Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեղանին դրեք ձեր փաստարկները․ չէ՞ որ դրանք չկան՝ բացի հիստերիայից և արդեն նաև վիրավորանքից»․ Մարիա Զախարովան՝ իրենց քննադատող ՀՀ իշխանավորներին

Հունվար 12,2024 14:12

«Մենք այդ հայտարարությունները տեսնում ենք և համարում ենք ապակառուցողական։ Եվ ամենակարևորը, իրականությանը դրանք չեն համապատասխանում»,- հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ մի շարք պաշտոնյաների մեղադրանքները պաշտոնական Մոսկվայի հասցեին, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ի խաղաղ բնակչությանը չպաշտպանեցին 2023-ի սեպտեմբերին և էթնիկ զտում թույլ տվեցին, ճեպազրույցում այսպես պատասխանեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ըստ նրա՝ տարօրինակ է, որ այդ հայտարարությունները շարունակվում են և միևնույն ժամանակ նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ի հետ ունեն վստահելի, լավ երկխոսություն, և դա ավանդական կապ է․ «Մենք մեկ անգամ չէ, որ ներկայացրել ենք այդ հայտարարությունների մասին ռուսական դիրքորոշումը։ Դրանք միայն նոր խնդիրներ են առաջացնում երկկողմ հարաբերություններում և չեն նպաստում ոչնչի՝ ոչ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ոչ տարածաշրջանային հարցերի լուծմանը, բայց ցավոք, ինչ-որ մարդկանց դա ձեռնտու է։ Ես չգիտեմ՝ արդյոք դա ձեռնտո՞ւ է ինչ-որ մեկին ՀՀ-ում կամ ձեռնտու է ՀՀ-ի սահմաններից դո՞ւրս ինչ-որ մեկին։ Մենք կարծում ենք, որ դրանք փորձեր են պաթետիկացնել փաստերը իրենց վրայից պատասխանատվությունը գցելու համար։ Ես սա այլ կերպ գնահատել չեմ կարող։ Ուղղակի կոնկրետ փաստեր կբերեմ։

Խնդիրն այն է, որ Դաշնային խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 18-ի բանաձևում նշված է, որ ռուս խաղաղապահներն ուղարկվում են տարածաշրջան կրակի դադարեցման պայմանավորվածությունների պահպանմանը հետևելու նպատակով, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիական բնակչության մասսայական սպանությունների և քաղաքացիական օբյեկտների վնասի պատճառումից խուսափելու համար։ Ես հարց ունեմ բոլոր նրանց, որոնք այս փաստաթղթին հղում կատարելով՝ ցանկանում է մեղադրել ՌԴ-ին։ Այստեղ գրվածից ինչ-որ բան չի՞ կատարվել։ Եթե որևէ մեկի խիղճը կտանի, խղճի բացակայության դեպքում լկտիություն կունենա ասելու, որ սրանից ինչ-որ բան չի կատարվել, խնդրեմ սեղանին դրեք ձեր փաստարկները։ Չէ՞ որ դրանք չկան՝ բացի հիստերիայից և արդեն նաև վիրավորանքից։ Հենց այն, ինչ այս փաստաթղթում է գրված, կատարվել է։ Հաջողվել է թույլ չտալ հենց այն, ինչին այս փաստաթուղթը նվիրված էր՝ հաշվի առնելով 2023-ի սեպտեմբերի էսկալացիան՝ շնորհիվ ռուսական խաղաղապահների պրոֆեսիոնալ գործողությունների, իրենց ակտիվ մասնակցությամբ հնարավոր եղավ սեպտեմբերի 20-ին հասնել պայմանավորվածության դադարեցնել ռազմական գործողությունները և հասնել բանակցությունների ԼՂ-ի հայ բնակչության և Ադրբեջանի իշխանությունների միջև։ Մեր խաղաղապահները ապաստան են տվել խաղաղ բնակչությանը, հումանիտար օգնություն են ցուցաբերել, կազմակերպել են բժշկական տարհանում, և ոչ մեկ իրավունք չունի նրանց վիրավորելու։ Իսկ նրանք, որոնք կփորձեն նրանց վիրավորել, մենք կտանք պատասխան»։

Էթնիկ զտում թույլ տալու մեղադրանքների մասին էլ ասաց․ «Ինչ վերաբերում է էթնիկ զտման մասին հավաստիացումներին՝ կրկին կցանկանայի, որ ներկայացվեին փաստեր։ Եթե կա որևէ միջազգային կազմակերպության փաստաթուղթ, որը Երևանում համարում են հեղինակավոր, եթե կա որևէ փաստաթուղթ կամ հայտարարություն, որը փաստում է, որ նման էթնիկ զտումներ եղել են, բարի եղեք այդ փաստաթղթի հղումը մեզ տրամադրեք։ Մեր կողմից մենք մեկ անգամ չէ, որ կարևորել ենք պայմանների ստեղծումը հայ բնակչության վերադարձի համար՝ հիմնվելով Բաքվի հայտարարությունների վրա։ Մենք ամրագրել ենք՝ ապահովել ԼՂ-ի հայկական բնակչության իրավունքի ապահովումը, նաև անվտանգությունը և պատրաստ ենք աջակցություն տրամադրել այդ գործընթացին՝ այդ թվում խաղաղապահ առաքելության միջոցով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031