Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պաշտպանության քարտուղարի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, Բայդենը ժամանակին չի տեղեկացվել

Հունվար 12,2024 13:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեքշաբթի հայտնի դարձավ, որ ԱՄՆ պաշտպանության քարտուղար (նախարար–խմբ.) Լլոյդ Օսթինի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել:

Հետաքրքրական է, որ քաղցկեղի մասին Օսթինն իմացել է դեռ դեկտեմբերին, սակայն կառավարության կաբինետին, այդ թվում՝ Ջո Բայդենին այդ մասին չի փոխանցել: Նախագահը տեղեկացվել է հունվարի 9-ին:

Տարեսկզբից ի վեր՝ Լլոյդ Օսթինի գլխին մութ ամպեր էին կուտակվում: Օրեր շարունակ նրա մասին որևէ տեղեկատվություն չէր տրամադրվում, և միայն հունվարի 6-ին պարզ դարձավ, որ նա հոսպիտալիզացված է:

Հունվարի 9-ին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, ըստ որի՝ պաշտոնյայի քաղցկեղի ախտորոշումը կատարվել է հիվանդության զարգացման վաղ փուլում: Հայտարարության մեջ նշվում է, որ «դեկտեմբերի 22-ին նվազ ինվազիվ վիրահատական միջամտություն է կատարվել»: Հաջորդ օրը Օսթինը դուրս է գրվել հիվանդանոցից:

Սակայն հունվարի 1-ին նա «սրտխառնոցի, որովայնի, ազդրերի և ոտքերի ուժգին ցավի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց», որտեղ էլ բժիշկները նրա մոտ միզուղիների բորբոքում են հայտնաբերել: «Նա աստիճանաբար վերականգնվում է: Բորբոքումն անցել է: Մենք ակնկալում ենք լիարժեք ապաքինում, չնայած որ այս պրոցեսը կարող է երկար տևել», շեշտվում է հաղորդագրության մեջ:

Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ հայտնի չէ, թե ինչու պաշտպանական գերատեսչության առաջնորդը որոշել է իր առողջական վիճակի մանրամասների մասին չպատմել Սպիտակ տան աշխատակազմին: CNN-ը գրում է, որ սա հարցեր է առաջացրել «Բայդենի վարչակազմի ներսում թափանցիկության և հաղորդակցության մասին»:

Երեքշաբթի կայացած ասուլիսում ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին կարծիք հայտնեց, որ «ցանկալի չէ, որ նման իրավիճակներն այսքան զարգանան առանց գերագույն գլխավոր հրամանատարի իմացության»:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Օսթինը Բայդենին չի տեղեկացրել իր առողջական բարդությունների մասին՝ Պենտագոնի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերն էլ իր հերթին ընդգծել է, որ Լլոյդ Օսթինի շուրջ ստեղծված իրավիճակը «խիստ անձնական էր»: Նա պնդել է, որ «իմանալուն պես տեղեկատվությունը փոխանցվում է հանրությանը»: CNN-ն այս առնչությամբ գրում է, որ Պենտագոնում, հավանաբար, նույնպես չեն իմացել գերատեսչության ղեկավարի՝ քաղցկեղով ախտորոշվելու մասին:

Սպիտակ տնից մի պաշտոնյա, որը Politico-ի հետ զրուցել է գաղտնի մնալու պայմանով, փոխանցել է Բայդենի տեսակետն այս ամենի վերաբերյալ՝ «այսպիսի բան այլևս չպետք է լինի»:

Հոսպիտալիզացման մասին տեղեկության տարածումից հետո, երբ դեռ քաղցկեղի մասին հանրությունը չգիտեր, 70-ամյա Լլոյդ Օսթինն ընդունել է, որ «հանրությանը պետք է ավելի պատշաճ ձևով տեղեկացներ իրավիճակի մասին»:

Չնայած կատարվողին՝ ԱՄՆ ռազմական նախարարի հրաժարականի մասին քննարկում չի ծավալվում ներիշխանական շրջանակներում: Ավելին, Ջոն Քիրբին մամուլին հայտնել է, որ նախագահը «լիովին վստահում է» Օսթինին և մտադրություն չունի ազատել նրան զբաղեցրած պաշտոնից:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031