Երևանը Մոսկվայից ավելի թանկ է
Ըստ Numbeo․com կայքի Երևանում ապրուստը 2023 թվականին ամենաթանկն է եղել մեր հարևան երկրների համեմատ։ Երևանում ապրելն ավելի թանկ է, քան նույնիսկ Մոսկվայում։
Ըստ այս աղբյուրի կյանքի նույն որակը ապահովելու համար անհատին անհրաժեշտ կլինի ամսական 3,246,3 դոլար (1,312,852.0 դրամ) Երևանում, իսկ Մոսկվայում՝ 2,909,4 դոլար (260,000.0 ռուբլի)։ Այս գումարի մեջ է մտնում նաև նույն որակի տան վարձակալությունը, որը Երևանի կենտրոնում 1 սենյականոց բնակարանի համար գրեթե 1000 դոլար էր 2023 թվականին: Ըստ այս տվյալների տարածաշրջանի քաղաքների համեմատ Երևանում ապրուստը ամենաթանկն է։
- Սպառողական գները Երևանում 15,1%-ով բարձր են, քան Մոսկվայում (առանց վարձակալության)
- Երևանում սպառողական գները ներառյալ վարձավճարը 11,6%-ով բարձր են, քան Մոսկվայում
- Երևանում վարձակալության գները 4,8%-ով բարձր են, քան Մոսկվայում
- Ռեստորանային գները Երևանում 21,8%-ով բարձր են, քան Մոսկվայում
- Մթերքները Երևանում 17,6%-ով բարձր են, քան Մոսկվայում
- Տեղական գնողունակությունը Երևանում 56,9%-ով ցածր է, քան Մոսկվայում
Numbeo․com կայքին վստահում են BBC, Time, Forbes, The Economist, Business Insider, New York Times, The Telegraph և այլ հայտնի պարբերականները։ Այս հարթակը հաշվարկում է կյանքի արժեքի, կյանքի որակի և տարբեր սոցիալ-տնտեսական գործոնների վերաբերյալ ճշգրիտ և արդի տեղեկատվություն ամբողջ աշխարհի քաղաքներում և երկրներում:
Կարդացեք նաև
Երևանում են մեր տարածաշրջանի ամենաթանկ վարձով տները։ Ըստ տվյալների 2023 թվականին Երևանի կենտրոնում 1 սենյականոց բնակարանի միջին ամսական արժեքը կազմում էր 979 դոլար, կամ մոտ 400 հազար դրամ, իսկ Մոսկվայի կենտրոնում նույնանման բնակարանը՝ 772 դոլար կամ 312 հազար դրամ։ Սրա պատճառը կարող է հանդիսանալ այն որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներով պայմանավորված վարձակալության պահանջարկը ընկավ և համապատասխանաբար նաև գները, իսկ Երևանում հակառակը՝ մեծ քանակությամբ ՌԴ քաղաքացիների ներհոսքից վարձակալության գները բարձրացան։
Գծապատկեր 1.
Նշեմ որ, 2021 թվականին 45 ք․մ․ բնակարանի վարձակալության արժեքը Երևանի կենտրոնում կազմում էր մոտ 700 դոլար, 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը արդեն՝ 1000 դոլար։ Սակայն այժմ նմանատիպ բնակարանի վարձակալության գինը իջել է 750 դոլար։ Հավանական է, որ սա սեզոնային բնույթ ունի, քանզի ձմռան սեզոնին պահանջարկը ավելի ցածր է և վարձակալության գները ամռանը ունեն բարձրանալու միտում։ Սակայն 2022-23 թվականի ձմռանը բնակարանների գնի սեզոնային իջեցում չնկատվեց, քանզի առկա էր ՌԴ քաղաքացիների մեծ ներհոսք։ ՌԴ քաղաքացիները հոսքը ունի միջնաժամկետ բնույթ և հնարավոր է որ 2024 թվականին վարձակալության գները ավելի ցածր լինեն 2023 թվականի համեմատ։
Հաջորդ գծապատկերը ցույց է տալիս ռեստորան այցելելու արժեքը Հայաստանում և հարևան երկրներում։ Ինչպես երևում է գծապատկերից ռեստորան այցելությունը նույնպես ավելի թանկ է նույնիսկ համեմատած Մոսկվայի հետ։ 2 հոգու համար 3 ուտեստից բաղկացած կերակուրի արժեքը Երևանի ռեստորանում կազմում է 20 հազար դրամ, իսկ Մոսկվայում մոտ 14 հազար դրամ։ Ըստ տվյալների արագ սնունդը և մասսայական ռեստորաններում սնունդը ամենաթանկը Թբիլիսիում է, որից հետո գալիս է Երևանը։
Գծապատկեր 2.
Երևանում թանկ է նաև բրենդային հագուստը։ Ասիայի բոլոր քաղաքներից, որոնք գրանցված են Numbeo․com կայքում Երևանում միջին դասի Nike վազքի կոշիկները գնով ամենաթանկ 2-րդ տեղում են։ Տես՝ Rankings, History and Analysis:
Գծապատկեր 3.
Ստորև ներկայացված է նաև տվյալ տարածաշրջանի ամենահանրաճանաչ կամ պոպուլյար քաղաքները ըստ Numbeo․com կայքում ներկայացված գրառումներումների քանակի։
Գծապատկեր 4.
Երևանը զբաղեցնում է 11-րդ տեղը ըստ գրառումների քանակի և առաջին տեղը ըստ նույն որակը ապահովելու ապրուստի ծախսերի։ Ներկայացված տվյալները նախանշում են որ այստեղ առկա է որոշակի անհավասարակշռություն, որը առաջացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից և դեպի Հայաստան համեմատաբար մեծ քանակությամբ ՌԴ քաղաքացիների և կապիտալի ներհոսքից։ Այպիսի ներհոսքը չի կարող ունենալ շարունակական բնույթ, որը արդեն իսկ երևում է տվյալներով (տես՝ Գծապատկեր 2 և 3, Հայաստան կատարված դրամական փոխանցումներ)։ Այս անհավասարակշռությունը ունի որոշակի վտանգներ։ Եթե ՌԴ քաղաքացիները Հայաստանում երկարատև չհաստատվեն և դեպի Ռուսաստան կապիտալի ներհոսքը վերականգնվի, (որի նախանշանները արդեն առկա են) ապա Հայաստանում գները կարող են ընկնել՝ հատկապես վարձակալության և վաճառքի, որը տնտեսական աճի տեսանկյունից կունենա բացասական հետևանք, քանզի Հայաստան մտած կապիտալը հիմնականում ներդրվում է շինարարության մեջ։
Numbeo․com կայքից վերծանված տվյալների բազաները կարող եք գտնել նաև մեր Github-ում։
Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ
tvyal.com