Լրահոս
Օրվա լրահոսը

Լինելո՞ւ է, արդյոք, Նոր աշխարհակարգը. մաս 3

Հունվար 12,2024 14:00

Առաջին մասն՝ այստեղ:

Երկրորդ մասն՝ այստեղ:

3.Ի՞նչ է ակնկալում Ռուսաստանը «նոր աշխարհակարգից»

Ռուսաստանը դիմագրավում է մի շարք մարտահրավերների, որոնց թվում են կրթության եւ գիտության ցածր մակարդակը, քաղաքացիների հակվածությունը շոուներին (ռուսական արտահայտությամբ՝ предпочитают телевизор холодильнику), տեխնոլոգիական զարգացման դժվարությունները, ժողովրդագրական ճգնաժամը, տնտեսության կախվածությունը մեկ աղբյուրից՝ նավթից, եւ այդ պատճառով այն զարգացնելու բարդությունները, հսկայածավալ երկրի ենթակառուցվածքների թերզարգացումը եւ դրանից բխող կառավարման բարդությունները, ժողովրդավարության ցածր մակարդակը եւ շուրջ 25 տարի իշխող նույն վարչակարգը, կոռուպցիան, եւ այլն։ Այս ամենի պատճառով երկիրը տնտեսական ու սոցիալական զարգացման փոխարեն (ինչը նման խնդիրների առկայությամբ չափազանց դժվար է) վերջին 20 տարիների ընթացքում ընտրել է էքսպանսիայի ռազմավարությունը, ինչը պատմության ընթացքում հաճախ են կիրառել ցամաքային կայսրությունները։ Նման մոտեցումը որպես երկրի հզորացման ապացույց հեշտությամբ կարելի է ծախել ինչպես սեփական քաղաքացիներին (կրկին հիշենք՝ Россия встает с колен), այնպես էլ որոշ օտար երկրների։

Որպես ընդլայնման առաջնային նպատակ Ռուսաստանն ընտրել է նախկին ԽՍՀՄ երկրներն այն պարզ պատճառով, որ այդպես ավելի դյուրին է։ Pax Americana համակարգում Ռուսաստանին տրված էր նախկին ԽՍՀՄ տարածքում կայունություն հաստատելու բացառիկ իրավունքը, սակայն Մոսկվան դրա փոխարեն ցանկանում է այս երկրները զինուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով իր կազմի մեջ մտցնել, քանի որ դա կարելի է ցուցադրել որպես երկրի հզորացման ակնհայտ ապացույց։ Այս տեսանկյունից նոր աշխարհակարգ ձեւավորելու միտումները դառնում են նվաճողական քաղաքականության լավագույն լեգիտիմացումը։

Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ մի երկիրը կարողացել է կառուցել նոր աշխարհակարգը, ինչպես՝ Ֆրանսիան երեսնամյա պատերազմից հետո, կամ ԱՄՆ-ը Սառը Պատերազմից հետո, սակայն սրանք եղել են իրենց ժամանակաշրջանի գերհզոր երկրները, իսկ Ռուսաստանը հասկանում է, որ ինքը չունի նման ռազմական եւ տնտեսական հզորություն։ Ավելին, նրա համար էլ է ակնհայտ, որ չի ստացվում կառուցողական միջազգային ինստիտուտների եւ պոզիտիվ անվտանգության կանոնների ստեղծումը։ Դրա համար էլ Ռուսաստանն այս գործում հզոր դաշնակիցների փնտրտուքի մեջ է։ Աշխարհի հզոր տերություններից Չինաստանի եւ Հնդկաստանի հետ քաղաքական ալյանսների ստեղծումը հաջողության հասնելու միտումներ չեն ցուցադրում, կան էպիզոդիկ կապեր, որոնք ավելի շատ այս երկրների օգտին են։

Ռուսաստանի համար ավելի հեռանկարային է թվում Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը, ով տառապում  է նույն պրոբլեմների համալիրից՝ ժողովրդագրական եւ ժողովրդավարական ճգնաժամ, տնտեսության խորագույն խնդիրներ, եւ ով նույնպես փորձում է այս խնդիրները լուծել հիպերէքսպանսիայի միջոցով։

Ոչ պաշտոնական, քաղաքական մակարդակի վրա այս դաշինքի գոյությունն արդեն ակնհայտ է, եւ դեռեւս մշուշոտ է ուրվագծվում հեռահար ռազմավարական նպատակը, որը կարելի է դնել նոր աշխարհակարգի ուժի բալանսի հիմքում։ Դա ռուս-թուրքական դաշինքով մաքինդերական Hearthland-ին ամբողջապես տիրելն է՝ Ույղուրստանից սկսած, Սիբիրով, Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրներով մինչեւ Ադրբեջան, Թուրքիա եւ Էգեյան։ Դրա համար է ռուսական մասնագիտական եւ հրապարակախոսական մամուլում ակտիվացել գումիլյովյան ռուս-թյուրքական էթնիկ եղբայրության թեզիսը՝ տարբեր գեոպոլիտիկ արտածումներին զուգահեռ։ Ի դեպ, սրա կարեւոր արտահայտությունն էր Արցախը թուրքերին նվիրելը, իսկ հերթական կարեւոր քայլն է մնում Սյունիքով թուրանական միջանցքի կառուցումը։

Ինչ վերաբերում է ստրատեգիական առումով այս դաշինքին Իրանի միանալուն, ապա այն պրոբլեմատիկ է թվում, քանի որ ռուս-թուրանական ամբողջականացումը վնասում է նրա շահերին Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, հարվածում է այս պահին նրա համար ամենակարեւոր հիմնախնդրին՝ մեկուսացումից դուրս գալուն։ Բացի այդ, Իրանը լուրջ տարաձայնություններ ունի Թուրքիայի հետ Մերձավոր Արեւելքում, ու նաեւ՝ իսլամական աշխարհում առաջնորդություն ստանձնելու խնդրին։ Այս ամենից ելնելով՝ Թեհրանի զգուշավոր ռեժիմի համար ամենեւին էլ նպատակահարմար չէ միանալ ռուս-թուրքական overexpansion-ի ավանտյուրային։

Հայաստանի համար անվտանգության հիմնական պրոբլեմն այն է, մենք գտնվում ենք հենց այս դինամիկ երկրների խաչմերուկում, գեոպոլիտիկ ամենաթեժ հարվածների տակ։ Հայաստանի ղեկավարությունը չի կարողանում ադեկվատ արձագանքել այս մարտահրավերներին եւ մենք շարունակական կորուստներ ենք ունենում աշխարհաքաղաքական զարգացումների ամեն գալարում։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.01.2024

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031