Լրահոս
Օրվա լրահոսը

Պետպատվեր ստանալու համար բժշկական կազմակերպությունների հետ կնքվող օֆերտայի պայմանագիրը կվերանայվի․ Անահիտ Ավանեսյան

Հունվար 12,2024 14:04

«2023-ին պետական պատվերի հայտ ներկայացրած կազմակերպությունները, կառավարության որոշման համաձայն՝ ավտոմատ կերպով դառնում են օֆերտայի պայմանագրի կողմեր։ Այս վեց ամիսներին մենք նաեւ կիրականացնենք օֆերտայի պայմանագրի վերանայում, ֆինանսների նախարարության հետ մեկ անգամ եւս պայմանները կվերանայենք, եւ պիլոտային այս ծրագրի ավարտին կներդնենք թարմացված օֆերտայի պայմանագիր»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ վեց ամսից այն կազմակերպությունները, որոնք առաջին անգամ պետք է դիմեն օֆերտայի պայմանագիր կնքելու համար, թարմացված տարբերակին կդիմեն։

Հիշեցնենք՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի կառավարության նիստում հաստատվեց որոշում, ըստ որի՝ առաջարկվում է ՀՀ պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի թվով 17 միջոցառումների փոխհատուցումն իրականացնել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով, փորձարարական կարգով: Որոշման հիմնավորմամբ՝ սա հնարավորություն կտա վերացվեն բժշկական օգնության եւ սպասարկման ֆինանսական սահմանափակումները՝ կապված պայմանագրային գումարի ամսական համամասնության հետ, կվերանա պարբերաբար իրականացվող կազմակերպությունների պայմանագրային գումարների հաճախակի վերաբաշխման անհրաժեշտությունը, հերթագրումներ կիրականացվեն միայն բուժհաստատությունների թողունակության անբավարարության կամ պետական բյուջեով տվյալ ծրագրի համար հատկացված ընդհանուր գումարի համամասնության ավարտման դեպքում:

Նիստում Անահիտ Ավանեսյանն ասել էր՝ «Նշված փոփոխության արդյունքում, բացի պահպանման ծախսերով փոխհատուցվող հոգեբուժական, նարկոլոգիական, տուբերկուլոզի բուժման, քրեակատարողական հիմնարկներում պահվողների բուժօգնության միջոցառումներից, մնացած բոլոր ծրագրերը եւ միջոցառումները կփոխհատուցվեն պայմանագրային գումարով՝ բյուջեի չսահմանափակման սկզբունքով»։ Նախարարն ասել էր՝ «Մինչ այս ամենը բժշկական կենտրոնի համար նախատեսված էին նախարարի հրամանով սահմանված առավելագույն սահմանաչափեր, իսկ այսուհետ բժշկական կենտրոնները կփոխհատուցվեն ըստ մատուցած ծառայությունների»։

Այսօրվա ասուլիսում նախարարն ասաց, որ սա նոր համակարգ չէ, նախարարության ծրագրերի 53%-ը, մինչ այս ծրագրի ներդրումն, արդեն իսկ իրականացվում էին օֆերտայի շրջանակներում․ «Հիմա արդեն կարելի է ասել՝ դարձել է 100%։ Մենք վերահսկման եւ ծրագրերի շրջանակներում բյուջետային կարգապահությունը պահելու գործիքակազմ ունենք, սերտ աշխատում ենք բուժկենտրոնների հետ»։

Հստակեցնող հարցին, թե այսինքն կազմակերպությո՞ւնը պետք է դիմի, նախարարը պատասխանեց՝ այո, օֆերտան պայմանագրի ձեւ է։

Թե ի՞նչ սկզբունքով է այն գործում, նախարարը հստակ պատասխան չտվեց․ «Օֆերտայի պայմանագիրը վերանայելուց հետո ավելի ընդգրկուն կլինեն, որովհետեւ ստացվում է, որ առաջ ունեինք երկու փուլ որակավորման, մեկը՝ պետպատվերի հայտ ներկայացնել ու ապացուցել, որ այն պահանջները, որ մենք դնում ենք պետական միջոցների փոխհատուցման ծառայություններ ստանալու համար, ապահովված են, որովհետեւ մենք որպես պետություն պետք է երաշխավորենք, որ քաղաքացին պատշաճ որակով եւ ծավալով ստանա ծառայությունները։ Հիմա այս երկու փուլը կդառնա մեկ փուլ, եւ այն բոլոր որակավորման չափորոշիչները, որոնք մեզ համար կարեւոր են, կդառնան օֆերտայի պայմանագրի մաս»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031