Շենգավիթի Սբ Սարգիս եկեղեցին գտնվել է ներկայիս Եղբայրության փողոցի N5 շենքի տեղում։ Նրա հարավային ճակատին կից կառուցված է փոքր սրբատեղի, որն էլ հիշատակ է մնացել միջնադարյան երբեմնի գործող եկեղեցուց։ Այդ շենքի տարեց բնակիչները դեռեւս հիշում են Սբ Սարգիս եկեղեցու մասունքները։
Ըստ հնագիտական պեղումների, Շենգավիթ հնավայրը բնակեցված է եղել դեռեւս 6000 տարի առաջ: Այն ընդգրկել է Երեւանյան լճի ձախ ափի բլրակն ու հարակից մասերը: Հնավայրի արեւելյան մասում, միջնադարում, գոյատեւել է Շենգավիթ բնակավայրը, որը առաջին անգամ հիշատակվում է 1213 թ. Կեչառիսի վանքի գավթի արձանագրությունում, ըստ որի իշխանաց իշխան Վաչե Վաչուտյանը վանքին նվիրաբերել է Շենգավիթից մի այգի: Վիմագրում Շենգավիթը նշված է որպես Վաչուտյանների գանձագին գյուղ: Այն հիշատակվում է նաեւ 13-րդ դարի առաջին կեսում (հավանաբար 1241թ. հետո), Սանահնի վանքի արձանագրությունում: Իսկ հետագայում, Շենգավիթը բազմիցս հիշատակվում է 17-րդ դարում: 1684 թ. տեղից մի խաղողի այգի եւ նրան մոտ գտնված ջրաղացը պատկանել են Աղջոց վանքին, իսկ մեկ խաղողի այգի էլ պատկանել է Բջնիի վանքին: Վերջինս 1714 թ. Շենգավիթում ունեցել է վարելահող, որը գնել է Բջնիի վանքի առաջնորդ Հովհաննես վարդապետը:
17-18-րդ դդ. Շենգավիթը մտել է Հավուց թառի Սբ Ամենափրկիչ վանքի թեմի մեջ, որը անուղղակիորեն վկայում է տեղում եկեղեցու առկայության մասին։ Եվ այդ եկեղեցին (Սբ Սարգիս) գտնվել է ներկայիս սրբատեղիի տեղում։
19-րդ դարի սկզբում Շենգավիթի տարածքում գոյատեւել են Վերին Շենգավիթ եւ Ներքին կամ Ստորին Շենգավիթ բնակավայրերը, որոնք իրարից հեռու էին մոտ մեկ կիլոմետրով: Վերին Շենգավիթը 1831թ. ունեցել է 438, 1897-ին՝ 126, 1915-ին՝ 109, 1926-ին՝ 410 բնակիչ, որոնց նախնիները Վերին Շենգավիթ էին գաղթել Ուրմիայից։ Նրանք հավանաբար վերանորոգում են եկեղեցին, որն արդեն 1833թ. հիշատակվում է։ Ըստ արխիվային վավերագրերի՝ այն անվանվել է Սբ Սարգիս։ Բնակիչները փետրվարի 20-ին խնդրագիր են ներկայացնում Սբ Էջմիածնի Սինոդին՝ քահանայի որդի, տիրացու, Վարդանին քահանա ձեռնադրելու իրենց եկեղեցու համար։
Կարդացեք նաև
Հինգ տարի անց՝ 1838թ. ապրիլին, Վերին Շենգավիթի եկեղեցին կողոպտվում է։ Մայիսի 13-ին Երեւանի վիճակային կոնսիստորիան Սինոդին տեղեկացնում է, որ «Վերին Շենգաւթայ յեղեցւոջ գողացեալ էին աւազակք մի հատ սկիհ արծաթեայ, որ է աւանդ Երեւանցի Տէր Յովակիմի որդի Յակովբի, մի հատ մասունք սրբոյ Գէորգայ, որ անձնական էր նոյն գեղջ Տէր Մարտիրոս քահանայի, մի հատ Աստուածաշունչ յԱշտարխանու, մի հատ սեղանի ծածկոց, չորս հատ սկւոյ քօղք, մի հատ գանձարան եւ քահանայի փիլօնն»: Եկեղեցին կողոպտվում է նաեւ 1843 թ. մարտին:
Սբ Սարգիս եկեղեցին 1858թ. վերանորոգվում է, որի ծախսը իր վրա է վերցնում շենգավիթաբնակ Խուդո Ղարիբջանյանը։ Նա մայիսի 9-ին խնդրագիր է ներկայացնում Երեւանի կոնսիստորիային. «Եկեղեցին մեր ըստ անցեալ միջոցեայ կարոտութեան մերոյ ծածկեալ էաք փայտեայ առաստաղիւ, այժմ աստուածատուր յաջողութեան ցանկամ պայծառացուցանել զՏաճար տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի միմիայն զսեղանն եւ զխորանն սրբատաշ քարամբք, իսկ մնացորդսն եւս նորացուցանել որպէս արժան է սեփհական ծախիւք իմով: Վասն որոյ ամենախոնարհօրէն խնդրեմ շնորհել զհրաման շինութեան եկեղեցւոյ այնմիկ, որոյ ծախսն ելանէ ընդ ամէնն երեք հարիւր մանեթս արծաթոյ, որոյ ստորագրեմ»: Այդ առթիվ հուլիսի 4-ին Երեւանի կոնսիստորիան դիմում է Սինոդին, խնդրելով «թոյլ տալոյ վերոգրեալ Ղարիբջանեանի ծախուք իւրովք նորոգելոյ զժամատունն Վերին Շէնգաւիթ գեղջ համաձայն սրբեռանդ ցանկութեան իւրոյ»: Սինոդը որոշում է. «Տալ վիճակային կոնսիստորիային հայոց զխնդրեալ լուծումն, վասն թոյլ տալոյ Խուդոյի Ղարիպջանեան նորոգել զեկեղեցին Շէնգաւիթ գեղջ իւրովք ծախուք, համաձայն ինքնայորդոր եւ ջերմեանդ ցանկութեան իւրոյ»:
1870թ. Վերին Շենգավիթի հասարակությունը Երեւան քաղաքի գործակալին խնդրագիր է ներկայացնում, իրենց եկեղեցու վախճանված Թեոդորոս քահանայի փոխարեն, սարկավագ Համբարձում Խաչատրյանին քահանա ձեռնադրելու համար: Իսկ 10 տարի անց՝ 1880թ., հասարակությունը խնդրագիր է ներկայացնում Արամուս գյուղի դպիր Խաչատուր Հովհաննիսյանին քահանա ձեռնադրելու համար։
1888թ. հունիսի 13-ին Սբ Սարգիս եկեղեցու ծխականները համախոսական թերթով խնդրագիր են ներկայացնում՝ Հովհաննես Ամիրխանյանցին Վերին Շենգավիթի եկեղեցու քահանա ձեռնադրելու համար։ Դեկտեմբերի 30-ին Սինոդը հրամայում է. «Որովհետեւ ըստ հաւաստութեան վիճակային կոնսիստորիային Հայոց Երեւանայ Վերին Շէնգաւիթ գեղջն բաղկանալով ի քսան եւ հինգ տանց չունի զսեպհական քահանայ եւ չորս աստիճանաւոր Գիւլակարակցի Յովհաննէսն Ամիրխանեանց արձակեայ ի հարկաց ընկալեալ ի հոգեւորականութիւն եւ առանձին ստորագրութեամբ պարտաւորեալ է մինչեւ ցմահ քահանայագործել ի Վերին Շէնգաւիթ գեղջ, որ եւ ի հարցաքննութեան երեւեալ է ընդունակ ի քահանայութեան արժան գիտելիս, վասն որոյ յանձնել վերածել զնա յաստիճան քահանայութեան ի վերայ եկեղեցեացն այնր գեղջ»։
Վերին Շենգավիթի եկեղեցին, որը տեղացիների պատմելով եղել է մեծ աղոթասրահ, զանգակատնով, գոյատեւում է մինչեւ 1930-ական թվականների կեսերը եւ ոչնչացվում (պայթեցվում) է։ Եկեղեցու սրբատաշ քարերը տարվում են ոչ շատ հեռու եւ կառուցվում է կենցաղսպասարկման պահեստ։ Ականատեսները պատմում են, որ այդ սրբատաշ, մուգ տուֆաքարերի վրա եղել են փորածո խաչեր։ Իսկ եկեղեցու շրջակայքում եղել է հոգեւորականների փոքր գերեզմանոց։ Այդ տապանաքարերից մի քանիսը պահպանվել էին մինչեւ 1970թ.՝ բնակելի շենքի կառուցումը։ Իսկ ոմանք նույնիսկ, շենքի կառուցման ժամանակ, իրենց հանգուցյալներին տեղափոխում են Երեւանի այլ գերեզմանոցներ։ Սբ Սարգիս եկեղեցու կործանումից հետո, պահպանվում է փոքր հատված, որն էլ շարունակում է մնալ պաշտամունքի վայր։ Այդ էլ քանդում են 1970թ., տեղում 5 հարկանի բնակելի շենք կառուցելու պատճառով։ Եվ եկեղեցու մի մասը ընկնում է շենքի հվ ճակատի տակ։ 1990-ական թթ. սկզբին բնակիչները սրբատեղի են պատրաստում այդ շենքի հվ ճակատին կից, որտեղ եւ տեղադրվում է խաչքար։ Այն նույնպես անվանվում է նախկին եկեղեցու՝ Սբ Սարգսի անունով։
ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող
Լուսանկարում՝ Շենգավիթի Սբ Սարգիս սրբատեղին
«Առավոտ» օրաթերթ
11.01.2024