Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2018 թ.-ից հետո բանակի հանդեպ պատասխանատվությունն իջեցրին կենցաղային մակարդակի. Սեյրան Օհանյան. «Հրապարակ»

Հունվար 12,2024 10:34

Ըստ վիճակագրական տվյալների` բանակում մահերի թիվը խաղաղ պայմաններում վերջին տարիներին ոչ միայն չի պակասել, այլեւ ավելացել է: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով բանակում բարեփոխումներին, իրականում՝ «չարեփոխումներին», նշեց հետեւյալը. «Ինձ համար շատ դժվար ու ցավալի է, որ ինչ-որ մարդիկ առաջվա եւ այսօրվա բանակի միջեւ համեմատություններ են անում, որովհետեւ նախկին մեր մարտունակ եւ հաղթանակած բանակը ձեւավորվել էր ֆիդայական ջոկատներից: Մենք հաղթական բանակ էինք ստեղծել, ինչը հետագայում կորցրեց իր բոլոր արժեքները` մարտունակությունը, կարգապահությունը, իսկ պատերազմից հետո, երբ պարտություն արձանագրեց հայկական կողմը, պետությունը դանդաղ է վերականգնում իր մարտունակությունը: Ինչո՞ւ, որովհետեւ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ չի գնահատում իրավիճակն ու անվտանգության միջավայրը տարածաշրջանում: Դրանից ելնելով էլ չեն կարողանում որոշել, թե որն է առաջնահերթությունը: Ինչպես 2018 թվականից հետո բանակի հանդեպ պատասխանատվությունն իջեցրին կենցաղային մակարդակի, այնպես էլ հիմա են անում: Այս իշխանության համար բանակում փոքր բաները` իրերն ու պարագաներն են ամենակարեւորը, ավելի կարեւոր, քան երկրի անվտանգությունն ու ընդհանուր պաշտպանական համակարգը: Այս ամենը կարգապահության անկման արդյունք է: Կարգապահության անկման պատճառը, իմ վերլուծությամբ, երեքն են` բանակի նկատմամբ քաղաքականության մակարդակի իջեցումը: Բանակի հանդեպ վերաբերմունքն իշխանությունների համար կենցաղային մակարդակի է, մարդկային ռեսուրսների սխալ կառավարումը, կադրային քաղաքականության սխալ մոտեցումը եւ այլն: Այդ բոլոր սխալ քայլերի արդյունքում բանակում կարգապահություն չկա: Դրանից ելնելով էլ ենթարկվածության մակարդակն է նվազել: Այդ ամենին նպաստել է նաեւ երկրում տիրող իրավիճակը: Պատերազմի ժամանակ էլ, պատերազմից հետո էլ անկարգապահություն է ու անօրինություն: Պատերազմի ժամանակ էլ անկարգապահություն էր: Ոչ մի միջոց չձեռնարկվեց օրինականություն հաստատելու համար: Պատճառներից մեկն էլ ծառայության առանձնահատկություններն են` դժվար պայմանները, հերթապահությունը, անընդհատ դիրքերում եւ խրամատներում գտնվելու հանգամանքը, ինչու չէ՝ անձնակազմի անբավարար քանակը: Նորմալ՝ ժամանակին պետք է հերթափոխ կատարվի, պետք է հանգստանան բոլորը: Այդ ամենի բացակայությունը խախտվածություն է առաջացնում միջանձնային հարաբերություններում: Ընդ որում` թե՛ ուղղահայաց հրամանատար-ենթակա հարաբերություններում եւ թե՛ հորիզոնական` հավասար պաշտոններ, կոչումներ ունեցողների միջեւ: Կա նաեւ ինքնահաստատման խնդիր: Ընդհանուր առմամբ` միջանձնային հարաբերություններում նման իրավիճակների է հանգեցնում անհանդուրժողականությունը, որն արդյունքն է երկրում առկա արատավոր բարքերի: Բանակում արատավոր բարքեր ներմուծողը հասարակությունն է: Իզուր չէ, որ ասվում էր, թե բանակը հասարակության հայելին է: Առաջ ես արգելում էի նման արտահայտություն անել: Բանակը հասարակության հայելին է, դա կարծես արդարացում էր հրամանատարական կազմի համար, եւ ես դեմ էի նման արդարացումներին: Բանակում աշխատանքն այլ պետք է լիներ, բայց իրականում երկրում տիրող իրավիճակն ազդում է նաեւ բանակի վրա: Այն արատավոր բարքերը, որ կան մեր երկրում, պետք է վերացնի հասարակությունը: Ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից սկսած՝ պետք է աշխատեն այս խնդրի ուղղությամբ: Ինչ խոսք, իրավապահ ոլորտը եւս պետք է այս ուղղությամբ աշխատի: Այդ ամենի արդյունքում բանակը պետք է լինի վերջնական զտիչ օղակը: Բանակում սահմանափակ ու կաղապարված վիճակը, ծառայության առանձնահատկություններն ու հարաբերությունները պետք է հիմք հանդիսանան, որպեսզի բանակը ձեռնարկի առավել խստացված միջոցներ: Եվ եթե անգամ հանրության կողմից ինչ-ինչ արատավոր բարքեր են բանակ ներմուծվել, ապա բանակն անպայման պետք է այդ ուղղությամբ աշխատի եւ դրանց դեմ պայքարի: Եթե հրամանատարական կազմն իր տեղում է եւ աշխատանք է տանում, եթե նրանք գիտեն, թե ինչ բան է դաստիարակությունն ու ուսուցումը, ապա միասնականորեն կարող է խնդիրը լուծվել: Այն զորամասերում, որտեղ տարվում են այդ աշխատանքները, իրավիճակը նորմալ է, իսկ այնտեղ, որտեղ չեն աշխատում, կան բացթողումներ, հրամանատարները պահանջկոտ չեն, համակերպվել են, որ այդպես էլ պետք է լիներ, այդ զորամասերում արտակարգ պատահարները շարունակական են լինելու»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031