«Սպարտակ» մարզահամալիրի տարածքը եւ հետեւում եղած շինությունները, այնտեղ մարզադաշտ կա, ժամանակին լողավազան կար, որտեղ շատ ենք լողացել: Ավելի ճիշտ կլիներ` իր նշանակությամբ օգտագործել ու զարգացնել: Իմ կարծիքով՝ տարածքի նշանակությունը պետք էր պահպանել եւ այժմյան դարձնել: Բայց քանի որ չգիտեմ՝ այդ հարցն ինչպես է դրված, մասնագիտական տեսակետից քաղաքի զոնավորման խնդիրը էդ տարածքի շուրջ ինչ ձեւով է դրվում, կարծիք չեմ հայտնի: Կա զոնինգի նախագիծ, որը ժամանակին հաստատվել է, հիմա այդ զոնինգի նախագիծը, որը հաստատված է, գործո՞ւմ է, թե՞՝ ոչ: Դրա հետ հաշվի նստո՞ւմ են, թե՞՝ չէ, քանի այդ հարցի քննարկմանը ծանոթ չեմ, կարծիք չեմ կարող հայտնել: Առհասարակ տարածք վաճառելը, տարածքի նկատմամբ վերաբերմունքը ահավոր բարդ ու զգույշ լինելու խնդիր է» ,-ասաց Երեւանի ավագանու նախկին անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը՝ անդրադառնալով «Սպարտակ» մարզահամալիրի տարածքի վաճառքին:
Նրա խոսքով, ժամանակին շատ կտրուկ հարց դրվեց, որ կենտրոնում այլեւս որեւէ շինարարություն չարվի. «Հիմա, եթե քաղաքականությունը փոխվել է, ես տեղյակ չեմ: Ի վերջո, ապագան մի սերնդով չի լուծվում, չի կարելի այսօր որոշել, թե Երեւանը հիսուն տարի հետո ինչպիսին պետք է լինի ու այսօր լուծումները տալ: Կյանքն իր խնդիրները բնականոն առաջ կքաշի»:
Հիշեցնենք, որ «Սպարտակ» մարզահամալիրը վաճառվել է 5 միլիարդ դրամով, տեղում նախատեսվում է էլիտար շենքերի կառուցում:
Լեւոն Իգիթյանից հետաքրքրվեցինք՝ ինչ է արձանագրում ճարտարապետի իր աչքն այսօր Երեւանում, ժամանակին իրեն մեղադրում էին Երեւանի պատմական տեսքի աղճատմանը նպաստելուն, այսօր մայրաքաղաքի պատմական տեսքի աղճատում ինքը նկատո՞ւմ է։ Ի պատասխան ասաց. «Ես քաղաքապետարանի աշխատանքից ոչ մի տեղեկություն չունեմ ու չգիտեմ՝ ինչ ձեւով է արվում: Մի բան կարող եմ միայն ասել, որ ինձ համար շատ ցավալի է, որ մեր երկրի մայրաքաղաքը գլխավոր ճարտարապետ չունի: Նման հաստիքը վերացված է․ դա համարում եմ ահավոր սխալ բան: Որովհետեւ նման հարցեր քննարկել, այդ ծառայությունը չունենալով, չի կարելի: Կարելի է համալսարանում ունենալ ինքնագործ երգչախումբ կամ որեւէ գործարանում ունենալ դրամատիկ սիրողական խումբ, բայց այն, ինչի մասին խոսում ենք, այդտեղ ինքնագործունեությունը ահավոր վատ հետեւանքներ կարող է ունենալ: Եթե քաղաքապետարանում քաղաքաշինական ծառայությունը բացակայում է, ես շատ լուրջ կվերաբերեմ այդ հարցին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ