«Ազատություն». Ղարաբաղյան հակամարտությունն ու Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանությունը՝ Հայաստանում անցած տարվա գերիշխող իրադարձություններ, HRW-ն (Human Rights Watch) է փաստում երեկ երեկոյան հրապարակած ամենամյա տարեկան զեկույցում:
Իրավապաշտպանները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան հարյուր հազար բնակչությունը լքել է իր տունը Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո, ինչին նախորդել է ամիսներ տևած շրջափակումը, որի հետևանքով տեղի բնակչությունը բախվել էր դեղորայքի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ ապրանքների, պարագաների սուր պակասի։
Հեղինակավոր կառույցը փաստում է, որ առհասարակ անցած տարին պատմության մեջ թերևս կնշանավորվի որպես մարդու իրավունքների ամենասուր ճգնաժամերով, որոնք ուղեկցվել են ողբերգական հետևանքներով։ Human Rights Watch-ը պնդում է՝ մեղավոր են համաշխարհային առաջնորդները, որոնք «չկարողացան կամ չցանկացան վճռական դիրքորոշում որդեգրել իրավունքների պաշտպանության հարցում` փոխարենը ներքաշվելով «գործարքային դիվանագիտության մեջ»։
Կազմակերպության ղեկավար Տիրանա Հասանի գնահատմամբ, 2023 թվականը նախորդ տարվա շարունակությունն էր ոչ միայն մարդու իրավունքների ճնշման և պատերազմի վայրագությունների, այլև ընտրովի արձագանքի քաղաքականության, գործարքների դիվանագիտության առումով, ինչի համար թանկ գին են վճարել նրանք, ովքեր հայտնվել էին հերթական «փաթեթում»:
Կարդացեք նաև
Կազմակերպությունը քննադատում է Միացյալ Նահանգների նախագահին, պնդելով, որ Ջո Բայդենը էական շահագրգռվածություն չցուցաբերեց մարդու իրավունքները ոտնահարողներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Կառույցի գնահատմամբ, Եվրամիությունն իր հերթին է երես թեքել մարդու իրավունքների պաշտպանության պարտավորություններից:
Իրավիճակը Հայաստանում
Վերլուծելով ներհայաստանյան իրավիճակը`HRW-ն մի շարք խնդիրներ է առանձնացրել՝ ոստիկանական, խոսքի ազատության, դատաիրավական ոլորտներում։
Խոսքի և տեղեկատվության ազատություն
Թեև Հայաստանում զրպարտությունն ապաքրեականացվել է, լրագրողներն ու լրատվամիջոցները, ըստ HRW-ի, շարունակում են թիրախավորվել ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից, որոնք քաղաքացիական հայցերով են մամուլի ներկայացուցիչներին ներքաշում դատական քաշքշուքների մեջ և սպառնում ծանր ֆինանսական տույժերով:
Իրավապաշտպանների տվյալներով՝ անցյալ տարի Հայաստանում լրատվամիջոցների զրպարտության ավելի քան երկու տասնյակ հայց է ներկայացվել։
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: