Անտեսվել է Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությունը, եւ դեռեւս պարզված չէ կողմերի շահագրգռվածությունների բնույթը
Վարչապետը 2023թ. դեկտեմբերի 8-ի «Քաղաքացիական պայմանագրի» նիստում Արցախը հայաթափելու առնչությամբ հայտարարել է. «Մենք ուղղակի երեսուն տարի ժամանակ ենք վատնել ու մեր ժամանակը ու ռեսուրսները ծախսել ենք խնդրի վրա, որը ի սկզբանե անլուծելի էր: Մեզ հիմա մեղադրում են, թե դուք ասացիք հետամուտ կլինենք ԼՂ-ի ինքնորոշման իրավունքին ու հետամուտ չեղաք… «ինքնորոշման իրավունք» տերմինը միջազգային հանրությունն է ստեղծել, մենք չենք ստեղծել, միջազգային հանրությունը 1996թ. դեկտեմբերի 6-ին Լիսաբոնի գագաթնաժողովում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ըստ էության մեզ ասել էր հետեւյալը. «Ինքնորոշման իրավունքի ձեր նշաձողը կարող է լինել ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում»: Ես ինձ մեղավոր եմ համարում այդ խոսակցությունը չտանելու համար»: Այդ միտքը նա պնդեց նաեւ դեկտեմբերի 20-ին Ղազարյանի հետ հեռուստահարցազրույցի ժամանակ:
Փորձենք դիտարկել Լիսաբոնի Հռչակագրի էությունը, ինչպես նաեւ Արցախի ինքնորոշման եւ կարգավիճակի վերաբերյալ դրույթները:
Այսպես, Հռչակագրի 1-ին կետում ասված է, որ մենք՝ Եվրոպայի անվտանգության եւ Համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների գլուխները հավաքվել ենք Լիսաբոնում գնահատական տալու ԵԱՀԿ տիրույթում իրավիճակին ռւ նոր հիմքեր ստեղծելու ընդհանուր անվտանգություն ձեւավորելու համար նոր հարյուրամյակին ընդառաջ:
Կարդացեք նաև
Հակիրճ ասած, Լիսաբոնի հռչակագիրը վերաբերում է 21-րդ դարում Եվրոպայի անվտանգության մոդելին, եւ այդ պատճառով հաճախ նրան անվանել են «Եվրոպայի համերգ» կամ՝ «ՆԱՏՕ-ի ընդլայնման գագաթնաժողով»: Գագաթնաժողովը ԵԱՀԿ պետությունների անվտանգության հիմնարար խնդիրների հետ անդրադարձել է նաեւ համընդհանուր հարցերի: Օրինակ, դատապարտել է էթնիկ զտումների եւ բնակչության բռնի տեղահանման քաղաքականությունը: Բոսնիա-Հերցեգովինայում, Հարավսլավիայում, Վրաստանում ծագած անջատողական հենքով հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ այլն:
Լիսաբոնի գագաթնաժողվի 1996թ. փաստաթղթի ողջ էությունը եւ պատմությունն այս է: Եվ այդ հռչակագրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որեւէ դրույթներ չկան: Հետեւաբար, Նիկոլ Փաշինյանի արտաբերումը, թե իբր գագաթնաժողովը քննարկումների արդյունքում մեզ ասել է՝ ինքնորոշման իրավունքի ձեւի բարձրագույն նշաձողը կարող է լինել ինքնավար կարգավիճակն Ադրբեջանի կազմում, ակնհայտ սուտ է: Իմիջիայլոց, Լիսաբոնի գագաթնաժողովը չէր էլ կարող ԼՂ-ի կարգավիճակի վերաբերյալ հռչակագիր կամ հայտարարություն ընդունել, որովհետեւ միջազգային հանրությունը հիշյալ խնդիրը կարգավորելու համար 1992թ. ստեղծել էր մեկ այլ գագաթնաժողով՝ ԵԱՀԿ Մինսկի ձեւաչափը:
Անդրադառնանք նաեւ Լիսաբոնի գագաթնաժողովում ԼՂ խնդրի վերաբերյալ վիճահարույց հարցերին:
Փաստաթղթի նախագծի 20-րդ կետում զետեղված է եղել Ադրբեջանի կազմում ԼՂ-ի ամենաբարձր աստիճանի՝ ինքնավարության ապահովումը Ադրբեջանի ներկայացրած տարբերակը կամ սկզբունքը: Հայկական կողմն առարկել է դրա դեմ, իսկ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կիրառել է ՎԵՏՈ-ի իրավունքը, որի հիմքով տարբերակը հանվել է նախագծից եւ քննարկումներից:
Լեւոն Տեր-Պետրոսյանը գագաթնաժողովում իր ելույթում հատկապես նշել է. «Հակամարտությունն Ադրբեջանի տարբերակի հիման վրա լուծելու դեպքում ցեղասպանության եւ բռնի արտաքսման մշտական սպառնալիքը կախված կլինի ԼՂ-ի բնակչության վրա: 1988թ. փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին՝ Կիրովաբադում, եւ 89 հունվարին՝ Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի փորձը, ինչպես նաեւ 1991թ. մայիսին եւ հունիսին քսանչորս գյուղերում արտաքսման փորձն ակնհայտորեն վկայում է, որ չնայած բոլոր հավաստումներին, Ադրբեջանը չի կարող ապահովել ԼՂ բնակչության անվտանգությունը: Այդ պատճառով մենք հայտնում ենք, որ նոր ողբերգության բացառման միակ հնարավորությունը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգելն է»:
Լիսաբոնի գագաթնաժողովի քննարկումների վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակ Վաֆա Գուլիզադեն գրել է. «Ադրբեջանը Հայաստանի քմահաճույքների պատճառով միջազգային հանրությունը ի զորու չէր ԵԱՀԿ գագաթնաժողովին իր փաստաթղթում ճանաչել անգամ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, էլ չենք ասում Կարաբախի Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչմանը»:
Իրավ, թուրք-ադրբեջանական դաշինքը չկարողացավ, քանզի մեր պետության գլուխը պետական-քաղաքական հմուտ գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ գրագետ ձեւով խափանել ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի դեմ ոտնձգությունը եւ կանխել վերահաս ողբերգությունը:
Սակայն, ավելի քան քսանյոթ տարի անց հայտնվեց ոմն ապստամբ՝ Նիկոլ Փաշինյանը, ով արհամարհելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ ԼՂ-ի խնդիրը կարգավորելու համար ստեղծված միջազգային կառույցի՝ ՄԻՆՍԿԻ ձեւաչափի գոյությունը եւ ջանքերը, անցնելով ՀՀ սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմանը (152-րդ հոդված), ինքնակամ եւ թեթեւամտորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը եւ նույն ԵԱՀԿ ամբիոնից հայտարարեց Հայաստանի Հանրապետության անունից: Այս ազգադավ գործողությունների կամ թշնամուն օժանդակելու պատճառով վրա հասան հայտնի ողբերգությունները. Արցախի բնակչության բռնի տեղահանումը կամ՝ ցեղասպանությունը:
Եվ այսպես կորսվեց հազարամյակների պատմություն ունեցող հայկական Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը, որի անկոտրում եւ տոկուն ժողովուրդը դարերի ընթացքում, նաեւ տարբեր կայսրությունների տիրապետության տակ գտնվելիս, պաշտպանել էր իր ինքնությունը եւ հավատքը:
Այդ երկիրը պարսկական տիրապետության օրոք կոչվել է «Ղարաբաղի խանություն» որը 1813թ. հոկտեմբերի 12-ի «Գյուլիստանի (Ղարաբաղի) ռուս-պարսկական խաղաղության պայմանագրով Ղարաբաղի խանությունը Վրաստանի, Աբխազիայի, Մենգրելիայի, Դաղստանի, ինչպես նաեւ Շիրվանի, Դերբենտի, Բաքվի, Թալիշի եւ այլ խանությունների հետ անցել է ռուսական կայսրության կազմ:
Տարբեր ազգաբնակչությամբ այդ տարածքները կամ Հյուսիսային Կովկասը 1867-ին բաժանվել է հինգ գուբեռնիայի: Ղարաբաղի խանությունը ներառվել է Ելիզավետպոլի գուբեռնիայում:
Ղարաբաղի խանությունը խորհրդային տարիներին
Ռուսաստանում 1917 թվի հեղափոխությունից հետո հեղափոխականներ, Ռուսաստանի առաջնորդ Լենինի եւ Թուրքիայի առաջնորդ Աթաթուրքի պայմանավորվածության համաձայն՝ 1918թ.-ին ինքնահռչակվել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը՝ տիրապետելով Բաքվի եւ Ելիզավետպոլի գուբեռնիայի եւ 1920թ.-ին մտել Խորհրդային Ռուսաստանի կազմ: Հայաստանը նույն թվականին նույնպես մտել է Խորհրդրային Ռուսաստանի կազմ:
1921 թվականի հունիսի 4-ին Կովկասի բոլշեւիկյան բյուրոն որոշում է ընդունել 94 տոկոս հայ ազգաբնակչությամբ Ղարաբաղը տալ Հայաստանին: Սակայն հունիսի հինգին Բյուրոյի պլենումը վերացրել է այդ որոշումը եւ Ղարաբաղը թողել Ադրբեջանի ենթակայության տակ:
1923 թվականին կազմավորվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում: 1988 թ. փետրվարին ԼՂ ժողովուրդը իրացնելով իր ինքնորոշման իրավունքը՝ դուրս է եկել Ադրբեջանի կազմից եւ հռչակվել է անկախ պետություն՝ Արցախի Հանրապետություն:
2022թ. Պրահայի հայ-ադրբեջանական համաձայնագիրը եւ հետեւանքները
Ղարաբաղի ողջ պատմության մեջ Պրահայի համաձայնագիրն առաջինն է, երբ հայկական կողմը կամ պետության գլուխը ճանաչել է Ադրբեջանի կամ որեւէ այլ պետության մաս: Այդ փաստաթուղթը, որի հեղինակներն են Ալիեւը եւ Փաշինյանը, զուրկ է իրավական հիմքերից, որովհետեւ անտեսվել է Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի կամարտահայտությունը, եւ դեռեւս պարզված չէ կողմերի շահագրգռվածությունների բնույթը: Ինքնակամ այդ համաձայնագիրը Ղարաբաղի խնդիրը դարձրեց Ադրբեջանի ներքին գործը, որի պատճառով վրա հասան հայտնի, ծանր հետեւանքները:
Այժմ փաստացի Ղարաբաղի Հանրապետությունը գոյություն չունի, լուծարվել են նրա քաղաքական համակարգը եւ ենթակառուցվածքները, իսկ տարածքը՝ հայաթափվել է:
Իմ կարծիքով, հարցի քաղաքական լուծումը սպառված չէ
1.Գյուլիստանի 1813թ. ռուս-պարսկական միջազգայնորեն ճանաչված «Խաղաղության պայմանագիրը» չի վերացվել, հետեւաբար, ցարական Ռուսաստանի տապալումից եւ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, նրանց օրինական իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությունը կարող է պաշտպանել Ղարաբաղը:
Պայմանագիրը ստորագրել են ռուսական կողմից՝ գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Ռտիշչեւը, պարսկական կողմից՝ միրզա Աբաս-Հասան-Խանը):
2.Բացի այդ, Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության ժողովուրդն ազատ ինքնորոշման իրավունքի իրացումով կարող է հարց բարձրացնել Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու մասին (Ռուսաստանի սահմանադրությամբ կա նման կարգ): Օրինակ, Գյուլիստանի պայմանագրով, Ռուսաստանի կայսրության կազմ անցած Դաղստանը մինչ օրս ՌԴ կազմում է, ֆեդերալ հիմունքներով, Աբխազիան եւ Օսեթիան ԽՍՀՄ փլուզումից հետո անջատվելով Վրաստանից, նորից հանրաքվեի միջոցով մտան Ռուսաստանի կազմ:
3.Ադրբեջանի հանցավոր ռեժիմի կողմից Արցախի կամ Ղարաբաղի ժողովրդի դեմ գործած բռնի տեղահանման ու ցեղասպանության առնչությամբ ՀՀ-ն պետք է նախաձեռնի քրեական վարույթ եւ փաթեթը ներկայացնի Հաագայի միջազգային քրեական դատարան: Հանցավորներին պատիժ նշանակելիս, դատարանը կարող է անդրադառնալ Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու հարցին: Սպասենք «Խաղաղության պայմանագրին» կամ՝ նոր ողբերգությանը:
Արամ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Իրավաբան
«Առավոտ» օրաթերթ
11.01.2024