Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստուգված 120 դպրոցներում հայտնաբերվել է 1716 խախտում». ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար

Հունվար 12,2024 14:34

«Կրթության տեսչական մարմինը կանխարգելիչ եւ վերահսկողական գործառույթներ է իրականացնում 4 ոլորտներում՝ նախադպրոցական կրթության, դպրոցների, նախնական մասնագիտական, արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտներում: Կրթության տեսչական մարմինը 2023թ գործունեության եւ ստուգումների ծրագրով նախատեսված բոլոր գործողություններն իրականացրել է»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը՝ ամփոփելով կառույցի 2023 թ. աշխատանքները։

Նա ի թիվս այլնի՝ տեղեկացրեց, որ իրականացվել է 152 ստուգում, որոնցից 140-ը նախատեսված է եղել տարեկան ստուգումների ծրագրով, ինչն ավելին է, քան 2022թ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումները: «Ստուգված 120 դպրոցներում հայտնաբերվել են օրենսդրության 1716 խախտումներ, 11 նախադպրոցական ուսումնական հաստատություններից 71-ում՝ 71 խախտումներ եւ ստուգված 9 նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում՝ 89 խախտումներ: Առավել հաճախ կրկնվող խախտումները նախադպրոցական ուսումնական հաստատություններում վերաբերել են սաների համակազմի ձեւավորմանը, մանկավարժական աշխատողների նշանակմանը եւ ֆիզիկական միջավայրին, դպրոցների պարագայում՝ մանկավարժական աշխատողների նշանակմանը, խորհրդակցական մարմինների ձեւավորմանը եւ գործունեությանը, պաշտոնային պարտականությունների կատարմանը:

Մասնագիտական կրթության ոլորտում կրկին մեծ թիվ են կազմում մանկավարժական աշխատողների նշանակմանը վերաբերող խախտումները, նաեւ դրանք վերաբերում են ուսանողների ընդունելությանը, վերականգմանը եւ տեղափոխմանը, ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, հաշվառման եւ պահպանման գործընթացներին»,-հայտնեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը:

Վաղարշակ Մատիկյանի խոսքով. «Կան բազմաթիվ ուսումնական հաստատություններ, որոնք երբեւէ չեն ստուգվել տեսչական մարմնի ստեղծումից ի վեր, հետեւաբար առաջնահերթություն է, որպեսզի յուրաքանչյուր տարի ավելի մեծ թվով ուսումնական հաստատություններ ստուգվեն»: Ըստ նրա, հենց դրանով է պայմանավորված 2022թ համեմատ ստուգումների ծավալի մեծացումը:

Կրթության տեսչական մարմնի ղեկավարը հավելեց, որ ստուգումների արդյունքում կազմվում են ակտեր, եթե առկա են խախտումներ, իսկ եթե խախտումներ չկան, կազմվում է տեղեկանք: Նրա խոսքով, եթե խախտումներն այնպիսին են, որ հնարավոր է վերացնել, տրվում են հանձնարարականներ, եւ հաջորդ տարի իրականացվում է հանձնարարականների նկատմամբ վերահսկողություն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031