Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչ հնարավոր վերադարձը՝ պետք է անհապաղ անվտանգության երաշխիքներ ապահովել, որպեսզի Ղարաբաղի հայերը ժամանակավորապես մուտք գործեն իրենց տները, այցելեն իրենց հարազատների շիրիմներին»․ Դունյա Միյատովիչ

Հունվար 12,2024 15:08

«Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններն իրենց խաղաղ բանակցություններում պետք է ուշադրություն դարձնեն մարդու իրավունքների պաշտպանությանը և սահմանեն մարդու իրավունքների ուժեղ երաշխիքներ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ ներկայացնելով Հայաստան և Ադրբեջան՝ այդ թվում նաև Ղարաբաղ՝ 2023-ի հոկտեմբերի 16-23-ի այցից հետո իր դիտարկումները։

ԵԽ կայքում տեղադրված մամուլի հաղորդագրությամբ մասնավորապես ամրագրված է, որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ է տեղի ունեցել նման մակարդակի մարդու իրավունքների առաքելություն Ղարաբաղ․ «Այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրվա ընթացքում Հայաստան փախած ավելի քան 101․000 Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանումն էր: Այն հաջորդեց սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություներին, Ադրբեջանի լիակատար վերահսկողությանը տարածաշրջանի վրա և մարդկանց տեղաշարժի ու հիմնական ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև խափանմանը, որը զգացել են Ղարաբաղի հայերը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով ճանապարհի՝ ինը ամիս փակ լինելու պատճառով»։

Տեղեկացվում է, որ ՀՀ-ում հանձնակատարը զրուցել է Ղարաբաղի հայերի հետ, որոնց ապաստան են տրամադրել ՀՀ իշխանությունները։ Նշենք, որ մամուլի հաղորդագրության մեջ Ստեփանակերտ անվանումն օգտագործվում է «Խանքենդի» տարբերակով՝ փակագծում նշելով, որ Ղարաբաղի հայերն այն կոչում են Ստեփանակերտ ու նշվում․ «Խանքենդիում՝ Ադրբեջանում, բնակչության դուրս գալուց հետո հանձնակատարը ականատես է եղել դատարկ փողոցների, լքված տարածքների և գրեթե ոչ մի նշան խաղաղ բնակչության առկայության մասին»։

Ըստ մամուլի հաղորդագրության՝ հանձնակատարն իր տեսածի ու լսածի հիման վրա եկել է այն եզրակացության, որ «2023-ի սեպտեմբերի վերջին Ղարաբաղի հայերը հայտնվեցին լքված վիճակում՝ առանց որևէ հուսալի անվտանգության ապահովման կամ պաշտպանության երաշխիքների, ուստի նրանց համար իրենց տներից հեռանալը միակ ողջամիտ տարբերակն էր»։

Դունյա Միյատովիչը, ողջունելով ՀՀ իշխանությունների աջակցությունը, որը տրամադրվել է ԼՂ հայ բնակչությանը, նշել է․ «Եվրոպայի խորհրդի անդամ երկրները պետք է կենտրոնանան ֆինանսական աջակցության վրա՝ ապահովելու, որ տեղահանված անձանց և նրանց ընդունող բնակչության մարդասիրական կարիքները լիովին բավարարվեն»։

Հանձնակատարը կարևորել է նաև ԼՂ հայերի վերադարձի իրավունքի ապահովումը․ «Ղարաբաղի հայերին պետք է հնարավորություն տրվի վերադառնալ իրենց տներն ապահով և արժանապատիվ կերպով, նույնիսկ եթե դա հիպոթետիկ է թվում այս պահին, բայց պետք է ճկուն լուծումներ գտնել՝ մասնավորապես՝ կապված նրանց քաղաքացիության և իրավական կարգավիճակի հետ: Մինչ հնարավոր վերադարձը՝ պետք է անհապաղ ուղիներ գտնել, այդ թվում՝ անվտանգության երաշխիքներ, որպեսզի Ղարաբաղի հայերը ժամանակավորապես մուտք գործեն իրենց տները կամ սովորական բնակության վայրերը և այցելեն իրենց հարազատների շիրիմներին։ Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել, որ Ղարաբաղի հայերի ունեցվածքը պաշտպանված լինի թալանից։ Այն սակավաթիվ էթնիկ հայերը, որոնք մնացել են Ղարաբաղի տարածաշրջանում, նույնպես պետք է օգտվեն մարդու իրավունքների պաշտպանությունից, այդ թվում՝ ապահովելով նրանց ազատ տեղաշարժը»։

Ողջունելով Ադրբեջանի կառավարության քայլերը՝ նպաստելու ներքին տեղահանվածների վերադարձին «Ղարաբաղի տարածաշրջան»՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հույս է հայտնել, որ բոլոր ներքին տեղահանվածները, որոնք ցանկանում են, կկարողանան հնարավորինս արագ վերադառնալ իրենց տները՝ անվտանգ և արժանապատիվ։

Դունյա Միյատովիչը կարևորել է, որ միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և հակամարտության հետ կապված մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին բոլոր մեղադրանքները արդյունավետ և անհապաղ հետաքննվեն, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն և արդար, անկախ և անաչառ դատավարությունից հետո մեղավոր ճանաչվեն, դատապարտվեն և պատժվեն:

Նա շեշտել է, որ սա ներառում է նաև մեղադրանքները՝ կապված Լաչինի միջանցքի արգելափակման, Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանման և սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողության հանգամանքների ուսումնասիրությունը։ Ըստ նրա՝ պետք է նաև համապարփակ մոտեցում ցուցաբերվի անցյալի հետ գործ ունենալու և ղարաբաղյան տարածաշրջանի հակամարտության համատեքստում տեղի ունեցած մարդու իրավունքների լուրջ խախտումների լուծման հարցում։

Հանձնակատարը երկու երկրների իշխանություններին նաև կոչ է արել պայքարել ատելության խոսքի դեմ և խթանել փոխըմբռնումն ու վստահությունը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությանը ներգրավելով մարդու իրավունքներին համապատասխան հիշատակման և հաշտեցման գործընթացներում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031