Լրահոս
Օրվա լրահոսը

Թվային հոգեբանություն. հոգեբանի պատկերացումները սոցիալական մեդիայի ազդեցության մասին

Հունվար 12,2024 13:45

Թվային դարաշրջանում, որտեղ մեր առցանց կյանքն անխափան կերպով կապված է ֆիզիկականի հետ, սոցիալական մեդիայի հոգեբանական հետևանքների ըմբռնումը դառնում է առաջնային: Այս հարցազրույցում Սիաննա Մովսիսյանի` դիպլոմավորված կլինիկական հոգեբան-հոգեթերապևտի հետ քննարկում ենք թվային վարքագծի բարդ կողմերը, թե ինչպես է սոցիալական մեդիան ձևավորում մեր միտքը, զգացմունքները և հարաբերությունները: Հոգեբանը մանրակրկիտ պատկերացումներ է տալիս սոցիալական մեդիայի հոգեբանական ազդեցության վերաբերյալ` բացահայտելով մեր թվային հոգեկանի բարդությունները փորձաքննության և արտացոլումների միջոցով:

-Որո՞նք են հոգեկան առողջության ամենատարածված ռիսկերը՝ կապված սոցիալական մեդիայի օգտագործման հետ, հատկապես դեռահասների և երիտասարդների համար:

-Սոցիալական մեդիայի օգտագործման հետ կապված հոգեկան առողջության ամենատարածված ռիսկերը կարող ենք առանձնացնել մի քանի մասով: Մի մասը կարող է լինել բուն հոգեկան տարաբնույթ խնդիրների կամ խանգարումների ի հայտ գալը․ օրինակ՝ կարող են առաջանալ կպչուն գործողություններ՝ անընդհատ նորություններ ստուգելը, արդյոք չկա՞ նոր հաղորդագրություն, վախը կորցնելու ամենակարևորը «Fear of missing something, FOMO», այս ամենը կարող է առաջացնել սոցիալական հարթակից կախվածություն:

Կախվածությունը ևս առանձնացնենք, քանի որ կան դրան բնորոշ տարբեր տեսակներ` սննդից, խաղերից և այլն: Այս պարագայում, երբ մարդը ունենում է հուզական ապրումներ, որոնցից ուզում է ազատվել՝ սոցիալական հարթակը կարող է լինել այն վայրը, որտեղ մարդը թաքնվի և կտրվի իրականությունից ու սրա պատճառով ձևավորվի ու զարգանա որոշակի կախվածություն:

Քանի որ մենք սոցիալական էակներ ենք, որոշակի տարբերություններ շրջանակում է մեր զարգացումը, որպես անձ ձևավորում:

-Ինչպե՞ս է սոցիալական մեդիան ազդում ինքնագնահատականի և մարմնի պատկերի վրա:

-Սոցիալական հարթակները ուղիղ կերպով կապված են մեր ինքնագնահատականի հետ՝ լայքերը, մեկնաբանությունները, արձագանքները, ու այստեղ կարող է առաջանալ, որ անձը իր գնահատականի հաստատման համար շարունակ փորձի հնարավորինս շատ արձագանք ստանալ սոցիալական հարթակներից և այդ կերպ բարձրացնել ինքնագնահատականը: Ստացվում է, որ մարդու ինքնագնահատականը շարունակ կախված է արձագանքի շատ կամ քիչ լինելուց: Եթե մարդը հրապարակում է նկար և չի ստանում իր պատկերացմանն համապատասխան լայքեր, ապա նրա «ես»-ի պատկերացումը չի համապատասխանում հասարակության արտաքին աշխարհի հետ, ոնց են իրեն տեսնում մյուսները ու ոնց է ինքն իրեն տեսնում և այստեղ սկսում է աղճատում:

-Որո՞նք են սոցիալական ցանցերից կախվածության նշանները, և ինչպե՞ս կարող են մարդիկ ազատվել դրանցից:

-Կա մի հետաքրքիր հետազոտություն, եթե 3 ժամից ավելի է անձը ծախսում սոցիալական հարթակներում, ապա ռիսկերն ավելի բարձր են, որ նա ունի հոգեկան առողջության հետ որոշակի խնդիրներ: Այսպիսով` ցուցիչ կարող է լինել ժամանակը: Սոցիալական ցանցերից կախվածության նշաններից է նաև քնի խանգարումը: Օրինակ՝ քնելուց առաջ պառկելու ընթացքում մարդը երկար ժամանակ է անցկացնում սոցհարթակներում, որը ազդում է քնի որակի և ժամանակաքանակի վրա․ սրում է անքնությունը, ուստի երբ պառկում ենք քնելու՝ ոչ մի տեսակի գաջեթ ցանկալի է չօգտագործել:

Սոց հարթակները նաև ազդում են մեր տրամադրության և էմոցիաների վրա, երբ մենք շատ վատ կամ լավ լուրի մասին ենք կարդում: Հետևաբար` այս ամենը նկատելուց հետո պետք է մտածել սոցիալական հարթակների սահմանափակման մասին:

-Ինչպե՞ս կարող են ծնողները և մանկավարժները օգնել երիտասարդներին առողջ հարաբերություններ զարգացնել սոցիալական մեդիայի հետ:

-Ծնողները դեռահասներին պետք է բացատրեն սոցիալական հարթակների վնասակարությունը կամ օգտակարությունը, քանի որ շատ հաճախ դրվում են արգելքներ կամ քննադատական տեքստեր: Դեռահասները, քանի որ գտնվում են իրենց զարգացման շատ զգայուն փուլում ու «ես»-ի ձևավորման շրջանում, ինքնաճանաչումը հակադրվում է միջավայրին բացելով հակադրության հարթակ: Ուստի պետք է հասկանալ և եթե դրվում են արգելքներ, որ օրինակ՝ չի կարելի շատ ժամանակ ծախսել սոցիալական ցանցերում, ապա ընտանիքում բոլորը պետք է այդ կանոններին հետևեն, այլ ոչ թե միայն դեռահասը: Նույնը դպրոցում` մանկավարժները վստահաբար կան տարբեր հարթակներում և, եթե դրվում են հստակ պայմաններ՝ բոլորը պետք է պահպանեն: Մանկավարժները նաև հնարավորություն ունեն որոշակի կրթական ձևով մատուցեն ինֆորմացիան, բացատրեն ազդեցությունը` հրավիրելով մասնագետների տարբեր ոլորտներից, ովքեր կպատմեն սոցիալական հարթակների լավ և վատ ազդեցությունների մասին, ինչպես նաև կարող են կիսվել տարբեր տեսահոլովակներով՝ կապված կիբեռբուլինիգի հետ և այլն: Բայց այդ ամենը պետք է արվի ոչ թե էքսպերտի դիրքից, այսինքն՝ ես ծնող եմ, ես ավելի լավ գիտեմ կամ ես դասախոս եմ, ավելի ճիշտ գիտեմ, այլ հավասարը հավասարի դիրքից:

-Որո՞նք են տարբեր սոցիալական մեդիա հարթակների հոգեբանական ազդեցությունները, ինչպիսիք են Instagram-ը, TikTok-ը կամ Twitter-ը:

-Սոցիալական հարթակների ազդեցությունը տարբեր է վիզուալ, ձայնային, բայց ինֆորմացիայի տեսանկյունից շատ ցաքուցրիվ է յուրացվում: Երբ մենք ֆիլմ ենք դիտում կամ գիրք ենք կարդում՝ ունենում ենք այդ ամենի ամբողջական պատկերը, բայց ինֆորմացիան սոցհարթակներում, հատկապես կարճ գրառումներն ու տեսահոլովակները՝ ցաքուցրիվ եղած ինֆորմացիան մեր հոգեկանը վերցնում է և փորձում ամբողջացնել և որոշակի դարակներում դասավորել, և մի մասը բարեհաջող դասավորվում է, իսկ մյուս մասը չի ստացվում և առաջանում են ինֆորմացիոն աղբակույտեր մեր մտածական պրոցեսներում:

-Ինչպե՞ս են սոցիալական մեդիա հարթակների առանձնահատկություններն ու ալգորիթմներն ազդում վարքի և հոգեկան առողջության վրա:

-Շփումը շատ կարևոր է մարդու համար և իրապես շփվելու հմտությունները գնալով պակասում են: Մարդը սովորում է, որ ինչ-որ տեսակի գրառում իրականացնելուց՝ սկսվում է մեկնաբանությունների տեղատարափը, որին հետևում է շփումը: Եվ ելնելով, թե որ հրապարակած նյութը կամ գրառումն ունի ավելի շատ հետադարձ կապ՝ տանում է մեկուսացման: Կարող են առաջանալ հույզերի կառավարման բարդություններ և շարունակ ցանկալի վարքի ձևավորում:

Սոցիալական հոգեբանության մեջ կա ներազդման վարակի ֆենոմենը` երբ մարդը հետևում է թրենդներին և հետ չմնալու համար կրկնօրինակում է` նորը ստեղծելու փոխարեն կամ զուտ թրենդային թվալու համար:

-Որո՞նք են ձեր կանխատեսումները, թե ինչպես սոցիալական մեդիան կշարունակի ձևավորել մեր հոգեկան առողջությունը ապագայում:

-Եթե չլինեն սոցիալական կայքերը՝ այնպես չէ, որ չկան այլ հարթակներ, որոնք չեն ազդի մարդկանց հոգեկան առողջության վրա, սա ուղղակի մի մեխանիզմ է, գործիք, որը և դրական և բացասական ազդեցություն ունի:

Զրուցեց Անի ԵՆՈՔՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031