Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չկա

Հունվար 12,2024 12:00

Հայաստանի իշխանությունը պաշտոնապես դա արձանագրեց, սակայն պարզ չէ, թե Բաքվի առջեւ Երեւանը պահանջներ դնո՞ւմ է խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրումից առաջ

«Մոսկովյան բանակցությունների հիմքում ընկած է եղել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Սեպտեմբերի 19-ից սկսած Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում: Մենք մինչեւ այժմ որեւէ բացատրություն չենք ստացել, թե Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությամբ ինչպես է տեղի ունեցել էթնիկ զտումը ԼՂ-ում»,- «Առաջին ալիքի» եթերում օրերս արձանագրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ապա նա հավելել է. «Հիմա չկա նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ԼՂ-ում հայ չկա, ԼՂ-ում էթնիկ զտում է տեղի ունեցել, եւ ՌԴ-ն մեզ որեւէ բացատրություն չի տվել այս առումով»: Դիտարկմանը, որ եռակողմ հայտարարության կողմերից որեւէ մեկը ստորագրությունը հետ չի վերցրել, Արմեն Գրիգորյանը հակադարձել է. «Ոչ ոք ստորագրությունը հետ չի վերցրել, բայց այլեւս հայ չի մնացել Լեռնային Ղարաբաղում»։

Նշյալ հայտարարությունը Երեւանից հնչեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սանկտ Պետերբուրգ կատարած այցից 2 շաբաթ անց: Հիշեցնենք, նա դեկտեմբերի վերջին մասնակցեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին եւ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Ընդլայնված կազմով նիստում Փաշինյանը հանդես եկավ ելույթով, որում, մասնավորապես, նշեց. «Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ, որի հիմքում այն բազային հիմնադրույթն է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական եւ, առավել եւս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել եւ հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ ԵԱՏՄ-ն եւ նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ։ Առեւտրի եւ ինտեգրման հիմնարար ազատությունները չեն կարող եւ չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով, դա միանշանակ կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի»։

Խոսելով դաշինքում խնդիրների մասին` Փաշինյանը նկատեց, որ Միության երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ եւ տնտեսական ծախսեր է ստեղծում Հայաստանի համար. «Սա մարտահրավեր է Հայաստանի համար, բայց միեւնույն ժամանակ բացառիկ հնարավորություն ԵԱՏՄ-ի համար։ Եթե մեզ հաջողվի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ապահովել տրանսպորտի, տարանցման եւ վարչարարության անխափանությունը, մենք կունենանք ԵԱՏՄ հարաբերությունները շահագրգիռ երրորդ երկրների հետ զարգացնելու բացառիկ հնարավորություն»։

Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սանկտ Պետերբուրգում քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը. «ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձեւաչափով»։

Նկատենք, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողություններից հետո սա Փաշինյանի ու Ալիեւի առաջին հանդիպումն էր։ Նրանք վերջին անգամ հանդիպել էին հուլիսին եվրոպական միջնորդությամբ, իսկ նոյեմբերին Գրանադայում ծրագրված բանակցությունները, ինչպես նաեւ` Բրյուսելի հանդիպումը, Ալիեւը տապալեց: Տեղի չունեցան նաեւ արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները:

Ռուսաստանի նախագահի խոսնակն իր հերթին նշել է, որ թե Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական, ոտքի վրա զրույց են ունեցել. «Նրանք չեն բանակցել, բայց այդօրինակ միջոցառումները, այդ թվում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, լավ հնարավորություն են ոտքի վրա շփումների համար, ինչը եւ եղել է այս անգամ»։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ Փաշինյան-Ալիեւ սանկտպետերբուրգյան ոչ պաշտոնական շփումից հետո որեւէ կոնկրետ տեղեկություն չհաղորդեց։ Նկատենք, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքն առհասարակ այդ զրույցի մասին տեղեկություն չհաղորդեց։

Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Երեւանը պատրաստ է Ադրբեջանի հետ շարունակել բանակցությունները ոչ միայն երկկողմ, այլեւ` վաշինգտոնյան հարթակում: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի արձանագրումը նոյեմբերի 9-ի փաստաթղթի չգոյության մասին արդյո՞ք նշանակում է, որ պաշտոնական Երեւանը կարող է պահանջներ դնել Բաքվի առջեւ, օրինակ, մինչեւ նոր փաստաթղթի հնարավոր ընդունումը` գերիների վերադարձի, զորքերի հետքաշման վերաբերյալ: ՀՀ իշխանություններն ունա՞կ են հասնելու դրան:

Չնայած Փաշինյանի որոշմանը` մեկնել Սանկտ Պետերբուրգ, առանձնապես չմեղմվեց Մոսկվայից Հայաստանի ուղղությամբ քննադատությունը: Պարբերական սպառնալիքների հերթական չափաբաժինը ստացանք անմիջապես Փաշինյանի վերադարձից հետո:

Նախ` ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նկատեց, թե Արեւմուտքն անտարբեր է հայ բնակչության ճակատագրի հանդեպ, իսկ ՌԴ-ի համար Հայաստանի բարգավաճումը շատ կարեւոր նշանակություն ունի. «Անցնող տարին բարդ էր շատ երկրների եւ աշխարհի շատ ժողովուրդների համար։ Այն բարդ էր նաեւ Հայաստանի, մեզ բարեկամ ժողովրդի համար։ Մենք ամենատարբեր փորձեր ենք տեսնում՝ Երեւանին ներքաշելու ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Մենք տեսնում ենք, որ Արեւմուտքը բացարձակապես անտարբեր է հայ բնակչության ճակատագրի, Հայաստանի ժողովրդի հանդեպ։ Նրանց զգացումները, նրանց պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքը նրանք օգտագործում են բացառապես սեփական շահերի համար»: Միաժամանակ նա հավելեց, թե հաշվի առնելով հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ ՌԴ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղությանը, Հայաստանի կայունությանն ու բարգավաճմանը. «Մեզ համար դա իսկապես կարեւորագույն նշանակություն ունի»։ «Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Նախադրյալներ կան նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատելու համար», – ընդգծել էր Զախարովան:

Ի դեպ, սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահականի աղբյուրները «Կոմերսանտ»-ին հայտնել էին, թե կողմերն ակնկալում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնել Ամանորից մի փոքր անց:

Դեկտեմբերի 28-ին հրապարկվեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը ՏԱՍՍ-ին, որն արձանագրեց, թե Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում, քաղաքական կամքի դեպքում դրանք կհաղթահարվեն, ապա շեշտեց` «հենց ռուս-հայկական կապերի կայուն եւ համակարգված զարգացումն է, որը համապատասխանում է երկու պետությունների ժողովուրդների հիմնարար շահերին»։

Ըստ Լավրովի` «Հայաստանն այժմ կանգնած է մի շարք մարտահրավերների առջեւ, որոնք հնարավոր չէ հաղթահարել արեւմտյան խաղացողների օգնությամբ»: ՌԴ ԱԳ նախարարը Արեւմուտքին կրկին մեղադրեց Հարավային Կովկասից Մոսկվային դուրս թողնելու փորձերի մեջ. «Արեւմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն եւ կայունություն բերել Հայաստանին եւ ամբողջ Հարավային Կովկասին, նրանց խնդիրն է դուրս մղել Մոսկվային: ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն եւ կայունություն հաստատել հանրապետությունում եւ Հարավային Կովկասում։ Նրանց խնդիրը բոլորովին այլ է՝ դուրս մղել Մոսկվային եւ տարածաշրջանային մյուս ուժերին, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկաններից, Մերձավոր Արեւելքից եւ Ուկրաինայից հետո»։ Ըստ Լավրովի՝ «այս բարդ իրավիճակից ելքը ակնհայտ է՝ ամենաբարձր մակարդակով իրականացնել Երեւանի, Բաքվի եւ Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները»։

Ավելին, Լավրովը հստակ պահանջ ներկայացրեց ՀՀ իշխանություններին, ասելով, որ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանում գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ երկխոսության խորացման պատճառով ազգային պաշտպանության եւ անվտանգության ոլորտում պետական ինքնիշխանության կորստի սպառնալիքը: «Հուսով եմ` Երեւանը գիտակցում է, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնելու է ինքնիշխանության կորստի ազգային պաշտպանության եւ անվտանգության ոլորտում»,- հայտարարեց Լավրովը:

Ընդգծելով, որ այս տարի Հայաստանը դաշինքի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների, շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, եւ նրա զինվորականները վերապատրաստումներ են անցնում Հյուսիսատլանտյան բլոկի մի շարք երկրներում՝ Լավրովն ասել է՝ սա չի կարող Մոսկվային չանհանգստացնել. «Մենք բազմիցս հրավիրել ենք մեր հայ գործընկերների ուշադրությունը, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելն է եւ «բաժանիր, որ տիրես» սխեմայի համաձայն մանիպուլյացիաների համար պայմաններ ստեղծելը»։

Նկատենք, որ Լավրովի զգուշացումից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան էր կարծիք հայտնել, թե Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը եւ իրեն հեռու պահել Մոսկվայի հետ հարաբերություններում։ Խոսելով ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական վեկտորի մասին, վրացական «Առաջին ալիքին» տված հարցազրույցում նա ասել էր. «Կարծում եմ՝ Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը՝ Մոսկվայից որոշակի հեռավորություն պահելու համար։ Դա մի բան է, որը մենք խրախուսել ենք: Հայերն ազատ են իրենց որոշումներն ընդունելու հարցում: Նրանք որոշել են դա անել, եւ ես կարծում եմ, որ նրանք արդեն սկսում են մերձենալ մեզ հետ. խնդրում են ավելի շատ համագործակցություն, խնդրում են ավելի շատ քաղաքական երկխոսություն, ավելի շատ ՆԱՏՕ-ի ներկայություն եւ տեսանելիություն մեզ հետ ունեցած հարաբերություններում: Մենք խրախուսում ենք այն ամենը, ինչ կորոշվի մեր գործընկերների կողմից, որը, մեր կարծիքով, լավ է տարածաշրջանի կայունության համար: Դա մեզ համար շատ կարեւոր է»։

Լավրովը նաեւ հարկ էր համարել հիշեցնել՝ Հայաստանը եղել եւ մնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Ինչ վերաբերում է ՀՀ-ում տեղակայման ռուսական ռազմաբազային, ապա նա ասել էր. «Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղադրման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները վնասակար ենք համարում: Այնտեղ դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995թ. մարտի 16-ին՝ հիմնվելով առաջին հերթին ազգային շահերի եւ Հարավային Կովկասում կայունության ամրապնդման մեր պետությունների ընդհանուր նպատակի վրա»:

Թեեւ պաշտոնական Երեւանը տարբեր մակարդակներով բազմաթիվ դժգոհություններ է հայտնել ՀԱՊԿ-ից, հստակ հայտարարում է, որ Մոսկվան ձախողել է դաշնակցային պարտավորությունները Հայաստան ադրբեջանական ներխուժումների, Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հաստատման ժամանակ, սակայն ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններից, այնուամենայնիվ, շարունակում է զերծ մնալ։ Փաշինյանն էլ ասել է, որ Հայաստանը դեպի Արեւմուտք վեկտոր չի փոխում։ 2024թ. հունվարի 1-ից Հայաստանը ստանձնեց նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում:

Իսկ թե ո՞ւմ միջնորդությամբ են պատրաստվում շարունակել բանակցությունները Երեւանն ու Բաքուն, առայժմ հստակ չէ: Մոսկվայից շարունակ հիշեցնում են, թե միակ ճիշտ ճանապարհը ռուսական միջնորդությունն է, եւ նախազգուշացնում են Երեւանին` Արեւմուտքի, առավել եւս` ՆԱՏՕ-ի հետ մերձեցման վտանգների մասին, հստակ սպառնալով, որ դա հանգեցնելու է` «ազգային պաշտպանության եւ անվտանգության ոլորտում պետական ինքնիշխանության կորստի»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031