«Առավոտի» զրուցակիցն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
-Պարոն Ղուկասյան, Հայաստանի իշխանությունները փորձում են հանրությանը մոլորեցնել, թե իբր ստեղծված պայմաններում Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղություն հաստատել, այնինչ, Ալիեւն իր հարցազրույցում հստակ շարադրեց Ադրբեջանի նկրտումները։ Ի՞նչ են փաստում Ալիեւի հայտարարությունները։
-Ալիեւն արձանագրեց, որ Արցախի խաղաղ կարգավորման գործընթացն այս տարիների ընթացքում ապրեց մեծ դեգրադացիա։ Ի սկզբանե Հայաստանն ու Ադրբեջանն 1992 թվականին դիմել էին ԵԱՀԿ-ին՝ Արցախի հարցը կարգավորելու համար, այսինքն՝ այդ հարցը հանձնել են ԵԱՀԿ-ին, որպեսզի այն կարգավորվի Հելսինկյան ավարտական ակտի սկզբունքների հիման վրա։ Սկզբունքները, գիտենք, որ երեքն էին՝ ուժի չկիրառում, պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու իրավունք եւ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունք։ Բայց մեր աչքի առաջ ձեւաչափը քայլ առ քայլ ենթարկվեց դեգրադացիայի։ Եվ Իլհամ Ալիեւն իր հարցազրույցում դա արձանագրում է, ասում է, որ Ադրբեջանը համաձայն չի եղել կարգավորման այն առաջարկի հետ, որը Մինսկի խմբի համանախագահներն առաջ էին քաշել։ Եվ տրամաբանական է, որ ինքն այսօր արդեն խոսում է այն մասին, որ Ադրբեջանի համար նոր դարաշրջան է սկսվում, այսինքն՝ Ադրբեջանի եւ Արեւմուտքի հարաբերությունները պետք է արմատապես փոխվեն։ Այս իրավիճակում քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով խաղաղության հասնելու հիմք չկա, նամանավանդ, որ այդ նույն հարցազրույցում Ալիեւը ձեւակերպեց Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանից՝ մոտավորապես 13 400 քկմ։ Ըստ էության Ադրբեջանը, բնականաբար Թուրքիան, հնարավոր է՝ Ռուսաստանը մտադիր են վերադառնալ 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով սահմանված տարածքներին։ Դա կազմում է 10 հազար քառակուսի կիլոմետրից մի քիչ ավելի։ Սա է այսօր Ադրբեջանի դիրքորոշումը, եւ մենք բոլորս դրանից պետք է անենք մեր հետեւությունները։
-Իրավիճակը փոխելու ի՞նչ հնարավորություններ կան՝ հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումները։
Կարդացեք նաև
-Ալիեւը մեր երկիրը բազմիցս անվանեց «Հայաստան պլյուս»՝ նկատի ունենալով, որ Հայաստանն այսօր Արեւմուտքում ունի աջակցություն թե Արցախի, թե իր անվտանգությունը պաշտպանելու հարցում։ Եվ ինքը նույնպես արձանագրում է այն դրությունը, որ քաղաքական, դիվանագիտական մակարդակով Հայաստանը պետք է Արեւմուտքի ռազմական, քաղաքական աջակցությունն ընդունի։ Եթե Հայաստանի այսօրվա իշխանություններն իրոք մտադիր են պաշտպանել Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը, ուրեմն այդ օգնությունից հրաժարվել չեն կարող։ Եվ, իհարկե, Հայաստանն ինքը պետք է պատերազմի իր պատրաստությունն ունենա։
Այս տարի շատ մեծ քաղաքական փոփոխությունների տարի կարող է լինել, որովհետեւ ամբողջ աշխարհում ընտրություններ են լինելու, Եվրամիության խորհրդարանի ընտրությունները տեղի են ունենալու հուլիսին, նոյեմբերին ԱՄՆ-ում են լինելու նախագահի ընտրություններ։ Իսկ իշխանափոխության ժամանակ անցումային շրջանում միշտ անորոշ քաղաքական իրավիճակ է ստեղծվում, եւ դա Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի տեսակետից հարմար է՝ Հայաստանի վրա հարձակում կազմակերպելու, իրականացնելու եւ անպատիժ մնալու համար։ Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ նույնիսկ պատժի հարցում Ադրբեջանը պատրաստվում է նման զարգացումների։ Դրա մասին էլ խոսք հնչեց Ալիեւի ելույթում, որ Արեւմուտքի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու դեպքում իրենք իրենց հերթին մտադիր են տուգանքներ սահմանել Արեւմուտքի ընկերությունների դեմ, որոնք աշխատում են կամ մտադիր են աշխատել Ադրբեջանում էներգետիկ ոլորտում։
Մենք 2024 թվականին ունենք պատերազմի բավական բարձր հավանականություն, որի պատրաստվելն առաջնային խնդիր է Հայաստանի այսօրվա իշխանության համար։ Դա ենթադրում է, որ մենք պետք է ստեղծենք Ադրբեջանի հետ շփման գծում պաշտպանական շրջաններ։ Նրանք չեն ուզում զորքերը հետ քաշել շփման գծից, իսկ դա արդեն պատերազմի պատրաստվելու նշաններից մեկն է։ Եվ որպեսզի չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականին, երբ մեր բանակը բախվեց այն դրության հետ, երբ մեր զինվորներն անպաշտպան էին անօդաչուների հարվածների դեմ, այս ամենը պետք է հաշվի առնել եւ հիմա այդ պաշտպանական շրջանները ստեղծել։
Կա Ուկրաինայի փորձը, թե ինչպես իրենք կարողացան ստեղծել այնպիսի պաշտպանական շրջաններ, որ Ռուսաստանի բանակը չի կարողանում դրանք հաղթահարել։ Կա Ռուսաստանի փորձը, թե ինչպես ստեղծեին պաշտպանական շրջաններ, որոնք Ուկրաինան չի կարողանում «կոտրել», եւ բազմաթիվ այլ փորձեր կան, որոնք ռազմական արվեստի տեսակետից նորություն չեն։ Սա պարզապես մեծ քաղաքաշինական աշխատանք է, որը պետք է մեկնարկի օր առաջ։ Բոլոր սահմանամերձ շրջաններում, որտեղ տեղակայված են մեր զորքերը, պետք է ստեղծվեն բետոնային պաշտպանական միջոցներ, կրակային կետեր, պահոցներ անձնակազմի ու տեխնիկայի համար, այդ ամենը պետք է արվի այն հաշվարկով, որ եւ հրետանու, եւ հրթիռների, եւ ԱԹՍ-ների հարվածներից լինեն պաշտպանված։ Դա մեր այսօր գլխավոր խնդիրն է՝ ապահովելու մեր զինվորների կյանքը, մեր անվտանգությունն ու պետության տարածքի անձեռնմխելիությունը։ Այս հարցերն ակնհայտ ու առաջնային են։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Հայաստանին բազմաթիվ առաջարկներ են գալիս Արեւմուտքից՝ ամրապնդելու անվտանգությունը։ Դա արդեն հանրությանը հայտնի է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ