Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմում զոհված զինծառայողների մասունքների՝ արտերկրում փորձաքննությամբ եւ ՀՀ-ում մի քանի անգամ հաստատված հուղարկավորումը պետությունը կանի՝ եթե հարազատները հրաժարվեն

Հունվար 12,2024 15:19

2020 թվականի պատերազմում զոհված զինծառայողների մասունքներ կան, որոնք մի քանի անգամ բազմիցս փորձաքննվել են, արդյունքները մշտապես նույնն են եղել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ կա՞ն արդյոք մասունքներ, որոնք ծնողները հրաժարվում են հուղարկավորել։

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ փորձաքննություններն իրականացվել են նաեւ արտերկրում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ եւ միջնորդությամբ․ «Ավելի խորացված փորձաքննությունների իրականցման հնարավորություն է ընձեռվել, եւ Հայաստանը դիմել է այդ քայլին։ Գործընթացն ավարտվելուն պես` բոլոր այն դեպքերի մասով, որոնք արտերկրում հաստատված եւ Հայաստանում մի քանի անգամ հաստատված են, պետք է որոշում կայացնենք, որովհետեւ անգամ սառնարանային պայմաններում տարիներով պահպանել մասունքները որեւէ առումով ճիշտ չէ, պետք է հուղարակվորվեն։ Դրանց իրականացման սկզբունքները, որպեսզի լինեն հնարավորինս ընդունելի ու հաշվի առնվեն նրբություններն ու թեմայի կարեւորությունը, միջգերատեսչական հանձնաժողովը կորոշի»։

Նախարարը չասաց` քանի դեպք կա, երբ ծնողներն անհամաձայնություն ունեն փորձաքննությունների արդյունքների հետ, նշելով՝ քանի որ փորձաքննությունները քննչական գործողությունների մի մաս են, նախարարությունն էլ այդ մասի պատասխանատուն է, իրավասու չեն որեւէ հավելյալ տեղեկատվություն տրամադրել․«Հենց այդ դեպքերն են, երբ փորձաքննություններով հաստատվել է, անձը նույնականացվել է, բայց հարազատները հրաժարվում են հուղարկավորել։ Պետությունն իր վրա պետք է վերցնի մասունքները հողին հանձնելու այս ցավոտ գործընթացը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանն ու Անահիտ Ավանեսյանը Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» դիահերձարանում․ 2021թ․ հունվար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031