ն էլ մեզ համար գտնվում են մեկ նավի մեջ։ Այդ նավի ժողովուրդը ոչ միայն չի մտածում ժողովրդի փրկության մասին, այլ նավի կառավարումն ամբողջությամբ հանձնել են Նիկոլ Փաշինյանին։ Իսկ Նիկոլ Փաշինյանի միտքը գիտենք, այն է՝ Արցախի Հանրապետությունն աշխարհի երեսից ջնջելը, որովհետեւ նա այդպես խոսք է տվել թուրքերին ու ռուսներին եւ ամեն օր դրա համար նորանոր հիմնավորումներ է բերում։

Արցախի ԱԺ նախաձեռնությամբ այդ հանձնաժողովն ինչո՞ւ չստեղծվեց։

-Նիկոլ Փաշինյանը ինքն ամեն ինչ անում է որպեսզի Արցախի հարցը միջազգային ատյաններում չքննարկվի, այդ պատճառով իրենց լծակները գործադրել են, որ հանձնաժողովը չստեղծվի։ Եվ միայն այդ չէ, հիշում ենք, որ Արցախի՝ իր ժողովրդով և իշխանություններով այստեղ հայտնվելուց հետո ՀՀ իշխանությունները աղմուկ բարձրացրին, որ այստեղ չպետք է լինի երկրորդ պետություն, ինչին ի հակառակ արցախցիները հայտարարեցին, որ պիտի ստեղծեն վտարանդի կառավարություն և գնան այլ երկիր, հավանական է՝ Ֆրանսիա։ Այստեղ Նիկոլը և ռուսները, հասկանալով թե դա ինչքան կվնասի նրանց կեղտոտ պայմանավորվածություններին, ամեն ինչ արեցին այդ պլանները խանգարելու համար։ Արցախի լուծարված-չլուծարված պետությունը որոշեցին այստեղ խեղճացած և իրենց «կալպակի» տակ պահել, որ հանկարծ դրսում Արցախի հարց քննարկող չլինի։ Մենք նույնիսկ լսել ենք, որ Արցախի իշխանություններին խոստացել են ինչ-որ ձեւով աշխատավարձի նման մի բան տալ։ Հասկանալի է, չէ՞, որ եթե լրիվ լուծարեն, ինչ-որ տեղ դրսերում կարող է մի բան ձեւավորվել։ Դրա համար էլ հարմար է այստեղ «կալպակի» տակ կիսատ-պռատ պահել։

-Այսպիսով՝ Արցախին ի՞նչ ճակատագիր է սպասվում, ի՞նչ պետք է անել։

-Արցախի ճակատագրով պետք է զբաղվի ամբողջ հայ ժողովուրդը։ 1988 թվականին Արցախի ապստամբությունը, այնուհետեւ պետության ստեղծումը տեղի է ունեցել Հայաստանի եւ ամբողջ հայ ժողովրդի աջակցությամբ։ Պարզ չէ, չէ՞, որ Արցախը միայնակ չէր կարող հայտարարել անկախ իշխանություն։ Հիմա, եթե Հայաստանի իշխանությունն ու ժողովուրդը չեն հետաքրքրվում Արցախի ճակատագրով, ի՞նչ պետք է լինի Արցախի ճակատագիրը։ Կամ Արցախի լուծարման որոշման դեմ պետք է ընդվզի հանրությունը, կամ էլ իշխանությունները։ Իսկ Արցախի հանրությունն այսօր լուռ է եւ ահաբեկված։ Մենք արցախցի ընտանիքներ ունենք, որոնք այնքան ահաբեկված են, որ նույնիսկ իրենց թոշակների հարցով չեն բողոքում։ Այսինքն՝ հասարակությունն ահաբեկված է, չի խոսում, հասարակության ակտիվ մասին, իմ տեղեկություններով, ազգային անվտանգության մարմինները կանչել ու վախեցրել են, իսկ իշխանական թեւն ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ է։

Իսկ Նիկոլին պետք է, որպեսզի Պուտինի հետ իր կազմակերպած Արցախի լուծարման մեղքը չընկնի իր վրա։ Այս վերջին տարիներին միայն այդ ուղղությամբ է աշխատում իր գլուխը, զանազան հանձնաժողովներ է ստեղծում, մարդկանց է կանչում, երբեմն վախեցնում, որ հանկարծ իրականությունը չպատմեն։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մեկ երազանք ունի, որ Արցախի լուծարման պատասխանատվությունն իր վրա չընկնի։ Այս պայմաններում Արցախի Ազգային ժողովն իր մեջ ուժ չգտավ հայտարարելու, որ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը չեղարկում են։ Այսինքն՝ նրանք շարունակելու են աշխատել Նիկոլ Փաշինյանի ծիրում։

Քանի որ Արցախի հարցը, ինչպես վերեւում ասացի, միայն արցախցիների հարցը չէ այլ ամբողջ հայ ազգինն է, եւ Արցախը կործանելով հնարավոր չէ պահել Հայաստանի ինքնիշխանությունը, հայ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ ասի իր խոսքը, քանի որ իրականում երկրի ու իշխանության տերը ժողովուրդն է։ Նա պետք է ստիպի օրվա իշխանություններին՝ կատարել իր կամքը կամ էլ արագ հրաժարական տալ։ Եթե իշխանությունները դա էլ չեն անում արտաքին ուժերի ազդեցության եւ 30 արծաթի պատճառով, ժողովուրդը պետք է օգտվի իր ամենամեծ իրավունքից, որն ապստամբությունն է եւ ազատի իրեն այս իշխանություններից։ Ուրիշ ապագա Արցախի եւ Հայաստանի համար չկա։ Եթե Հայաստանում շուտափույթ չլինի հայասեր եւ հայրենասեր իշխանություն, ապա Արցախի նման աշխարհի երեսից ջնջվելու է նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ ՀՀ փրկությունն իր ինքնիշխանությունը պահելն է, որի միակ գրավականը Արցախի Հանրապետությունն է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031